
Այսօր թիվ 10 ընտրատարածքում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն: Հիշեցնենք, որ առաջադրված է երեք թեկնածու` Նիկոլ Փաշինյանը (անկուսակցական), Արա Սիմոնյանը («Ազգային միաբանություն» կուսակցություն) և Դավիթ Հակոբյանը (Հայաստանի մարքսիստական կուսակցություն):
Թիվ 10/21 ընտրատեղամասում այս պահի դրությամբ 5 քաղաքացի է ընտրել: Ընտրության առաջին ժամվա ընթացքում` 8:00-ից 9:00-ն, ընտրատեղամասում ընտրել է 2 հոգի:
Թիվ 10/21 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աննա Չիչոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ընտրատեղամասում իրենց հատկացված ընտրացուցակների ընդհանուր թվով 1905 ընտրող կա:
Այս ընտրատեղամասում բոլոր երեք թեկնածուներն էլ ունեն իրենց վստահված անձինք: Ընտրատեղամասում գտնվող դիտորդներից Արտակ Խաչատրյանը («Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հ/կ) «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր մոտ մեկ ժամ գտնվել է նաև թիվ 10/9 տեղամասում, որտեղ ընտրողները ևս շատ քիչ են եղել: Նա ծրագրում է մինչև օրվա վերջ մնալ 10/21 ընտրատեղամասում, եթե այլ տեղերից ահազանգեր չլինեն: «Այլ տեղամասերում կոպիտ խախտումներ կամ թեժ իրավիճակ» լինելու դեպքում նա ծրագրում է գնալ այնտեղ և տեղում արձանագրել իրավիճակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել