
«Ընտրությունները հիմնականում նորմալ են ընթանում, բայց 10/18 եւ 10/19 ընտրատեղամասերում լարվածություն կա, ուզում են բերել ուրիշի փոխարեն քվեարկելու: Այս պահին ես այստեղ եմ գտնվում, թե ինչ են ուզում անել` չեմ հասկանում, բայց իմ ներկայությունը իրենց ծրագրերը խափանեց»,- «Հետքին» ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Զոյա Թադեւոսյանը: Նրա խոսքով` հանձնաժողովի նախագահները համագործակցում են թաղային հեղինակությունների հետ:
«Հենց նոր ինձ զանգահարեցին եւ ասացին, որ թիվ 10/8 ընտրատեղամասում խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: Արա Սիմոնյանի վստահված անձը շատ ահնդուգն է իրեն պահում: Հենց ընտրատեղամասից զանգահարում է քաղաքացիներին եւ ասում` եկեք ընտրության, դրա իրավունքը չունի, դա դիտվում է որպես քարոզչություն»,- տեղեկացնում է Զոյա Թադեւոսյանը:
Իսկ թիվ 15 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում ԿԸՀ-ի անդամը սեւազգեստ տղաների կուտակում է նկատել: «Այնտեղ ժամը 12-ի դրությամբ արդեն 150 մարդ էր քվեարկել, ինչը համեմատած մյուս ընտրատեղամասերի հետ` անհավանական թիվ է: Այսինքն` կամ մարդկանց բերել են ընտրության կամ ուրիշի փոխարեն են ընտրել»,- ասում է Զոյա Թադեւոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել