HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վստահված անձինք արձանագրում են ընտրողների պասիվություն

Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Կառլեն Ալեքսանյանը Լ. Շանթի անվ. դպրոցում տեղակայված թիվ 10/21 ընտրատարածում անցկացվող ընտրությունները ժամը 11:00-ի դրությամբ գնահատում է նորմալ: Այնուամենայնիվ, մինչ տեղամասի բացվելը օրենքից որոշակի շեղումներ են եղել: Կառլեն Ալեքսանյանը «Հետքին» ասաց, որ տեղամասի ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստը պետք է սկսվեր ժամը 7:00-ին, սակայն սկսվել է 7:30-ին: «Մեկնաբանեցին, որ «հանձնաժողովի մի անդամը ուշանում է, սպասում են` մինչև նա գա, որպեսզի վիճակահանությանը բոլորը մասնակցեն», բայց միևնույն է` օրենքը պահանջում է, որ ժամը 7:00-ին նիստը սկսվի: Հետո իրենք իրենց մոտ արձանագրեցին, որ ժամը 7-ին է սկսվել: Հանձնաժողովը ինքն էլ գնահատեց, որ «որպեսզի չհամարվի` մենք օրենքից շեղվել ենք, արձանագրենք. որևիցե սկզբունքային խնդիր այդտեղ չկա»: Ես էլ համարում եմ, որ սկզբունքորեն ինչ-որ մեծ իրադարձություն չի եղել, բայց շեղումը կա»,- ասաց Կառլեն Ալեքսանյանը: Խախտումներ են եղել նաև այդ նիստին անցկացված վիճակահանության ընթացքում: Վիճակահանությամբ որոշվում է, թե հանձանաժողովի անդամներից ով ինչ աշխատանք պետք է կատարի ընտրությունների ժամանակ (գրանցամատյաններ, քվեաթերթիկներ, քվեատուփ և այլն): Ամբողջ օրվա համար արվում է 6 վիճակահանություն, որի միջոցով որոշվում է, թե 2 ժամը մեկ հանձաժողովի որ անդամն է մյուսին փոխարինելու տվյալ աշխատանքը կատարելիս: «Պատճառաբանելով, որ «չկա արկղ, չկա գլխարկ, որի մեջ կարելի է լցնել վիճակահանության թերթիկները ու հանել», հանձնաժողովի անդամները սփռեցին սեղանի վրա, որի հետևանքով ստացվեց, որ գրանցամատյանների ու քվեաթերթիկների մոտ նստող անձինք մի քանի հերթափոխով կրկնվում են, որը անցանկալի բան է. ճիշտ կլիներ, որ հերթով փոխարինեին: Թղթերը ծալված, սեղանի վրա լցված էին, բայց հերիք է մի անգամ վերցնես, այդ թուղթն իր ծալվածքով, իր տեսքով արդեն ճանաչելի է դառնում, վերցնում էին այն, ինչ ուզում էին վերցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանի վստահված անձը: Ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Չիչոյանը սրա առթիվ «Հետքին» ասաց, որ իրենք ուղղակի տուփ չեն ունեցել` վիճակահանությունն անելու համար: «Դրա համար ուղղակի խառնել են, այդ միջոցով ենք արել վիճակահանությունը: Իսկ վիճակահանություն, ընդհանուր առմամբ, որպես այդպիսին կատարվել է: Ուզում եմ ասել` այնպես չի, որ ամեն մեկը որոշել է` որը վերցնի»: Աննա Չիչոյանն ասաց, որ ժամը 12:00-ի դրությամբ բացարձակապես որևէ խախտում չի արձանագրվել: Նա հույս հայտնեց, որ օրվա երկրորդ կեսին ընտրողների հոսքը կավելանա: Կառլեն Ալեքսյանյանը  նշեց, որ ընտրողները ակտիվ չեն` անգամ եթե հաշվի առնենք, որ ցուրտ է, կիրակի է, մարդիկ ուզում են հանգստանալ տոներից հետո: «Եթե հաշվի առնենք, որ մոտ 2000 ընտրող են, եթե համամասնորեն էլ չբաշխենք, ասենք գոնե պետք է 3 ժամվա ընթացքում մոտ 300 ընտրող գար` ամենասեղմ, համեստ գնահատականով: Բայց ընդամենը 25-26 հոգի են եկել. այս առումով գնահատում եմ, որ պասիվություն կա: Հուսանք, որ հետո ավելի շատ կլինեն»,- ասաց Կառլեն Ալեքսանյանը: Դավիթ Հակոբյանի վստահված անձ Մարիամ Եզակյանը ևս թիվ 10/21 ընտրատեղամասում ընտրությունները նորմալ գնահատեց ժամը 12:00-ի դրությամբ: Նա որևէ խախտում չի նկատել: Մարիամ Եզակյանը ևս գոհ չէր ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունից, և հույս հայտնեց, որ նրանց հոսքը կավելանա: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինքը Ալեք Մանուկյան փողոցի երկայնքով կանգնած գազելներ նկատե՞լ է` Մարիամ Եզակյանը պատասխանեց. «Ես նոր պատուհանից մի կապույտ գազել նկատեցի, բայց ում թեկնածուի օգտին էր, ասենք ընտրողներ բերում, ես դա չեմ կարող ասել: Նկատելը նկատել եմ: Եթե տեսած լինեմ, ամենայն լրջությամբ Ձեզ ասում եմ` ոչինչ չունեմ վախենալու` ես անպայման կարձագանքեի Ձեր ասածին: Բայց չեմ նկատել»: Իսկ հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընտրողներին գազելներով տեղամաս բերելու մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում և գազելներ չի տեսել: Արա Սիմոնյանի վստահված անձ Հովհաննես Մարդանյանը ևս նշեց, որ որևէ գազել չի տեսել: Նա ժամը 12:00-ի դրությամբ 10/21 տեղամասում որևէ խախտում չէր նկատել: Հովհաննես Մարդանյանը չի մասնակցել երեկվա նիստին և քվեաթերթիկները բերելու գործընթացին: «Կարիք էլ, ինձ թվում է, չկա: Ես վստահում եմ. եթե պիտի ինչ-որ անշորհքություն լինի, արդեն կլինի: Բայց անշնորհքություն, ինձ թվում է` չի լինի: Հավատում եմ, որ սաղ նորմալ կլինի»,- ասաց նա: Այնուհետև հավելեց, որ նիստին իր ներկայությունը պարտադիր է համարել, սակայն չի մասնակցել, քանի որ պրոբլեմ է ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter