
Լ. Շանթի անվ. դպրոցում տեղակայված թիվ 10/21 տեղամասում Դավիթ Հակոբյանի վստահված անձ Մարիամ Եզակյանը «Հետքին» ասաց, որ տեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է իրենց` վստահված անձանց` տեղամասում ազատ տեղաշարժվելու իրավունքին:
«Երևում է և օրվա ընթացքում, ինձ թվում է, լրիվ բացահայտ կդառնա, որ որոշ մարդիկ նախագահի հովանավորություն ունեն. երբ մենք մոտենում ենք, նա մեկնաբանում է, որ «մի շնչներին կանգնեք, հեռու գնացեք», իսկ մյուս վստահված անձանց և դիտորդներին` մանավանդ Արա Սիմոնյանի կողմից, նա խոչընդոտ չի հանդիսանում, նրա հանդեպ շատ բարեհամբույր է և չի ասի «հետ կանգնի», իսկ եթե ես մոտենամ կամ Նիկոլ Փաշինյանի վստահված անձը, անպայման խոչընդոտ կհանդիսանա մեզ»,- ասաց Դավիթ Հակոբյանի վստահված անձը:
Երբ հանձնաժողովի նախագահին ասացինք, որ տեղամասում տեսակետ կա, թե ինքը առանձնահատուկ վերաբերմունք ունի Արա Սիմոնյանի վստահված անձի նկատմամբ, նախագահը պատասխանեց, որ ինքը բոլորին վերաբերվում է հավասար և խնդրում է հեռու կանգնել գրանցամատյաններից, որպեսզի չխոչընդոտեն ընտրական գործընթացին:
«6 հոգով մի անգամից հավաքվում են գրանցամատյանը լրացնողի գլխին: Ճիշտ է դա, թե՞ չէ: Իհարկե ճիշտ չի, որովհետև խանգարում է աշխատանքը: Ճիշտ է` վստահված անձը կամ դիտորդը իրավունք ունեն նայեն, բայց ոչ թե տառերը ստուգեն կամ տառասխալները ստուգեն: Թող ուղղակի հետևեն աշխատանքի ընթացքին: Ընդամենը: Ես իմ պարտականություններն եմ կատարում, որի մեջ մտնում է հանձնաժողովի աշխատանքային օրվա անխափան ընթացքը, իսկ նման կուտակումները, նման հավաքույթները, բնականաբար, խանգարում են»,- ասաց Աննա Չիչոյանը:
«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հ/կ-ից դիտորդ, մասնագիտությամբ իրավաբան Արտակ Խաչատրյանը նշեց, որ նախագահը փաստացի խոչընդոտում է վստահված անձանց աշխատանքին` պատճառաբանելով, թե «վստահված անձինք կանգնում են հանձնաժողովի անդամների շնչին»: Արտակ Խաչատրյանը նշեց, որ վստահված անձը իրավունք ունի հետևելու ցանկացած գործընթացի, օրինակ` գրանցամատյանը կամ ընտրողի անձնագիրը նայելու:
«Նույնիսկ պաշտոնական ուղեցույցի մեջ նշված է, որ վստահված անձը կարող է կանգնել 2 հանձնաժողովի անդամների մեջտեղում: Ճիշտ է` օրենքով դա ամրագրված չէ, բայց ուղեցույցի մեջ կա: Օրենքով ուղղակիորեն չի արգելվում, հետևաբար թույլատրվում է, և նշված է, որ ցանկացած թեկնածուի վստահված անձ իրավունք ունի մասնակցել կամ հետևել ցանկացած ընտրական պրոցեսի` առանց ուղղակի միջամտության: Այսինքն` ինքը չի կարող գրիչը վերցնել կամ փակել գրանցամատյանը, բայց ինքը կարող է ամենայն մանրամասությամբ ամեն տառ, ամեն տող, ամեն կետ ստուգել»,- ասաց Արտակ Խաչատրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել