
«Ամեն ինչ անում էին, որպեսզի մարդիկ չգան ընտրությունների, խոսք են վերցրել կոնկրետ մարդկանցից, որ չգան ընտրությունների, որ իրենց քվեաթերթիկները հետո լցվեն քվեատուփեր: Իրենք ունեն ցուցակ, թե ումից խոսք են վերցնել, որ չեն գալու: Սա ցույց է տալու, որ Եվրախորհդի 4 բանձևերը արդյունք չտվեցին»,- «Հետքին» ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով իր թեկնածությունը հանել էր հօգուտ թեկնածու Նիկոլ Փաշինյանի:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով` հունվարի 8-ին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքին և երթին ոստիկանությունը կանգնել էր ցուցարարների երկու կողմում, որպեսզի այդ ամենին իրենց պատուհաններից հետևող կենտրոնի բնակիչները հունվարի 10-ին խուսափեն ընտրություններին մասնակցելուց: Նույն օրը հեռուստաընկերություններից ոչ մեկը չանդրադարձավ հանրահավաքին, որի մասին իրազեկումը քաղաքապետարանն ընդունել էր ի գիտություն:
«Ըստ էության, իշխանությունները գիտակցաբար փորձել են այս քայլերով մասնակիցների թիվը հասցնել մինիմումի` նպատակ ունենալով կեղծել արդյունքները»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իր ձևավորած շտաբի ակտիվիստները և իր թիմի անդամները հետևում են իրադարձություններին և պարբերաբար տեղեկացնում իրեն: «Հարձակման է ենթարկվել Պետրոս Մակեյանը և ծեծված-ջարդված վիճակում` հայտնվել է հիվանդանոցում: Ու դա հենց այդ նախընտրական քարոզարշավի մթնոլորտի շարունակությունն է և միանգամայն ցույց է տալիս, որ մենք ունենք մի տխուր իրավիճակ, և այս իրավիճակում մարդիկ գերադասում են չգնալ ընտրատեղամասեր»,- ասաց նա:
Հմայակ Հովհաննիսյանը հավելեց, որ իր տեղեկություններով որոշ ընտրողների ոստիկանություն են հրավիրել և զգուշացրել, որ չմասնակցեն ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում ընտրեն «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանին:
Հմայակ Հովհաննիսյանը հավաստի է համարում ԿԸՀ հաղորդած տվյալները, համաձայն որոնց` ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 20 տոկոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել