HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի բեկոր Եվրամիության հայ-թուրքական սահմանին

«Միջանկեալ տարբերակ տեսնել Ուիլսընեան հողամասին վրայ. այսինքն Թուրքիան Արևմտահայաստանի վարձակալ դարձնել ու եկամուտ յուսալ … ըսելով «ես իրաւունքներն եմ ուզում այդ հողերի վրայ, ոչ թէ հողեր եմ ուզում», անհասկանալի կը մնայ մեզի»: Նորա Պարութճեան, Հանդիպում Արա Պապեանի հետ, «Հայկական հարցի լուծման հայեցակարգ մը», Նոր Յառաջ, Փարիզ, 2009, 29 Դեկտեմբեր, էջ 9:

Հայկական հարցի տարածքային բաղադրիչի լուծման մեծագույն դժվարությունը, պատմական Հայաստանում հայության լիակատար բացակայությամբ հանդերձ, վեցուկես միլիոն քրդերի և թուրքերի առկայությունն է «վիլսոնյան Հայաստանում»: Ակնհայտ է, որ ապագայում ինչպիսի լուծում էլ ստանա Հայկական հարցը, այդ մարդիկ շարունակելու են ապրել վերոհիշյալ տարածքում: Այսինքն` այդ տարածքի վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ուղղակի և անվերապահ հաստատումը (ինչը ժողովուրդն առօրյա լեզվում ասում է հողերի միացում Հայաստանին) կարող է խաթարել Հայաստանի հայկական էությունը և համապետական առաջին իսկ ընտրության ժամանակ վերջ դնել նրա` որպես ազգային պետության, գոյությանը: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ուղիղ երկու անգամ ավելի քիչ մարդ է ապրում, այսինքն` քվե ունեցող կա, քան «վիլսոնյան Հայաստանում»: Ցեղասպանությունը, պատերազմներն ու հայրենի իշխանությունների ապիկար կառավարումն իրենց գործն արել են: Ուստի, անհրաժեշտ է միջազգային իրավունքի շրջանակում գտնել վերոհիշյալ տարածքի վրա Հայաստանի Հանրապետության je jure իրավատիրությունը և Թուրքիայի de facto տիրապետումը համադրելու այնպիսի ձև, երբ Հայաստանը կվերականգնի իր իրավունքների զգալի մասը «վիլսոնյան Հայաստանում», սակայն զերծ կմնա իր քաղաքական ճակատագիրը քրդերի և թուրքերի ձեռքը հանձնելուց: Միևնույն ժամանակ, որպեսզի լուծումն իրականանալի լինի, անհրաժեշտ է, որ գետնի վրա շատ բան չփոխի:  Այսինքն` անհրաժեշտ է, որ հարցի լուծման ձևը Թուրքիայի համար լինի արժանապատիվ ելք` ստեղծված իրավիճակից և ոչ թե վերակացուի մտրակի տակ արվող քայլ: Հնարավոր լուծումներից մեկը տարածքային վարձակալության ճանապարհն է: (Ավելի դյուրամարս լինելու համար այդ ծրագիրը կարող է հանդես գալ այլ անվանումով, օրինակ` Հաշտության ուղի (The Path to Reconciliation) կամ նման մի բան): Այսինքն, «վիլսոնյան Հայաստանի» տարածքը տնօրինողը (Թուրքիան) տարածքի իրավատիրոջից (Հայաստանից) երկարաժամկետ վարձակալում է այն: Համապատասխանաբար, Հայաստանի և Թուքիայի Հանրապետությունները, միջազգային գերուժերի մասնակցությամբ և երաշխիքով, կնքում են երկկողմ պայմանագիր, որը «վիլսոնյան Հայաստանի» վրա երկու կողմերի համար երաշխարվում է մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի, ինչպես նաև տարանցիկ անկաշկանդ ու անվճար բեռնափոխադրման իրավունք: Միևնույն ժամանակ տարածքն ապառազմականացվում է հարձակողական զինուժից: Թեև առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան շատ բան է զիջում, սակայն, էության մեջ, վերոհիշյալ կետերը, բացառությամբ տարածքային վարձավճարի, ցանկացած երկրի` Եվրոպայի միությանն անդամակցելու նախապայմաններն են: Նշյալ կետերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը ցույց կտա նաև, թե ինչքանո՞վ է Թուրքիան գործնականում պատրաստ Եվրամիության անդամակցությանը: Այսուհանդերձ, օրինական հարց կարող է առաջանալ. ինչո՞ւ Թուրքիան պիտի գնա դրան: Որովհետև դա առաջին հերթին ձեռնատու է Թուրքիային: Թուրքիայի համար Հայկական հարցի լուծումն անհրաժեշտություն է: Առանց այդ հարցի լուծման (և ոչ թե լուծման պատրանքը ստեղծելու, ինչպես ներկայումս անում են Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները) Թուրքիան չի կարող իրականացնել ներկայիս իր հիմնական նպատակը` դառնալ կամ գոնե համարվել շրջանային գերուժ: Չնայած բոլոր ջանքերին` թուրքական պետականության նավը չի կարողացել և չի կարողանում դուրս գալ մեծ նավարկության: Չլուծված Հայկական հարցը ստորջրյա փոքրիկ խութի նման մշտապես կաշկանդում և կաշկանդելու է այդ նավի ընթացքը: Կարճ ասած, տարածաշրջանային կայունության և բարգավաճման հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Թուրքիայի միջև տեղադրել մի բեկոր Եվրամիություն` մի տարածք, որը, բաժանելու փոխարեն, կմիավորի երկու երկրներին ու ժողովուրդներին: Տարածք, ուր երկու երկրներն էլ կունենան որոշակի և ամրագրված իրավունքներ և պարտականություններ: Մի քանի ամիս առաջ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայկական հնագույն բերդաքաղաքներից մեկի` Արցախի Տիգրանակերտի պեղումներին: (Այո, խոսքն այն Տիգրանակերտի մասին է, որը «մեր հայրենիքը չէ»): Դարեր շարունակ բերդի պարիսպների հսկայական ժայռաբեկորներն անսասան են եղել, որովհետև միմյանց նաև ագուցված են եղել ոչ մեծ հանգույցներով: Երբեմն փոքր հանգույցներն անհամամասնորեն մեծ դեր ունեն մեծ ժայռաբեկորների կյանքում: Հայկական հարցի լուծումը, բայց ոչ երբեք լուծման պատրանքը, ագուցող հանգույցի դեր կունենա ողջ Միջին Արևելքի համար, հետևաբար էապես կնպաստի տարածաշրջանային կայունությանը:

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 10 հունվարի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter