Կամխուտում Ամանորը նշել է ընդամենը 4 ընտանիք
Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին բարձունքի վրա տեղադրված սահմանապահ ուղեկալների հսկա լուսարձակները լուսավորում են ներքեւում ծվարած փոքրիկ բնակավայրի տարածքը: Կամխուտում Ամանորի շեմին ընդամենը 4 տան լուսամուտներից է լույս առկայծում: Հնչում են ժամացույցի 12 զանգերը, կամխուտցիները նախ շնորհավորում են տան անդամներին, ապա գյուղի սակավաթիվ հարեւաններին ու հերթական անգամ մաղթում, որ աշխարհին խաղաղություն լինի, իրենց գյուղին էլ` բարգավաճում:
20 տարի առաջ նախկին կամխուտիցները փորձեցին վերականգնել բնակավայրը: 20 ընտանիք երկրաշարժից հետո վերադարձան ծննդավայրը շենացնելու մտադրությամբ: Սակայն չդիմանալով չեղած պայմաններին` շատերը հեռացան: Կամխուտում ներկայում 7 ընտանիք է ապրում: Գյուղում ձմեռելու մնում է միայն 4-ը:
65-ամյա Սոնիկ տատը երբեք չի դժգոհում, որ Ամանորն առանց թոռների է դիմավորում: «Էնպես չէ, որ ասեմ մեն-մենակ եմ. Վարազդատս դեկտեմբերի 31-ին գուքա, ինչ որ պետք է, կբերե, բայց չեմ թողնի մոտս մնա: Կղրկեմ Լենինական, որ իրա ընտանիքի հետ դիմավորե Նոր տարին, հետո իրանք հունվարի 1-ին սաղ ընտանիքով ըստեղ են, գուկան իմ Նոր տարիս կշնորհավորեն, մե օրմ կմնան, կերթան: Ես մենակ չեմ, էն ռուս կնկան տեսար, իրա հետ կդիմավորենք նոր տարին»: Տատի մատնացույց արած ռուս կինը` Ալեքսանդրան, օգնում է Սոնիկ տատին վարելու Ոսկանյանների տնտեսությունը: Տղան` Վարազդատն էլ օր ու մեջ գյուղ է գալիս. «Դե գարնան վար ու ցանքին, աշնան քաղին էլ կարելի է ասել, որ մի ոտքը գյուղում է, մյուսը` Գյումրիում»,- պատմում է Սոնիկ տատը: Ինքը տոների նկատմամբ անտարբեր է դարձել երկրաշարժի պատճառով: 1988-ի աղետին զոհ է գնացել Սոնիկ տատի մեծ աղջիկն ու հայրենի Կամխուտն իր փրկությունն է համարում: «Սիրտս մինչեւ հմի կոտրած է ու չեմ ուզե քաղաք վերադառնալ, մենակ տարվա մեջ մեր օրմ, գերեզմաններ գնալու համար քաղաք կերթամ, մնացած վախտը գյուղից չեմ էլ ուզե դուրս գալ»,-պարզաբանում է Սոնիկ տատը:
Վարազդատ Ոսկանյանը շատ է մտահոգվում հայրենի Կամխուտի ճակատագրով: Ինքն էլ է մեղավոր, որ 20 տարի առաջ գյուղ վերադառնալուց հետո «չմնաց, չհիմնավորվեց, բայց դե պատճառներ կային, քանի դեռ երեխաները փոքր էին ընտանիքով մնում էի, հենց դարձան դպրոցահասակ, վերադարձան Գյումրի, գյուղում մնացին հայրն ու մայրը»: Հիմա, երբ հայրը մահացել է, Սոնիկ տատը մենակ է ու ինքը շատ է նեղվում դրանից հատկապես տոներին: «Որոշել եմ տունը հիմնանորոգել ու տեղափոխվել: Մայրս չի ուզում իր ծննդավայրից հեռանալ, հանուն մեր ապրուստի էս տարիքին հաշտվել է իր ապրելակերպի հետ, բայց դե խիղճս չի տանում, պիտի վերադառնամ,- ասում է Վարազդատը,- այ, որ մեր կառավարությունն էլ իրա գյուղերին իրան կերակրող մոր տեղը դներ ու զավակի հոգատարություն ցուցաբերեր, հնարավոր է մեր կյանքում շատ բան փոխվեր: Թե չէ ինչ է ստացվում, սահմանամերձ մեր գյուղում մի քանի ընտանիք է մնացել, էն էլ հիմնականում ծերերն են, ջահելություն չկա, երիտասարդ ընտանիք չկա: Պայմաններ չկա, մարդիկ գալիս են, հետո թողնում հեռանում են, էլի հնաբնակներն են կառչած մնացել էս գյուղին, դիմացի տանն ապրող Արտուշ պապը քեզ օրինակ»:
64-ամյա Արտուշ Գրիգորյանը բնիկ կամխուտցի է, պապական տուն Գյումրիից տեղափոխվել է 1991 թ.-ին: 14 հոգանոց ընտանքից միայն ինքն ու կինն են գյուղում բնակվում: Ամանորը դիմավորել են երկուսով: Նոր տարվա երկրորդ օրը կնոջ առողջականը վատացել էր, Սոնիկ տատի տղան տեղափոխել էր հիվանդանոց: 2010-ը դիմավորել են այնպես, ինչպես մյուս տարիներին. ոչ մի արտառոց բան: Արտուշ պապն ու կինը հարեւաններից երկուսի Նոր տարին շնորհավորել են Ամանորի գիշերը, բայց Վաչագանենց տուն չեն գնացել` խռով են: Պատճառը հարեւանի ամեհի շներն են, բացատրում է Արտուշ պապը, հազար անգամ ասել է կապեք, չեն կապում, հա´մ իր շան վրա են հարձակվել, հա´մ կնոջ: Ստիպված դիմել է Գտաշենի գյուղապետին, որ նաեւ իրենց ղեկավարն է, որպեսզի համայնքի ղեկավարը միջամտի ու շնակռիվը, մարդակռիվ չդառնա: Գտաշենի համայնքապետը խոստանում է խոսել Վաչագան պապի հետ, հետո կատակով նկատում, որ Կամխուտում 15 մարդ է ապրում, բայց մի մեծ գյուղի համ ու հոտ են տալիս, անգամ խռովելով իրարից աշխատում են գյուղի կոլորիտը պահել: 4 ընտանիք են, երեքն իրար հետ շփվում են, չորրորդին անտեսում: «Ախր էդպես չի լինում, այ Արտուշ պապ, շան պատճառով չեն խռովի, ամոթ է, հո երեկվա երեխեքը չեք»,-ամոթանք է տալիս գյուղապետը:
Իսկ Վաչագան պապի հարկի տակ այս պատմությանը չեն անդրադառնում: Սիրանույշ տատն ու Վաչագան պապը տարին դիմավորել են հարսի, տղայի ու թոռների հետ: 2010 թ.-ից այս ընտանիքն էլ, ինչպես մյուսները, ակնկալիքներ ունեն: Դրանք առաջին հայացքից բավական պարզ ցանկություններ են, որ եկող տարին անցնի առանց կարկտահարությունների, անասունը դաբաղ չընկնի, երաշտ չլինի, կաթ տանող կազմակերպությունները ժամանակին գումարը տան, ճանապարհները բարեկարգվեն, որ Կամխուտում ապրողների թիվն ավելանա: Կամխուտում սրանք ամենաառաջնային խնդիրներն են: Որեւէ մեկը չհիշատակեց մեկ այլ խնդրի, ասենք` բուժկետ ունենալու մասին: «Ինչո՞ւ» հարցիս պատասխանում է Սոնիկ տատի տղան` Վարազդատը. «Կամխուտում օդը մաքուր է, մարդիկ էկոլոգիապես առողջ սնունդ են օգտագործում, դրա համար էլ չեն հիվանդանում, էնպես որ մի զարմացի, որ բուժկետ ունենալու ցանկություն որեւէ մեկը չհայտնեց»: Կամխուտի նախկին անունը Չախմախ է եղել, այս բառը թարգմանաբար նշանակում է կայծքար: Եվ որպեսզի գյուղը վերականգնվի, «ընդամենը մի կայծ է հարկավոր»,- կարծիք է հայտնում չախմախցի Վարազդատը. «Կայծ ստանալու համար երկու կայծքար խփում ես իրար, ճիշտ է, դե, եթե համարենք, որ մի կայծքարը կառավարությունն է, մյուսն էլ բնակվելու ցանկություն հայտնող ընտանիքները, մնում է գտնել այն ուղին, որով այդ երկու ուժերը կմիանան մի նպատակի համար: Տարվա վերջին երկրի նախագահն այցելել էր սահմանամերձ բնակավայրեր ու խոստացել պետական ուշադրություն: Տա Աստված, որ 2010 թ.-ին այդ խոստումներն իրականան»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել