HY RU EN

Անի Հովհաննիսյան

Այս ընտրությունները բացարձակ անբարոյականություն են

Ասում է Արթուր Սաքունցը Այսօր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը եւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Սոնա Այվազյանը հանդիպեցին լրագրողներին իրենց խոսքերով` եւս մեկ անգամ փաստելու, որ երեկ կայացած ԱԺ մեծամասնական ընտրությունները կեղծվել են: Նրանք դիտորդական առաքելություն են ստանձնել 34 ընտրատեղամասերում, որոնցից 3-ում հայտնաբերել են բացահայտ կեղծիքներ: Այդ ընտրատեղամասերում` թիվ 10/15, 10/12 եւ 10/19, գրանցվել են ծեծկռտուքի (թիվ 10/19 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի վստահված անձը ծեծել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին եւ հեռացրել ընտրատեղամասից), սպառնալիքի (թիվ 10/12 ընտրատեղամասում «Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդ Արա Սահակյանը մոտեցել է դիտորդներին, վստահված անձանց, սպառնացել, թե` «վախենում ես` քեզ վաղը չգտնե՞նք»: Հետո մոտեցել է Դավիթ Հակոբյանի վստահված անձին քաշքշել նրան, այնուհետև դուրս տարել քվերակության սենյակից, դրսում սպառնացել, քաշքշել), քվեարկության արդյունքների ամփոփման խախտումներ (թիվ 10/15 ընտրատեղամասում երեկոյան ժամը 20:00-21:00-ն հանձնաժողովը մինչ քվեների հաշվարկը սուրճի ընդմիջում է կազմակերպել: Նշված մեկ ժամվա ընթացքում ընտրողների գրանցամատյանները դուրս են հանվել ընտրատեղամասից: Ժամը մոտ 21:00-ին ոստիկանության աշխատակիցը կանչում է հանձնաժողովի նախագահին, նա, ինչ-որ բան ձեռքին, մոտենում է չզմռսվող պահարանին և դնում մեջը: Ելունդների թիվը հաշվարկելուց հետո պարզվում է, որ քվեարկել է 582 մարդ, մինչդեռ քվեարկողների թվի ընթացիկ տվյալների գումարը քվեարկությանը մասնակցած ընտրողների այլ թիվ է տվել: Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով` չնայած «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արա Սիմոնյանը ֆորմալ որեւէ կապ չունի Հանրապետական կուսակցության հետ, սակայն «սա բացահայտ հանցագործությունը լռելյայնության մատնել է: Հանձնաժողովի անդամները հիմնականում հանրապետական էին եւ բացահայտորեն թույլ էին տալիս ընտրակեղծիքներ»: Իսկ Սոնա Այվազյանը նշեց, որ այս ընտրություններին տեղական «խուլիգանի» թիրախ են եղել լրագրողները, քանի որ նրանք ամեն կերպ փորձել են խոչընդոտել ընտրակեղծիքներին. «Կարծում եմ` լրագրողների ակտիվ մասնակցության հարցում Նիկոլ Փաշինյանի գործոնը մեծ էր»: Արթուր Սաքունցն էլ զարմացած էր այն դեպքից, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԱԺ ընտրությունների օրը աշխատանքային չէ. «Երեկ դիտորդներից մեկը տեղական ընտրական հանձնաժողովի նախագահին խնդրեց տրամադրել ստացված քվեաթերթիկների թիվը: Նախագահը հրաժարվեց այն տրամադրելուց: Զանգեցի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին, պատասխանեց` «էսօր աշխատանքային օր չի»: Արթուր Սաքունցը երեկվա ընտրությունները որակեց որպես բարոյականության անկման վերջին աստիճան եւ ավելացրեց. «Ապօրինաբար անազատության մեջ գտնվող անձի հետ պայքարի դուրս գալը այս տեսակ կեղտոտ եւ կեղծ ճանապարհներով համարում եմ բացարձակ անբարոյականություն: Ես կասկածում եմ նաեւ այս մարդկանց իրենց չափորոշիչներով «լավ տղայության» վրա եւս»: