ՀԱԿ-ի հայտարարությունը
Այսօր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ.
«Ինչպես եւ սպասվում էր, թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորի ընտրությունում վարչախումբը կրկին ամբողջ թափով գործի դրվեց բռնությունների, ապօրինությունների եւ ընտրակեղծիքների իր մեքենան` մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսները.
- Օրենքի համապատասխան նորմի կոպիտ խախտմամբ ընտրության օրը դեկտեմբերի 26-ի փոխարեն նշանակվեց հունվարի 10-ին` հատուկ նկատի ունենալով դրան նախորդող 10-12 օրերի տոնական լինելը եւ այդ օրերին մամուլի բացակայությունը:
- Ընդդիմության գրանցված թեկնածու Նիկոլ Փաշինյանը ամբողջ ընթացքում ապօրինաբար պահվեց կալանքի տակ, ինչով նա զրկվեց անձամբ սեփական քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից:
- Ամբողջ ընթացքում բնակչությունը պահվեց տեղեկատվական շրջափակման մեջ. հեռուստաալիքները ոչ միայն հրաժարվեցին ընդունել ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի հետ կապված որեւէ տեղեկատվություն հաղորդել, այլեւ ոչինչ չասացին կայանալիք ընտրության մասին ընդհանրապես:
- Ավազակային հարձակումներ կազմակերպվեցին ընդդիմադիր թեկնածուի նախընտրական քարոզչական նյութեր տարածող վստահված անձանց վրա:
- Ընտրական հանձնաժողովների անդամները, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու փոխարեն, բացահայտ զբաղվել են իշխանական թեկնածուի համար ձայներ հայթայթելու գործով:
- Զանգվածաբար ընտրակաշառք բաժանվեց, շատերին ընտրատեղամաս քշեցին սպառնալով ու շանտաժով:
- Կատարվեցին լցոնումներ, այդ նպատակով ընդհուպ տեւական ժամանակով փակելով ընտրատեղամասի դռները` նախապես դուրս անելով վստահված անձանց ու դիտորդներին:
- Ոստիկանության պաշտպանության տակ գործի դրվեցին սափրագլուխների ու քրեական տարրերի բանդաները, որոնց հարձակումներին, ահաբեկումներին ու բռնություններին ենթարկվեցին լրագրողներ, տուժած վստահված անձինք տեղափոխվեցին հիվանդանոց:
- Բազմաթիվ ընտրատեղամասերում նույն քրեական տարրերի օգտագործմամբ օրվա ընթացքում հաստատվեց ահաբեւչական մթնոլորտ:Հայ Ազգային Կոնգրեսը չի ճանաչում ընտրության արդյունքները եւ այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով` ավավեր ճանաչելու պահանջով:Այս պայմաններում, այնուամենայնիվ, ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին արձանագրված ձայների տոկոսը վկայում է Հայ Ազգային Կոնգրեսի` որպես քաղաքական ուժի, հզորության ու աճող հեղինակության մասին: Նախորդ` քաղաքապետարանի ավելի մասշտաբային ընտրությունների համեմատ, ավելի մեծ կեղծիքների ու ապօրինությունների գործադրմամբ հանդերձ, վարչախմբի գնած, պարտադրած, գողացած ու մեր ինքնաբուխ ստացած ձայների տոկոսային հարաբերակցությունը հօգուտ Կոնգրեսի ավելացավ շուրջ 2,5 անգամ:
Այսինքն` մի կողմից` հանձնաժողովներում մեր վստահված անձերի ու ներկայացուցիչների աչալրջության ու աննկունության, ինչպես նաեւ ընտրակաշառքով գայթակղվողների թվի նվազման շնորհիվ տեղապտույտ տվեց իշխանության ընտրակեղծիքների մեքենան, մյուս կողմից` ավելացավ մեր այն համակիրների թիվը, ովքեր պատրաստ են ընտրատեղամաս գնալ` թեկուզ այս կամ այն չափով իրենց վտանգի ենթարկելու գնով: Հունվարի 10-ի ընտրությունը բացահայտ ցուցադրեց հասարակության մեջ քաղաքացիական գիտակցության բարձրացման լուրջ առաջընթացը եւ վարչախմբի ներքին քայքայման խորացող ախտանիշը:
Հանուն սահմանադրական կարգի վերականգնման մեր պայքարի մեջ սա անհրաժեշտ եւ խիստ օգտակար մի փուլ էր` վերջնական հաղթանակի ճանապարհին: Ռեժիմի ամեն մի նմանօրինակ ջղաձգություն, նրա քրեականացման աստիճանի խորացման ամեն մի այսպիսի ցուցադրում վկայություն է ոչ թե նրա ուժի եւ ամրության, այլ ի հայտ է բերում նրա թշվառությանը եւ սեփական ժողովրդից անսահման վախը: Դա մեծացնում ժողովրդի ինքնավստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ, մեզ դարձնում ավելի վճռական, իսկ հասարակության մեջ խորացնում ու ամրապնդվում է այն համոզումը, որ ավազակապետական ռեժիմի հեռացմանն այլընտրանք չկա: Ուստի այլընտրանք չկա նաեւ ժողովրդի մոտալուտ հաղթանակին:
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ….»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել