Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացը ենթարկվում է մոնիթորինգի
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 2009 թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագիրը:
Ներկայումս «Շիրակ կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները, ընդգրկված լինելով ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովում, իրականացնում են հանձնաժողովի աշխատանքների դիտարկում, ինչպես նաև մոնիթորինգի են ենթարկում բնակարանների բաշխման ամբողջ գործընթացը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացը, որում նախկինում մշտապես տեղ են գտել չարաշահումներ և օրինախախտումներ, եղել է և մնում է հասարակության ուշադրության կենտրոնում: Ուստի նման ծրագրի իրականացումը ինչ-որ տեղ նշանակում է հանձնաժողովի մյուս անդամների հետ կիսել պատասխանատվությունը բնակարանների բաշխման ոլորտում օրինականության ապահովման համար:
Երկրաշարժի պատճառով միայն Գյումրիում ավելի քան 21.000 ընտանիք մնացին անօթևան: Մինչև օրս այստեղ շուրջ 18.000 բնակարան է շահագործման հանձնվել, սակայն դեռ 4000 ընտանիք շարունակում է մնալ երկրաշարժից անօթևան, և նրանց համար առաջնային է բնակարանային հիմնախնդիրը:
Երեք տարի տևած ընդմիջումից հետո ՀՀ իշխանությունները 2008 թվականին անդրադարձան աղետի գոտում առկա անօթևանության հիմնախնդրին, և համաձայն «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի», մինչև 2013 թվականը կառուցվելու է առնվազն 4883 նոր բնակարան ու բնակելի տուն: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, որը 2008 թվականին շահել է կառավարության կողմից հայտարարված բաց մրցույթը, միայն Գյումրիում շահագործման է հանձնելու 3030 բնակարան և սպասարկման օբյեկտների տարածքներ: 2003թ-ից ի վեր, երբ Լինսի ծրագրով աղետի գոտում բնակարանային շինարարությունը ավարտվել է, կառավարությունը Գյումրիում անօթևանների բնակարանային խնդրի լուծումը փորձել է իրականացնել ոչ թե բնակշինարարության, այլ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, ինչը ոչ այնքան անօթևաններին բնակարաններով ապահովման խնդիր է լուծել, որքան նպաստել է արտագաղթին և աղետի գոտում, այսպես ասած` ոչ պաշտոնական անօթևանների թվաքանակի աճին, քանի որ շատ անօթևաններ, ստանալով այդ գումարը, որի չափը անհամեմատ պակաս էր բնակարանների իրական արժեքից, այն ծախսել են ոչ բնակարաններ գնելու նպատակով:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ աղետի գոտում անօթևանների թվաքանակը անհամեմատ պակաս կլիներ, եթե բնակարանների բաշխման գործընթացը անցած տարիներին ընթանար օրինականության սահմաններում և հրապարակային, քաղաքացիական կառույցների կողմից ենթարկվեր հսկողության, ինչպես, ասենք, ներկայումս է կատարվում:
Բնակարանների բաշխման գործընթացի մոնիթորինգի հակիրճ նկարագիրը հետևյալն է. անօթևաններին բնակարանների հատկացման մասին բնակարանների բաշխման հանձնաժողովից ստացված որոշումները, ինչպես նաև բնակարանների հավակնորդ և արդեն իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարի անօթևաններին բնակարաններ հատկացնելու մասին հրամանների մեջ ընդգրկված անձանց ցուցակները ամբողջովին մուտքագրվում են նախօրոք պատրաստված մոնիթորինգային աղյուսակների մեջ: Այնուհետև մանրամասն ուսումնասիրվում են նրանց գործերը` յուրաքանչյուր անուն առանձին-առանձին համեմատվում է տեղեկատվական բազայում առկա ցուցակների հետ, ստուգվում է, թե արդյոք տվյալ անօթևանի անունը կա՞ Գյումրու անօթևանների ցուցակում, ինչպես նաև նրանց անունները փնտրվում են երկրաշարժից հետո մինչ օրս բնակարան ստացած անձանց ցուցակներում: Ապա առանձնացվում են այն անօթևանների անունները և գործերը, որոնց հետ կապված խնդիրներ են ծագում: Պատրաստվում է համապատասխան գրություն, որով հավելյալ տեղեկատվություն և պարզաբանումներ են պահանջվում ՀՀ քաղաքաշինության նախարարությունից, ինչպես նաև կատարվում են այցելություններ այդ անօթևանների ժամանակավոր կացարաններ: Հավաքված տեղեկատվությունը և եզրակացությունները մուտքագրվում են մոնիթորինգի զեկուցի աղյուսակների մեջ:
Այս ծրագիրն իր մեջ ներառում է նաև անօթևանների իրազեկման ու նրանց իրավունքների պաշտպանության բաղադրիչներ: Գյումրիում մեկնարկած` անօթևաններին բնակարանների բաշխման գործընթացի շրջանակներում անցած տարվա նոյեմբեր ամսին բնակբաշխման հանձնաժողովի կողմից, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու հրավիրվել են Գյումրու անօթևանների հերթացուցակի 1200 ընտանիքներ. 1-սենյականոց բնակարան ստացողներից` 1-500, 2 -սենյականոց բնակարան ստացողներից` 1-500 և 3-սենյականոց բնակարան ստացողներից` 1-200 հերթական համարներում ընդգրկված անձինք, որոնցից հանձնաժողով էին ներկայացել ընդամենը 726-ը:
Ըստ ծրագրի շրջանակներում իրականացված այդ ուսումնասիրությունների արդյունքների, հարյուրավոր անօթևանների կողմից փաստաթղթեր չներկայացնելու պատճառները հետևյալներն են`
1. փաստաթղթեր չներկայացրած անօթևանների առաջին խմբում նրանք են, ովքեր առհասարակ բացակայում են քաղաքից կամ նրանց ընտանիքի մեկ կամ մի քանի անդամները բացակայում են Հայաստանից և տարբեր պատճառներով չեն կարող համապատասխան լիազորագրեր ուղարկել, ուստի նրանց փաստաթղթերի փաթեթը ամբողջական չէ.
2. երկրորդ խմբում այն անօթևաններն են, ովքեր երկու կամ ավելի ընտանիքով գրանցված են նույն հասցեում: Այսինքն մեկ բնակարանին հավակնում են միաժամանակ մեկից ավելի ընտանիքներ և նրանց միջև չի կայանում փոխհամաձայնություն հասանելիք բնակարանի պատկանելիության, համապատասխան փաստաթղթերի փաթեթը ձևավորելու և հանձնաժողով ներկայացնելու առումով.
3. համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց խուսափում են այն անօթևանները, որոնք ներկայումս բնակվում են քաղաքի կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններում և ցանկություն չունեն տեղափոխվելու քաղաքի ծայրամասում կառուցված նորակառույց բնակարաններ.
4. կան նաև բազմաթիվ անօթևան ընտանիքներ, որոնց փաստաթղթեր չներկայացնելու պատճառը անիրազեկությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել