Դատախազությունն արձագանքել է եղածին
Երեկ «Առավոտի» հարցին` արդյոք կիրակի օրը թիվ 10 ընտրատարծքում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ օրինախախտումների մասին հաղորդագրություններ ստացվե՞լ են, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանեց, թե` ոչ, բայց և հավելեց, որ դատախազությունն ինտերնետային կայքերում տեղադրված խախտումների վերաբերյալ հրապարակումները ուղարկել է ՀՀ ոստիկանություն` դրանք ստուգելու և համապատասխան ընթացք տալու համար:
Գեղամյանն Արա Սիմոնյանի դուստրերի կնքահայրն է
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հերքեց լուրերը, թե թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արա Սիմոնյանն իր վարորդի որդին է: Պարոն Գեղամյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանում աշխատած տարիների իր վարորդի ընտանիքն այժմ բնակվում է Իսպանիայում, իսկ իր ներկայիս վարորդը 2 դուստր ունի: Իրականում Արա Սիմոնյանի հետ քավոր-սանիկական կապ կա, պրն Գեղամյանը և նրա տիկինը` Անուշ Գեղամյանը, Արա Սիմոնյանի և նրա տիկնոջ` Լուսինեի 2 դուստրերի կնքահայրն ու կնքամայրն են:
Կորյուն Փիլոյանը սրտի կաթված է ստացել
Կտրուկ վատացել է ամենայն հայոց մեղադրող Կորյուն Փիլոյանի առողջությունը: Նա վաղուց սրտի հետ կապված խնդիրներ ուներ, և, թերթին հասած տեղեկություններով, օրերս սրտի կաթված է ստացել: Սրտի, և ոչ թե ստի, և ամանորյա տոները ստիպված է եղել անցկացնել անկողնում: Ոմանք կարծում են, որ բազում անմեղ մարդկանց դատելու գործում անուրանալի վաստակն է մեղադրողի նկատմամբ այս Աստծո դատաստանի պատճառը: Հիշեցնենք, որ նա հատկապես մեծ ներդրում ունեցավ վերջին շրջանում քաղաքական գործիչներին դատելու հարցում. նրա թեթև ձեռքով են դատվել Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը և մյուսները, իսկ այժմ էլ դատվում է Նիկոլ Փաշինյանը:
«Որոգայթի» վախճանը մոտ է
Թերթի տեղեկություններով` երբեմնի ամենաբարձր վարկանիշ ունեցող «Որոգայթ» հեռուստասերիալը ճգնաժամ է ապրում, դերասաններից շատերը հեռանում են «Որոգայթից»` դժգոհ լինելով ֆինանսական պայմաններից, երկար ժամանակ չվճարվելուց: Դերասանների հեռացումը սերիալում հաճախ «թաքցվում» է նրանց մահով, իսկ այն դերասաններին, որոնց ֆիլմի անձնակազմը չի ցանկանում կորցնել, «ուղարկում են արտասահման»` վերադառնալու հույսով: «Որոգայթում» նկարահանված դերասաններից շատերը կանխատեսում են, որ սերիալի վախճանը շատ մոտ է:
Խաչ չի տեղադրվի
Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին չի բացվելու կրոնական արարողությունների համար և գմբեթին խաչ չի տեղադրվելու, քանի որ այս եկեղեցին նման արարողություններ անցկացնելու թույլտվություն ստացած հաստատությունների ցանկում չկա:
Էլի դոլար են ծախում
Երեկ ամանորյա տոներից հետո առաջին աշխատանքային օրն էր նաև ՀՀ ֆոնդային բորսայի համար: Հենց առաջին օրն այստեղ արձանագրվել է շատ մեծ ծավալի` ավելի քան 18 մլն դոլարի առքուվաճառք: Ինչպես թերթին հաջողվել է ճշտել, սա Կենտրոնական բանկի կատարած արտարժութային ինտերվենցիան է: Այսինքն` այդ ծավալի արտարժույթը ԿԲ-ն է վաճառել, իսկ գնորդը ՀՀ բանկերն են: Նշենք, որ ներկրողների մոտ Ամանորից հետո կուտակվել է մեծ ծավալի դրամ, որը նրանք պետք է վերածեն արտարժույթի: Սա շուկայում առաջացրել է արտարժույթի նկատմամբ մեծ պահանջարկ: Ի դեպ, վերջին առնվազն 10 օրերին քաղաքացիները մեծ դժվարությամբ էին արտարժույթ ճարում տարադրամի փոխանակման կետերից: Սպասվում է, որ առնվազն առաջիկայում արտարժույթի նկատմամբ առկա պահանջարկը ԿԲ-ն ստիպված կլրացնի արտարժութային խոշորածավալ ինտերվենցիաներով, հակառակ դեպքում` տեղի կունենա դրամի կտրուկ արժեզրկում:
Տակտիկական զորավարժություններ
Երեկ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքի ժամանակ դաշնակցական Հրայր Կարապետյանը հայտարարել է, թե իրենք չեն ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, որից հետո սկսվել է ջահերով երթ դեպի Սահմանադրական դատարանի շենք:
«ՉԻ» - Թերթի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, այն բանից հետո, երբ Հրայր Կարապետյանը չի ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այդ երկրի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստվածության առաջին աստիճանի: Մասնավորապես, օդ են բարձրացել շուրջ 140 ռմբակոծիչներ, սահմանին են մոտեցել 350 տանկեր և այլն:
Սակայն Հրայր Կարապետյանը մարտավարական հնարք է կիրառել և դիմել է խորամանկ մանյովրի. ելույթից անմիջապես հետո շարժվել է ոչ թե Սարիղամիշի, այլ «Էրգիր» ռեստորանի ուղղությամբ, ինչն էլ անասելի խուճապ է առաջացրել թշնամու շարքերում: Ավելի ուշ, երբ ՀՅԴ ղեկավարությունը բողոքի տոնական ակցիան շարունակել է մոտակա սաունայում, թուրքական բանակի հրամանատարությունը ենթադրել է, որ Հայաստանը նաև ծովային հարձակման է նախպատրաստվում, և խուճապը կրկնապատվել է: Դիրքային մանյովրները շարունակվում են:
Հիլարի Քլինթոնը կհանդիպի ամերիկայահայերին
Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կհանդիպի ամերիկահայերի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվելու են հայ-թուրքական հարաբերություններն ու նրանց հետագա զարգացումները: Համագումարի տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով` ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումը շատ կարևոր է հատկապես այն առումով, որ Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը, և Հայկական համագումարը, հայկական լոբբին ընդհանրապես, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը վերջապես ընդունի և դատապարտի հայերի ցեղասպանությունը:
«Բացի այդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր համարձակ քայլերով մեծ աշխատանք է տանում բարելավելու հարաբերությունները Թուրքիայի հետ, այնինչ թուրքերը կարծես փորձում են տապալել գործընթացը: Այս ամենից ելնելով` տիկին Քլինթոնի հետ հանդիպման ընթացքում մենք կփորձենք քննարկել ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքն այս հարցերին, ինչպես նաև ստիպել Թուրքիային լինել ավելի պատասխանատու»,- հայտարարել է Արդունին:
Քլինթոնի հետ հանդիպման հրավեր են ստացել Հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան և արևմտյան թեմերի անդամներ, հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել