HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ես ապրել եմ ուզում, բայց ինձ կյանքից զրկում են»

Արդեն որերորդ անգամ «Հետքի» խմբագրություն այցելած Պարույր Գուլգուլյանը հուսահատված հոգեվիճակում էր, մեկ առ մեկ նշում էր այն մարմինները, որոնց նա դիմել է, եւ իր խնդրանքը չի բավարարվել: «Բոլորին կուրացրե՞լ են Արարատի փողերը, եթե ես փող չունեմ, չի նշանակում, որ ինձ հետ կարող են վարվել ինչպես ուզում են, ես թասիբ ունեմ»: Պարույր Գուլգուլյանը կրկին դիմել է Վերաքննիչ դատարան, քանի որ վստահ է, որ իր գործով գոյություն ունեն նոր երեւան եկած մի շարք ակնհայտ եւ անժխտելի հանգամանքներ, որոնք նա մանրամասնորեն ներկայացրել է իր դիմումում: «Ես չեմ ուզում, որ մարդիկ բերդ նստեն, թող ինձ իմ փողը վերադարձնեն, ես էլ ոչինչ չեմ պահանջի: Ես ապրել եմ ուզում, բայց ինձ կյանքից զրկում են, ի՞նչ տարբերություն` դանակով խփելով են սպանում, թե՞ թողնում են, որ աստիճանաբար մահանամ»,- հարցնում է Գուլգուլյանը: Իրավական քաշքուկի արդյունքում նա բաժանվել է ընտանիքից եւ այժմ մշտական բնակության վայր չունի, դատարան եւ այլ մարմինների ուղարկած դիմումներում որպես հետադարձ հասցե նշում է «Հասցե` Երեւան 10` ցպահանջ»: «Ինձ ասում են` դիմի Եվրոպական դատարան, եւ ես դիմելու եմ, բայց ոչ Հայաստանից: Կգնամ այստեղից մեկ այլ երկիր եւ որպես փախստական կդիմեմ Եվրոպական դատարան, մեր կառավարությունից հսկայական գումարներ կպահանջեմ եւ իմ երկրում մի ներդրում կանեմ: Թող ինձ խփեն-սպանեն, բայց գոնե Հայաստանի դատական համակարգում մի փոքր բարեփոխում կլինի»,- ասում է Պարույր Գուլգուլյանը: Քաղաքացին ամեն կերպ փորձում է իր բողոքը հասցնել Հանրապետության նախագահին, սակայն մինչ օրս չի հաջողվել: «Երբ զանգում եմ, նախագահականի աշխատակիցները տեղում չեն, Հանրային խորհուրդը բողոքս տեղ չի հասցնում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը միայն դիմում-բողոքներն է հաշվում, բայց դրանց լուծում չի տալիս»,- նշում է Գուլգուլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter