HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանում անհանգստացած են իգական սեռի պտուղների աբորտների կապակցությամբ

Օրենսդիրները պատրաստվում են զսպել ժողովրդագրական ճգնաժամի սպառնալիք ստեղծող այս տագնապալի սովորույթը Ադրբեջանցի ակտիվիստների խոսքերով` աղջիկ երեխաներով հղի կանանց ստիպում են աբորտ անել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամուսինները լքում են նրանց, քանի որ ընտանիքներում որոշված է միայն տղա երեխաներ ունենալ: Իրավիճակն այնքան լուրջ է, որ երկրի խորհրդարանում քննարկումներ են ընթանում երեխայի սեռը որոշելուց հետո աբորտները արգելելու վերաբերյալ` բնակչության գենդերային վտանգավոր դիսբալանսը կանխելու նպատակով: 25-ամյա Շաֆարաթ Ռզաեւան 17 տարեկանում ամուսնացել էր մի տղամարդու հետ, ով բաժանվել էր կնոջից, քանի որ վերջինս նրան արու զավակ չէր պարգեւել: Ռզաեւան նույնպես միայն աղջիկներ էր ունեցել, այդ պատճառով էլ ամուսինը նրան տանից դուրս էր արել: «Նրանք ինձ երկու աղջիկներիս հետ հորս տուն ուղարկեցին: Մենք դեռ պաշտոնապես բաժանված չենք, բայց արդեն մեկ տարի է, ինչ ամուսինս ու նրա հարազատները մեզանով չեն հետաքրքրվում: Ես հասկանում եմ, թե ինչու նա չի ուզում ինձ հետ ապրել, բայց ի՞նչ մեղք ունեն մեր երեխաները, որ աղջիկ են ծնվել»,- զարմանում է կինը: «Խնդիրները սկսվեցին, երբ երկվորյակ աղջիկներս ծնվեցին: Երբ կրկին հղիացա, եւ պարզվեց, որ նորից աղջիկ պետք է ծնվի, իսկական դժոխք սկսվեց: Ամուսինս եւ սկեսուրս ամեն օր առանց պատճառի ծեծում էին ինձ»: Իսկ երբ եկել էր ծննդաբերելու ժամանակը, ամուսինը հրաժարվել էր նրան հիվանդանոց տանել: «Նրանք ասացին` ինչո՞ւ պետք է կրկին վճարեն աղջկա համար: Ես ստիպված էի տանը ծննդաբերել. նրանք իրենց բարեկամին էին կանչել, ով մանկաբարձուհի էր: Ինձ օգնելու փոխարեն, նա միայն գոռում էր: Երեխան մահացավ, իսկ ես հազիվ փրկվեցի»: Երեխայի մահից երեք օր հետո կնոջը դուրս շպրտեցին տանից. ակտիվիստների խոսքերով` ընտանեկան բռնության այս դեպքերը երկրում սովորական բնույթ են կրում: «Ադրբեջանում կանայք հաճախ են բռնության ենթարկվում իրենց ամուսինների եւ նրանց ընտանիքների կողմից` աղջիկ երեխա ունենալու պատճառով: Ցանկալի արու զավակի փոխարեն աղջիկ ունենալու համար կանայք հաճախ շատ թանկ են վճարում` ընդհուպ մինչեւ ընտանիքի քայքայվելը»,- ասում է Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանաթ Ազիզովան: «Եւ բավական շատ են դեպքերը, երբ ամուսինը, նրա ծնողները կամ այլ բարեկամները ստիպում են կանանց աբորտ անել` աղջիկ երեխայից ազատվելու նպատակով»: Մահմեդական գիտնականները հավատացնում, որ Իսլամն արգելում է ոչ միայն արական եւ իգական սեռի երեխաների միջեւ ընտրություն կատարելը, այլեւ` աբորտները: Նրանց խոսքերը, սակայն, ազդեցություն չունեն մի երկրում, որտեղ տղա երեխա ունենալը շատ ավելի պատվաբեր է, քան աղջիկ ունենալը: Կանխակալ վերաբերմունքի մեկ այլ զոհ է դարձել 34-ամյա Մալահաթ Զամանովան, ով մեկ տղա եւ մեկ աղջիկ ունի: «Ադրբեջանցիներն ավելի շատ տղաներին են սիրում, քան աղջիկներին. այդպիսին է մեր մտածողությունը: Ամուսինս ինձ ստիպել է 6 անգամ աբորտ անել, մինչեւ արու զավակ ունենալը: Ամեն հղիության ժամանակ, երբ պետք է պարզվեր երեխայի սեռը, ես այնպես էի վախենում: Ամեն անգամ այսպիսի դժոխքի միջով պիտի անցնեի եւ չէի կարող բացատրել ամուսնուս, թե ինչ տառապանք է աբորտ անելը, հատկապես այսքան անգամ»,- ասում կինը: Այս միտումը նշանակալի ազդեցություն ունի երկրում ծնվող աղջիկների եւ տղաների հարաբերակցության վրա: Պետական վիճակագրական հանձնաժողովի տվյալների համաձայն` 2009-ի առաջին ինն ամիսների ընթացքում 109.500 երեխա է ծնվել, որոնց 54.1 տոկոսը արական սեռի են, 45.9 տոկոսը` իգական: Ներկայում, ընդհանուր առմամբ բնակչության մեջ տղամարդկանց եւ կանանց թիվը համարյա հավասար է, սակայն եթե իգական սեռի պտուղների աբորտը շարունակվի, երկրում կարող է դիսբալանս ստեղծվել: «Եթե այսպես շարունակվի, շուտով հարաբերակցությունը կփոխվի, եւ երկրում տղամարդկանց թիվը լրջորեն կգերազանցի կանանց թվին: Իսկ սա կարող է ժողովրդագրական ճգնաժամ առաջ բերել»,- ասում է մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆայզա Ալիեւան: Վիճակագրական հանձնաժողովի տվյալների համաձայն` 2008 թվականին հղիության արհեստական ընդհատման 25 հազար դեպք է եղել`ի տարբերություն նախորդ տարի գրանցված 22 հազարի: 60 տոկոսից ավելին տեղի է ունեցել հղիության երրորդ ամսում`այն ժամանակ, երբ երեխայի սեռը հեշտությամբ կարելի է պարզել ուլտրաձայնային հետազոտման ապարատի միջոցով: Փորձագետների կարծիքով` սա իր հերթին նշանակում է, որ հեռացված պտուղների մեծ մասը իգական սեռի է եղել: «Վերջերս հղի կանանց շրջանում ուլտրաձայնային հետազոտման նկատմամբ հետաքրքրության աճ է դրսեւորվում: Մեզ մոտ հետազոտվող կանանց 80 տոկոսը ցանկանում են պարզել երեխայի սեռը: Եւ նրանց մեծ մասը տղա են ցանկանում ունենալ` կամ իրենց կամքով կամ էլ իրենց ամուսինների եւ բարեկամների ստիպելով: Կանանցից շատերը տխրում են` լսելով, որ պետք է աղջիկ ծնվի, ոմանք նույնիսկ սկսում են լաց լինել»,- պատմում է Ալիեւան: Այս միտումի հնարավոր ժողովրդագրական ազդեցությունը ստիպել է պաշտոնյաներին միջոցներ ձեռնարկել. խորհրդարանում մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախագիծ են մշակել` վերարտադրողական առողջության եւ ընտանիքի պլանավորման վերաբերյալ: «Այդ օրենքով կանանց կարգելվի պարզել երեխայի սեռը նախքան հղիության երրորդ ամիսը, ինչպես նաեւ` երրորդ ամսից հետո աբորտ անելը: Բացի այդ, կարգելվի ընտրել ապագա երեխայի սեռը արհեստական բեղմնավորման ժամանակ: Կարծում եմ` այս դրույթները միտված են կրճատել աբորտների թիվը եւ կբերեն երեխաների շրջանում գենդերային հարաբերակցության կարգավորմանը»,- ասում է խորհրդարանի պատգամավոր Մալահաթ Հասանովան: Սամիրա Ահմեդբեյլի, Բաքու Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter