HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր ձեռնարկատերերը` հարկայինի նշանառության տակ

Գործազրկության աճի պայմաններում Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում ավելանում է աղքատների թիվը:  Ստեղծված իրավիճակում գործազրկության հիմնախնդիրը կարող է մեղմել փոքր ու միջին ձեռնարկատիրության խրախուսումը, մինչդեռ տարածաշրջանում այն չի իրականացվում: Հակառակը` պետական  անհրաժեշտ աջակցություն չստացող` անպաշտպան փոքր ձեռնարկատերերը հայտնվել են տարածաշրջանի հարկային մարմնի թիրախում, որը խոշոր հարկատուներին շրջանցելով` հարկահավաքության իր պլանները կատարում է մասնավորապես փոքր ձեռնարկատերերին ռեպրեսիաների ենթարկելով: Այս կապակցությամբ «Հետք»-ի դեկտեմբերի 21-ի «Նորիկ Այվազյանը անզիջում հարկահավաքություն է իրականացնում անպաշտպան և փոքր առևտրականների նկատմամբ» հրապարակումից հետո, Լոռու մարզի Թումանյանի ՏՀՏ-ի պետ Նորիկ Այվազյանը դեկտեմբերի 29-ին Ալավերդի քաղաքի 7 փոքր ձեռնարկատերերի նկատմամբ վճարման կարգադրություն արձակելու հայցեր է ներկայացրել Վարչական դատարանի Վանաձորի նստավայր: Պարզվում է, որ հրապարակված ահազանգից հետո Պետեկամուտների կոմիտեն ոչ միայն անհրաժեշտ հետևության չի եկել և հավուր պատշաճի չի քննարկել իր տարածքային մարմնի կողմից իրականացվող հարկահավաքության գործելակերպը, ինչպես նաև առևտրականներին օրենսդրական ճանապարհով հարկային դաշտ տեղափոխելու խնդիրը, այլ ընդհակառակը` խրախուսել է  իր ՏՀՏ-ի պետի գործելաոճը: «Քաղաքացիների նկատմամբ կազմված է եղել ստուգման ակտեր և վճարման կարգադրություն արձակելու հայց է ներկայացվել վարչական դատարան, առևտրականները մեզ դիմել են հակընդեմ հայց կազմելու խնդրանքով, քանի որ «Վարչական դատավարության» օրենսգրքին համապատասխան, եթե 14 օրվա ընթացքում քաղաքացին հակընդդեմ հայց չներկայացնի, ապա վճարման կարգադրությունն ուժ կստանա և միանգամից գումարը պետք է ներկայացվի վճարման: Մեր աջակցությամբ 7 հակընդդեմ հայց է ներկայացվել, որի արդյունքում  վճարման կարգադրությունը կվերացվի և գործերը կանցնեն հայցային վարույթի»,- ասաց ձեռնարկատերերի շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը: Փաստաբանի կարծիքով` Վարչական դատարանը պետք է մերժի Թումանյանի ՏՀՏ-ի կողմից 7 փոքր ձեռնարկատերերի նկատմամբ հայցերը. «Ելնելով այն տեսանկյունից, որ ստուգման ակտերը կազմվել են «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքին ոչ համապատասխան, այսինքն` ակտերը կազմվել են առանց ընթերականների մասնակցության և բացի դրանից, այն անձինք, որոնց դեմ ստուգման ակտեր են կազմվել, հրաժարվել են տվյալ ակտերը ստորագրելուց: Տվյալ դեպքում ոչ մի ապացույց չկա, որ այդ քաղաքացիները վարչական իրավախախտում են կատարել»: Այն հարցին, թե հնարավո՞ր չէ այդ առևտրականներին սիստեմատիկաբար տուգանքների ենթարկելու փոխարեն օրենսդրորեն տեղափոխել հարկային դաշտ, Ա. Ծատինյանը պատասխանեց. «Հնարավոր է, բացի այդ, եթե մարդիկ վարչական իրավախախտում են կատարում, օրենքը հնարավորություն է տալիս օրենքին համապատասխան վարչական ակտերը կազմվեն, որպեսզի հետագայում ստուգող մարմինը կարողանա ապացուցել օրենքը չկատարելու փաստը: Ես առնչվել եմ կոնկրետ այս հարկային ակտերի հետ, որտեղ հարկային մարմնի, այսինքն` Թումանյանի ՏՀՏ-ի կողմից հանձնարարագիրը տրվում է ոչ թե ստուգման ակտից առաջ, այլ ստուգման ակտը կազմելուց հետո, որը օրենքի խախտում է հանդիսանում: Դա նշանակում է, որ ստուգման ակտը կազմելու ժամանակ հարկային մարմնի աշխատակիցը համապատասխան հանձնարարություն չի ունեցել և առանց լիազորությունների է իրականացրել ստուգման գործողությունները»: Նա նաև հայտնեց, որ իրենց ծառայությանը առևտրականները դիմել են մի քանի օր առաջ` տոնական արձակուրդի պատճառով: Փաստաբանն ակնկալում է, վարչական դատարանը կմերժի 7 առևտրականների (ովքեր չեն ստորագրել Թումանյանի ՏՀՏ-ի ստուգման ակտերի տակ) դեմ ուղղված վճարման կարգադրություն արձակելու պահանջով հայցերը: «Որքան տեղյակ եմ, երկու հոգի են ստորագրել, մնացածները չեն ստորագրել»,- ասաց փաստաբանը: Պարզվեց` առևտրականները մասնավորապես դժգոհում են Թումանյանի ՏՀՏ-ի տեսուչ Սարգիս Նալբանդյանի գործողություններից:  «Հատկապես Ս. Նալբանդյանի կողմից կազմված ստուգման ակտերում է ակնհայտ առանց լիազորությունների ակտեր կազմելու հանգամանքը: Գործերում Ս. Նալբանդյանը հանձնարարագիր ստացել է ստուգման ակտերը կազմելուց հետո, որը փաստում է, որ ստուգման ժամանակ նա դրա լիազորությունները չի ունեցել: Նա պատճառաբանում է, որ հարկային տեսչությունում գործում է ներքին հանձնարարականը, իսկ օրենքում ներքին հանձնարական հասկացություն գոյություն չունի: Հարկային տեսուչը, առանց հանձնարաականի, իրավունք չունի ստուգում իրականացնելու, որը տվյալ դեպքում Թումանյանի ՏՀԿ-ում չի գործել: Դա փաստում է նաև նրանց կողմից վարչական դատարան ներկայացված հայցերը: Այս պարագայում տեսուչները օգտվել են առևտրակների գործող օրենքի չիմացությունից»,-ասաց Ա.Ծատինյանը: Փաստաբան Ռոման Կոնինյանն էլ հայտնեց, որ «երբ հարկային տեսուչները արձանագրում են որևէ խանութի խախտում, ակտը տվալ խանութում չեն կազմում,  որպեսզի խանութի տերը տվյալ արձանագրությանը ծանոթանա, ստորագրի կամ հրաժարվի ստորագրելուց: Ստուգման արդյունքները տանում են հարկային տեսչություն, այնտեղ 2-3 տեսուչ ստորագրում են, որոնք իրականում ստուգմանը ներկա չեն եղել, ստուգման ընթերականների և վկաներին շրջանցում են»: Փաստաբան Ա. Ծատինյանը հավելեց. «Բացի այդ, գոյություն ունի վարչական վարույթ: Եթե քաղաքացին տուգանվում է, հարկային մարմինը պարտավոր է նիստ հրավիրել, տուգանվող քաղաքացուն հրավիրել նիստին, ապա որոշում կայացնել տուգանք սահմանելու մասին: Այս ընթացակարգը Թումանյանի հարկային տեսչության կողմից չի պահպանվում: Մարդը տանը նստած, մեկ էլ գրություն է գալիս, որ ինքը տուգանվել է: Քաղաքացիները կարող են փաստել, որ իրենց նկատմամբ ակտը կազմել է մեկ տեսուչ, սակայն, երբ ակտը նրանց է ուղարկվել, նրա տակ ստորագրված են եղել 2-3 տեսուչի կողմից: Նույնիսկ հայցերում երևում է, որ ստուգման ակտերի տակ կեղծ ընթերականներ են ստորագրել: Ինչի՞ համար եմ ասում կեղծ, որովհետև ինչպե՞ս կարող է նույն քաղաքացին տարբեր տեղերում վարչական իրավախախտումներում լինի ընթերակա»: Փաստաբանը գտնում է, որ եթե ստուգումներ կատարվեն Թումանյանի ՏՀՏ-ի վարչական դատարան ներկայացված ստուգման ակտերում, կպարզվի, որ ընդհանուր ընթերակայի պարտականությունները կատարել են մի քանի նույն մարդիկ: Առևտրական Սուրեն Աղայանի հակընդդեմ հայցից պարզվեց, որ Վարչական դատարանից նրան է ուղարկվել ոչ թե իր անվամբ, այլ Թումանյանի ՏՀՏ-ի կողմից այլ քաղաքացու` Սուրեն Մարտիրոսյանի դեմ արձակված վճարման կարգադրություն. «Եթե ընդունենք, որ վճարման կարգադրությունը ուղարկվել է թյուրիմացաբար այլ ազգանունով, ապա նման ձևով նույնպես ինձ պարզ չէ, թե ինչ հարկային պարտականության մասին է խոսքը: Այսինքն` ես նման իրավախախտում չեմ կատարել և ընդհանրապես տեղյակ չեմ, թե ինչ ստուգման ակտ է կազմվել»: Իր հակընդդեմ հայցում առևտրական Ն. Թարիվերդյանը նույնպես հայտնել է, որ տեղյակ չէ որևէ ստուգման ակտից: Հարկային ստուգման ակտերին, փաստորեն, 7 առևտրականներից տեղյակ են ընդամենը 2-ը, որոնք էլ, ըստ փաստաբանների, վարչական դատարանում ի զորու են ապացուցելու, որ շուկայում վաճառում են իրենց սեփական այգիների բանջարեղենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter