HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ, ԼՂՀ իշխանություններին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հիշեցնում է «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը Բաքվի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների եւ քրեական տարրերի կողմից իրագործված ցեղասպան գործողությունների 20-ամյա տարելիցի նախօրեին հարկ ենք համարում արձանագրել, որ 1988 թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նենգափոխվել է ադրբեջանական կողմի ջանքերով, Մինսկի խմբի համանախագահ միջնորդների թողտվությամբ ու ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների քաղաքական անսկզբունքայնության արդյունքում: Այս նենգափոխության հետեւանքով բանակցային գործընթացը որպես ցանկալի վերջնարդյունք դիտարկում է ոչ թե ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով ԼՂ քաղաքական հիմնախնդրի պատերազմական ճանապարհով լուծելու ցանկությունը, այլ ադրբեջանական ագրեսիայից արցախահայության պաշտպանվելու իրավունքից օգտվելու փաստի դատապարտումը: Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները ԼՂ հիմնախնդրին վերաբերող բոլոր բանակցությունների, պաշտոնական եւ ոչ պաշտոնական զրույցների ընթացքում  պաշտպանեն հետեւյալ դրույթները. - ԼՂ հիմնախնդրի առաջացման պատճառը այդ տարածաշրջանի կամայական բռնակցումն էր Ադրբեջանական ԽՍՀ-ին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո 1920-1921 թթ. եւ դրան հաջորդած տասնամյակների ընթացքում տեղի հայ ազգաբնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների վարած խտրական քաղաքականությունն ու բռնաճնշումները, - 1988 թ. փետրվարի 20-ին  արցախահայությունը ԼՂԻՄ-ի ենթակայության խնդիրը բարձրացրել էր բացառապես քաղաքական հարթության վրա: Ադրբեջանի իշխանությունները այս գործելակերպին պատասխանեցին Սումգայիթյան ցեղասպան գործողությամբ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի ողջ տարածքում հայ բնակչության էթնիկ զտումներով, ինչի արդյունքում մինչեւ 1990 թ. հունվարի 19-ը ավելի քան կես միլիոն հայեր դարձան փախստական եւ վտարվեցին Ադրբեջանից, - 1991 թ. Ադրբեջանը դիմեց պատերազմական գործողությունների ընդդեմ արտաքին աշխարհից կտրված, կղզիացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Պատերազմի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ` հայեր եւ ադրբեջանցիներ ստիպված էին լքել իրենց նախկին բնակության վայրերը, - պատերազմն Ադրբեջանի համար ունեցավ անփառունակ ավարտ` այդ երկիրը ռազմական պարտություն կրեց: Քաղաքական խնդիրը բռնությամբ լուծելու Ադրբեջանի ձգտումը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի, մեծագույն ավերածությունների, իսկ ավելի քան 1,2 միլիոն մարդու դարձրեց փախստական եւ բռնի տեղահանված: Ցանկանում ենք հիշեցնել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որ. - ԼՂ հիմնախնդիրն այսօր այլեւս չի սահմանափակվում միայն Արցախի միջազգային ճանաչումով, այն էլ` ԼՂԻՄ-ի սահմաններում, - հայերի հանդեպ էթնիկ զտումներ ու բռնություններ իրագործվել են ոչ միայն ԼՂ-ի տարածքում (ինչպես հայտարարում է ՀՀ ԱԳ նախարարը), այլ` Ադրբեջանի ողջ տարածքում, - ՀՀ-ն արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը կանխելու նպատակով իրավունք ուներ միջամտել իրադարձություններին թե´ քաղաքական, թե´ ռազմական քայլերի դիմելու միջոցով, - տեղի ունեցածի համար պատասխանատու են ոչ միայն Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները, այլեւ ողջ ժողովուրդը, որը պատասխանատվություն է կրում սեփական իշխանությունների գործողությունների համար, - էթնիկ զտումներ եւ պատերազմական գործողություններ նախաձեռնած Ադրբեջանական Հանրապետությունը պետք է փոխհատուցում տա Հայաստանին, Արցախին եւ ադրբեջանահայությանը հասցված բոլոր վնասների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter