HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» հայտարարում է, որ չի ընդունելու ՍԴ-ի մասնակցությամբ «օրինականացվող» կեղծիքը

«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է մամուլի հաղորդագրություն: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

Դեռեւս 2009թ. սեպտեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների` 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ եւ անհրաժեշտ էր համարել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ պետական-հասարակական-քաղաքական վերաբերմունքի ու տեսակետների վերհանումը:

Սահմանադրական դատարանում հարցի քննարկումը կուսակցության առաջարկած 10 քայլերից մեկն էր, որի կապակցությամբ սեպետմբերի 23-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը դիմեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին` խնդրելով ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորներին»: Չնայած սեպտեմբերի 24-ով թվագրված ՍԴ աշխատակազմի ղեկավարի պատասխան նամակով հայտնվել էր, թե «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն (մասնավորապես օրենքի 14 հոդված) Սահմանադրական դատարանն ու նրա անդամները չեն կարող քննարկման առարկա դարձնել եւ կարծիք արտահայտել սահմանադրական դատարանում քննարկվելիք գործի վերաբերյալ», դա չխանգարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին օրեր անց ուղեկցելու նախագահ Սերժ Սարգսյանին` իր «սփյուռքյան շրջագայության ու խորհրդակցությունների» ընթացքում: Սույն «իրադարձության» կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: 2009 թվականի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության քաղաքներում բողոքի գործողություններ անցկացրեցին ընդդեմ ՀՀ-ում տիրող հակաժողովրդավարական իրավիճակի, ազգային խնդիրների լուծման ու հետամտման վրա դրանց եւ վարչախմբի վարած հակահայկական քաղաքականության ազդեցության, հայ-թուրքական արձանագրությունների ու «մադրիդյան սկզբունքների»: Իրազեկման ու բողոքի այդ գործողությունները հիմնականում խոչընդոտվել են ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնց գործողությունները պարունակել են քրեորեն հետապնդելի արարքներ, ինչի վերաբերյալ բազմիցս տրվել են համապատասխան հաղորդումներ, որոնք, սակայն, առ այսօր ՀՀ օրենսդրության համապատասխան, գնահատական չեն ստացել: Իսկ հանցագործություն կատարած անձինք` ոստիկանները, մնացել են անպատիժ: Հունվարի 11-ին «Ո’չ հայ-թուրքական արձանագրություններին» բողոքի հերթական ակցիայի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցությունը եւ ակցիայի մասնակից քաղաքական-հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները ՍԴ-ին փոխանցեցին ՀՀ Սահմանադրությանը հայ-թուրքական արձանագրությունների անհամապատասխանությունը փաստող դիմում: Իսկ հունվարի 12-ին Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների, կուսակցական ու քաղաքացիական ակտիվիստների կողմից Սահմանադրական դատարանի անդամներին ուղարկվեց հայտարարություն` գործի անկողմնակալ քննության եւ օրինական որոշում ընդունելու վերջին հորդորով: Անտեսելով թե «Ժառանգության», թե հայաստանյան ու սփյուռքյան շրջանակների ավելի քան մեկամյա ընդդիմացումը հայ-թուրքկան հարաբերությունների կարգավորման` ազգային անվտանգությունն ու շահերը վտանգող ներկայիս ընթացքին, 2010թ. հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով լսեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստորագրված հայ-թուրքական զույգ արձանագրությունների` Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցը եւ որոշում հրապարակեց այդ արձանագրություններով ստանձնելիք պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ: Ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը այդ արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի 12.01.2010թ. ընդունած որոշման կապակցությամբ: «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը հայ-թուրքական զույգ արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած 12.01.2010թ. որոշման կապակցությամբ Հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանի ստանձնելիք պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի 12.01.2010թ. որոշումը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է հակասահմանադրական, հակաօրինական, հակապետական եւ հակազգային ակտ` կայացված ոչ թե հանուն, այլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, նրանց քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայության: Հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման պահից ի վեր «Ժառանգություն» կուսակցությունն ու նրա ակտիվիստները հայտարարություններով, բողոքի ակցիաներով, հրապարակային ելույթներով, հոդվածներով դեմ են արտահայտվել դրանց այն պարզ եւ հստակ հիմնավորմամբ, որ դրանք վտանգում են Հայաստանի ազգային-պետական շահերը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում` դրանով իսկ սահմանափակելով ՀՀ ինքնիշխանությունը Սահմանադրությամբ, նրա նախաբանով եւ Հայաստանի անկախության հռչակագրով հաստատագրված ինքնիշխան նպատակների իրականացման առումով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի համարվող 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Իսկ 2-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: ՀՀ Սահմանադրության սույն հոդվածներով Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ամրագրված է իբրեւ ներկայացուցչական, ժողովրդական ինքնիշխանություն, որն իրացվում է կամ ուղղակիորեն` ժողովրդի կողմից, կամ պատվիրակված` նրա ներկայացուցիչների միջոցով: ՀՀ Սահմանադրության նախաբանով վերստեղծված հայոց ինքնիշխանության համար որպես հիմք ընդունված են Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները` «Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», «հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում պատասխանատվությունը», «1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների զարգացումը», «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարումը»: Սահմանադրորեն հղված ու հաստատագրված այս նպատակները մեկընդմիշտ համարվում են ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ԺՈՂՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականությունների ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՕՐԻՆԱԿԱՆ նպատակները: 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում պարտադրանքների տակ ու աճպարարությունների միջոցով ստորագրված հայ-թուրքական զույգ արձանագրություններով Հայաստանը, մասնավորապես, ստանձնում է պարտավորություններ, այն է` վերահաստատել «երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի ընդհանուր ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով», «ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողովի պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար»: Առաջին պարտավորության ընդունումը ուղի է հարթում Թուրքիայի տարածքային ամբողջականության, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ իրավական ու փաստացի սահմանի վերաբերյալ անգամ միջազգային մակարդակում առկա վեճի լուծման համար` ի վնաս Հայաստանի եւ խարխլում հայոց ազգային չիրացված իրավունքների հիմքերը: Երկրորդ պարտավորության ընդունմամբ պայմաններ են ստեղծում Հայոց ցեղասպանության միանշանակ, աշխարհի բազում երկրների կողմից անկողմնակալ մոտեցմամբ ճանաչված փաստի վիճարկման համար: Սույն պարտավորությունների կատարումը «բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց ձեռնպահ մնալու», «երկկողմ եւ միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու եւ հարգումը երաշխավորելու» միջազգային-միջպետական հանձնառությունների ներքո հող են նախապատրաստելու Արցախի խնդրով «Մադրիդյան սկզբունքները» պարտադրելու համար: Այդպիսով` հիշյալ պարտավորությունների կատարումը ոչ միայն ուղի են հարթում Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող հայտնի նախապայմանների բավարարման համար, այլեւ սահմանափակելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների եւ համազգային նպատակների հիման վրա ինքնիշխան ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացումը: Միայն թվարկվածը Սահմանադրական դատարանի համար բավարար հիմք պետք է լիներ` որոշում կայացնելու հայ-թուրքական զույգ արձանագրություններով Հայաստանի ստանձնելիք պարտավարությունները ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ հոդվածներին չհամապատասխանելու վերաբերյալ: Մինչդեռ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ վկայեց, որ իբրեւ պետական իշխանության մարմին ոչ միան պատվիրակված ժողովրդական ինքնիշխանության կրողը չէ, այլեւ հանցագործ մոտեցում է ցուցաբերել` ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունն ու նրա առանցքային դրույթները, անարգել է Հայաստանի Հանրապետության հիմնարար ատրիբուտները եւ իր որոշմամբ վտանգել ապագայում Հայաստանի կողմից սահմանադրորեն վավերագրված ինքնիշխան նպատակներին հասնելու, դեռեւս տիրազուրկ հայոց իրավունքներին երբեւէ տեր կանգնելու հեռանկարը:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ.

• չի ընդունելու արդեն իսկ Սահմանադրական դատարանի մասակցությամբ «օրինականացվող» կեղծիքը,

• Սահմանադրական դատարանը մեղսակից է հակահայկական դավադրության մեջ ու Հայրենազրկման հերթական արարի համար,

• Սահմանադրական դատարանը կիսում է հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչման հետեւանքով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների շուրջ ուրվագծվող վտանգավոր զարգացումներին օժանդակելու պատասխանատվությունը,

• շրջադարձային, վտանգավոր զարգացումների, որոշումների եւ դրանք համալրած Սահմանադրական դատարանի որոշման պատասխանատվությունը կրում են այս ամենի հիմքում կանգնած Հայաստանի նախագահություններն ու նրանց քաղաքականությանը հավանություն տված քաղաքական ուժերը,

• Սերժ Սարգսյանը եւ նրա վարչախումբը հատել են ինքնահրաժարականի ու պատասխանատվության բոլոր շեմերը:

Երեւան, 12 հունվարի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter