HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այն, ինչ կատարվել է Բաքվում եւ Սումգայիթում, ցեղասպանություն էր»,- ասում են ականատեսները

«Ես կորցրի իմ 16-ամյա եղբորը: Եղբայրներս երեքն էին: Նրանց բռնեցին: Երկուսը ներկայացան իբրեւ ադրբեջանցիներ, իսկ երրորդին չհավատացին: Բռնեցին: Նրան ազատելու համար մեզնից փող ուզեցին, որի չափը ժամառժամ աճում էր: Վերջին զանգին էինք սպասում, որ փոխանակում կատարենք: Հաջորդ օրը գտանք նրա մարմինը. նրան ծեծել էին, ծեծելով սպանել: Դրանից հետո մենք փախանք, թողեցինք ամեն ինչ Բաքվում»,- լրագրողներին «Արմատ» ակումում պատմեց Բաքվի ջարդերի ականատեսներից մեկը` Էդիտա Ալթունովան: Սումգայիթի ջարդերի ականատես Էլեոնորա Ավանեսովան ասաց. «Մարդկանց ողջ-ողջ նետում էին խարույկի մեջ, բացահայտ թշնամության նշաններ ցույց տալիս: Այդ դեպքերից հետո ես թողեցի եւ եկա Սպիտակ, իսկ այստեղ եղավ երկրաշարժը: Կրկնակի կորուստ կրեցի: Այդպես ես ժամանակին 2 փորձանքից էլ ազատվեցի: Ամեն ինչ շատ ավելի շուտվանից էր սկսվել. արդեն 10 տարի էր, ինչ մենք նույն շենքում էինք ապրում, բայց նրանք մինչեւ վեցին, որ մենք հայեր ենք: Գրում էի հոդվածներ, որոնց տակ իմ ստորագրությունը չէր դրվում»: Նրա ասելով` հայերի և ադրբեջանցիների միջև խտրականություն միշտ էլ դրվել է, բայց ոչ ոք չէր սպասում, որ արյունահեղություն կլինի: «Ինչ սարսափ էր տիրում. մարդիկ թաքնվում էին, վախենում դուրս գալ: Անգամ երկրաշարժն այդքան սարսափելի չէր: Ամեն ինչ թողեցինք. 3 բնակարան, կահույք: Սարսափելի էր, դա հնարավոր չէ բառերով արտահայտել: Նրանք ցուցակներով մտնում էին տուն, սպանում, կողոպտում: Մեկ տարի էր, ինչ պատրաստվում էին: Ալիևի` իշխանության գլուխ գալուց հետո վիճակն ավելի վատացավ: Սրվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ 1987-89 թթ. բարձրացավ Ղարաբաղի հարցը»: Ականատեսների պատմելով` վիճակն ավելի սրվեց, երբ Հայաստանից հետ եկան ադրբեջանցիները. «Հիշում եմ` երբ կատարվում էր փոխանակում` հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, հայերը գնում էին, նրանք գալիս: Հենց օդանավակայանում մի ադրբեջանցի կին սկսեց հրահրել ներկա ադրբեջանցիներին, թե հայերն այնտեղ մեզ սպանում են, իսկ դուք առոք-փառոք ճանապարհում եք նրանց: Նման պատմությունները հրահրում էին եւ ստեղծում ազգամիջյան կոնֆլիկտ»: Ականատեսների բնութագրմամբ` Ադրբեջանում կատարվածը պարզապես ջարդեր չէին: «Դա ցեղասպանություն էր, էթնիկ զտում, նրանք սպանում էին միայն հայերին, ոչ մի տարբերություն»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը: Փախստականների ասելով` իրենք դեռեւս չունեն Հայաստանի քաղաքացիություն, ոտնահարվում են իրենց իրավունքները, եւ ամենակարեւորը` իրենք չունեն մշտական բնակության վայր: «Մենք ապրում ենք հանրակացարաններում, ապրում ենք անմարդկային պայմաններում, բայց դա մեր իշխանությանը չի հուզում: Մեր իրավունքները` ազատ տեղաշարժվելու, եւ այլն, մշտապես ոտնահարվում են:- ասաց Ռոբերտ Խաչատրյանը, ապա ավելացրեց, - մենք կարծես չկանք: Հիշում եմ` ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանին Սլովակիայի ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հարցրին, թե ինչպես է Հայաստանում փախստականների վիճակը, ասաց, թե Հայաստանում չկան փախստականներ: Նրանք հայեր են, ովքեր վերադարձել են իրենց պատմական հայրենիք»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter