HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը

Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան «ինտերնացիոնալ» համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում` Սումգայիթում 1988 թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակությունը: Անպատիժ չարիքը կրկնվեց` ընդլայնելով իր մասշտաբները: 1990 թ. հունվարի 13-19-ը, մարդկանց դեմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքվի կոտորածը վերջակետ դրեց այդ երկրի պետականաստեղծ ազգերից մեկի ներկայացուցիչներից` Բաքվի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից` հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկ զտելու հարցում: Բաքվի հազարավոր հայեր զոհվեցին, հաշմանդամ դարձան, հարյուր հազարավորները` փախստական: Հիրավի ֆաշիստական վայրագությունների զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք: Խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությամբ, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության լուռ համաձայնությամբ ու մասնակցությամբ` Հայոց հարցը լուծվեց թուրքական փորձված գործիքի` ցեղասպանության միջոցով: Եւ եթե Սումգայիթում խոհրդային զորքերը «ուշացան» 3 օրով, ապա Բաքվում` մի ամբողջ շաբաթով` քաղաք մտնելով միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթե հայ չէր մնացել: Բաքվի հրեշավոր ոճրագործությանը առայժմ ոչ՛ քաղաքական, ոչ՛ իրավական, ոչ՛ բարոյական գնահատական չի տրվել: Հայերի նկատմամբ իրականացված վայրագություններն ադրբեջանական իշխանությունների կողմից լռության մատնելու փաստն ինքնին աղաղակող ցինիզմ է: Անգամ զղջումի որեւէ նշույլի բացակայությունը, դեռ ավելին, հայ ժողովրդի հանդեպ աճող սպառնալիքները հաստատում են, որ «բաքուները», «սումգայիթները», «կիրովաբադները» դեռեւս մնում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության օրակարգում: Եւ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, որը, ըստ ամենայնի, չի պատրաստվում դասեր քաղել անցյալից. չէ որ հենց միջազգային հանրության թողտվությամբ է հնարավոր դարձել արյունալի վաքխանալիան, որը համակել էր Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքը եւ Բաքվում իր գագաթնակետին էր հասել 1990 թ. հունվարին: Բաքվի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության` Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության օգտին ամենահամոզիչ փաստարկներից մեկն են հանդիսանում: Հայերի հանդեպ վայրագությունները, որոնք կանոնավոր կերպով կազմակերպվում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից ողջ 20-րդ դարի ընթացքում, կրկին անգամ ընդգծում են Արցախի ժողովրդի իրավացիությունը, որը պայքարի ելավ իր վաղնջական իրավունքների ազատության ու պաշտպանության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter