HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պետբյուջե է վերադարձվել 13 մլն դրամ

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանն ամփոփեց 2009թ. տարեկան գործունեության ծրագրի կատարման արդյունքները: Նրա խոսքերով, ծրագրային հարցերի կատարման նպատակով տարվա ընթացքում վերահսկողություն է իրականացվել 55 օբյեկտում, որից 16-ը` պետական մարմին, 13-ը` տեղական ինքնակառավարման մարմին, 20-ը` պետական ոչ առեւտրային կազմակերպություն, 6-ը` փակ բաժնետիրական ընկերություն: Վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունների վերաբերյալ  վերահսկվող օբյեկտներից միայն երեքն են առարկություններ ներկայացրել. դրանք էին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, Ստեփանակերտի քաղաքապետարանն ու Արցախի պետհամալսարանը: ՎՊ խորհուրդը քննել է վերջինների ներկայացրած առարկությունները, որոնք արդյունքում չեն ընդունվել: ՎՊ խորհրդի հաստատած ընթացիկ հաշվետվությունների եւ եզրակացությունների դեմ դատական կարգով բողոքներ նույնպես չեն ստացվել, վստահեցրել է ՎՊ նախագահը: «Վերահսկողությամբ ընդգրկված ֆինանսական միջոցառումների ընդհանուր ծավալը կազմել է 9022177.6 հազ. դրամ, որից  222354.4 հազ. դրամի չափով  կամ 2.5 տոկոս ֆինանսական խախտումներ են արձանագրվել, այդ թվում` վերականգնման ենթակա 20715.6 հազ. դրամ (որից գույքի պակասորդ`  5368.2 հազ. դրամ) կամ խախտումների 9.3 տոկոս»,- տեղեկացրել է Արթուր Մոսիյանը` հավելելով, որ հունվարի 1-ի դրությամբ վերականգնման ենթակա գումարներից մոտ 13 մլն դրամն արդեն մտցվել է պետբյուջե, իսկ մյուս մասը կվերադարձվի նախատեսված ժամկետներում: Արթուր Մոսիյանի խոսքերով` վերահսկվող օբյեկտների արած խախտումները, թերությունները եւ բացթողումները հիմնականում արձանագրվել են ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման (գնումների գործընթացը կարգավորող ԼՂՀ օրենսդրության պահանջների խախտում), խրախուսման (պարգեւատրման) ժամանակ, ինչպես նաեւ  «Ներկայացուցչական ծախսեր», «Ղեկավարի ֆոնդ», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» ծախսատեսակների ուղղութամբ: Սակայն, ի տարբերություն 2008 թվականի, 2009 թվականի տարեկան ծրագրի վերահսկողության արդյունքներով կազմված արձանագրություններն ու հաշվետվությունները ԼՂՀ գլխավոր դատախազություն չեն ուղարկվել` դրանցում քրեաիրավական խախտումների վերաբերյալ կասկածների բացակայության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter