HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծաղկաձոր-Երեւան երթուղին սպասարկվում է օրական ընդամենը 2 անգամ

Ծաղկաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված` «Ինչպես հասնել Ծաղկաձոր» բաժնում քաղաքապետարանի աշխատակազմը մանրամասն նկարագրել է, թե զբոսաշրջիկներն ու հյուրերն ինչպես հասնեն Հայաստանի զբոսաշրջային կենտրոն: Ասենք` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից  հանգստավայր (75 կմ) կարելի է հասնել` տաքսիով (60 դոլար), տրանսֆեր պատվիրել (Ծաղկաձորի հյուրանոցում նախապես համար պատվիրելիս) եւ, վերջապես, ավտոբուսով հասնել Երևան քաղաքի հյուսիսային ավտոկայան, որտեղից էլ նստել Ծաղկաձոր տանող միկրոավտոբուս (1,5 դոլար): Առաջին 2 տարբերակների դեպքում ուղեւորն ինչ-որ չափով վստահ է, որ կհասնի Ծաղկաձոր կամ հակառակը` կգնա Երեւան: Հատկապես այս սեզոնին Ծաղկաձորի հանգստյան տներում ազատ տեղեր չկան. քաղաքը մարդաշատ է ձմեռային հանգիստը նախընտրող զբոսաշրջիկներով եւ հյուրերով, մինչդեռ Ծաղկաձոր-Երեւան երթուղին սպասարկվում է օրը 2 անգամ` առավոտյան ժամը 9-ին եւ 16-ին: Մնացած ժամերին եթե որեւէ մեկը «համարձակվի» Երեւան գնալ, պետք է դիմի տաքսիների օգնությանը: Միկրոավտոբուսը Ծաղկաձորից ուղեւորներին հասցնում է մինչեւ «ռայկոմի շենք» 600 դրամով: Տաքսիները նույնպես իրենց վերջնակետը համարում են «ռայկոմը», սակայն տարբեր օրերին փոխադրում կատարում են տարբեր գներով` 6-ից 10 հազար դրամով: Տաքսիների գները կապված է միկրոավտոբուսի ժամանման ուշացումից, ձյան առատությունից, ինչպես նաեւ քաղաքում երեւացող ճանապարհային ոստիկանների քանակից: Ծաղկաձորից Երեւան գնացող կանգառում կայանած տաքսիները տեսնելով, որ միկրոավտոբուսն ուշանում է Երեւան հասնելու համար, ուղեւորից վերցնում են 10 հազար դրամ: Նրանք հաշվարկում եւ ուղեւարձի մեջ ներառում են նաեւ, խախտում կատարելու դեպքում ճանապարհային ոստիկանության կողմից տուգանվող գումարի չափը: Հունվարի 6-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ծաղկաձորում, իսկ քաղաքի փողոցների ամեն անկյունում ճանապարհային ոստիկաններ էին կանգնած, տաքսու վարորդները միաբերան հայտարարեցին, թե «այսօր Երեւան կտանեն 10 հազար դրամով»: Միայն «Ծաղկաձոր» տաքսի սերվիսն էր հունվարի 6-ին աշխատում 6 հազարով, սակայն պետք է մարդիկ փողոցներում նվազագույնը սպասեին 30 րոպե, քանի որ ազատ ավտոմեքենա չունեին: Մինչեւ միկրոավտոբուսի գալը Ծաղկաձորի կանգառում նկատվում էր մարդկանց կուտակումներ եւ նրանց թիվը հասնում էր 2 տասնյակի: Նրանց մի մասը, չդիմանալով ցրտին, ստիպված Երեւան հասան տաքսիներով: Եթե նույնիսկ նրանք տաքսիներով չգնային, ակնհայտ էր, որ մեկ միկրոավտոբուսը չէր տեղավորի այդքան մարդ: Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը «Հետքին» փոխանցեց, որ «Վի-Լայն» ՍՊԸ-ն երթուղին շահել է այդ գրաֆիկով աշխատելու պայմանով: «Գծատերն աշխատում է այնքան, ինչքան որ մրցույթը շահելու պայմանում է նշված եղել: Եթե տրանսպորտի պահանջարկը մեծ է, ապա սպասարկողը պետք է դիմի նախարարություն եւ փոփոխություն մտցնի պայմաններում: Դրա համար կկազմվի հանձնաժողով եւ կքննարկի հարցը»,- ասաց Ս. Տոնոյանը: Նրա ասելով` բնակչությունը նույնպես կարող է դիմել նախարարություն, որպեսզի երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների հաճախելիությունն ավելացվի: Ըստ Սուսաննա Տոնոյանի` «Ծաղկաձորի երթուղու սպասարկման համար որեւէ մեկը Տրանսպորտի եւ կապի նախարարություն չի դիմել»: Ծաղկաձորի փոխքաղաքապետ Հովհաննես Մկրտչյանից էլ հետաքրքրվեցինք, արդյոք տրանսպորտի խնդիրը չի՞ վնասում քաղաքում զբոսաշրջության զարգացմանը: Փոխքաղաքապետը նշեց, թե այդ հարցով դիմենք միայն Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, քանի որ իրենք այդ երթուղու հետ որեւէ կապ չունեն: «Մենք տեղեկություններ չունենք, թե տրանսպորտը ինչքանով է վնասում զբոսաշրջության զարգացմանը: Ասեմ, որ այդ հարցով քաղաքապետարանը ոչ մի բողոք չի ստացել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter