HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 10/19 ընտրատեղամասում խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն

Թիվ 10/19 ընտրատեղամասում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը 2010թ. հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հունվարի 12-ի դրությամբ ստացվել է 1 հաղորդում, եւս 7 հաղորդման ընթացք է տրվել դատախազության նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում: Մասնավորապես՝ 2010թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:45-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը: Նույն օրը թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Պետրոս Մակեյանը, Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը, որոնք հիվանդանոցում բանավոր հայտարարել են, որ մարմնական վնասվածքները ստացել են  թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ: Ահազանգից հետո վերջիններս տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնության ստանալուց հետո դուրս են գրվել: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում է ստացվել նաեւ պատգամավորության թեկնածու Ա.Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանից, ով հայտնել է, որ  հունվարի 10-ին թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց՝ ժամը 14:30-ի սահմաններում, նկատել է, որ պատգամավորության թեկնածու Ն.Փաշինյանի վստահված անձ Պ.Մակեյանը իր երկու համախոհների հետ քարոզչություն է իրականացնում Ն.Փաշինյանի օգտին եւ նախազգուշացրել է, որ դադարեցնեն այն: Առաջացել է վիճաբանություն, որը հետագայում վերածվել է ծեծկռտուքի: Հունվարի 10-ին հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցներին Պ.Մակեյանը, Կ.Մակեյանը եւ Ս.Մարտիրոսյանը հրաժարվել են բացատրություն տալ: Դեպքի կապակցությամբ Պ.Մակեյանը բացատրություն է տվել միայն հունվարի 12-ին, ոստիկանության բաժնում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում դատախազությունը ցուցում է տվել ոստիկանությանը ստուգել թիվ 10/19, 10/14, 10/15, 10/20, 10/12, 10/18, 10/24 ընտրատեղամասերում ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ հրապարակումներում մատնանշված հանգամանքները եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: Հետաքննության արդյունքում թիվ 10/19 ընտրատեղամասում արձանագրված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հունվարի 13-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն իրականացնելու համար: Մնացած ընտրատեղամասերի վերաբերյալ հրապարակումների ուղղությամբ ոստիկանությունում հետաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter