Մամուլի տեսություն
«Սաղիդ տանելու եմ ԳԱՅ-ի պլաշադկա»
Հունվարի 12-ին, երեկոյան 19:30-ի սահմաններում, Երևանի Աբովյան փողոցում, SAS սուպերմարկետի դիմաց, թերթի աշխատակիցն ականատես է եղել, թե ինչպես էր սև գույնի ԳԱԶ-31 մակնիշի 039 ՈՍ 01 համարանիշով մեքենայից իջած անձը (դատելով համարից` նա պետք է որ լինի ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բարձրաստիճան աշխատակից) խանութի մատույցներին կանգնած տաքսիների վարորդներից պահանջում իր մեքենայի համար տեղ ազատել, քանի որ ինքը պետք է գնումներ կատարի:
Ոստիկանը, խախտելով երթևեկության կանոնները, ստեղծել էր վթարային իրավիճակ` փակելով փողոցի մի մասը և մեքենայով հարվածել այնտեղ կանգնած մի տաքսու: Ի դեպ, նշված հատվածում կա նշան, համաձայն որի` այդ վայրում կարող են կանգնել միայն տաքսի-ավտոմեքենաները: Շուրջ 30 րոպե հիշյալ անձը «բազար էր անում»: Թերթի հետ զրույցում տաքսիների վարորդներն ասացին, որ ոստիկանը նաև սպառնում էր իր պահանջը չկատարելու դեպքում` «Սաղիդ տանելու եմ ԳԱՅ-ի պլաշադկա»: Հիշեցնենք, որ իրենց ասուլիսներում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը լրագրողներին հավաստիացնում էին, թե ՀՀ նախագահի կողմից հատուկ ցուցում կա, որ ոստիկանը պետք է լինի թիվ մեկ օրինապաշտը:
Աղմուկն ավելի շատ էր, քան կազմակերպչական աշխատանքը Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ, փորձագետ Արմեն Բադալյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններին, ասաց, թե իր տպավորությամբ այս անգամ ընդդիմությունը ընտրությունները շատ վատ էր կազմակերպել, ու հավելեց. «Այս ընտրություններում ես միայն մի բան նկատեցի. աղմուկը, որ` հեսա, Նիկոլը գալիս է պառլամենտ, և տեսեք, թե ինչ է անելու, ավելի շատ էր, քան բուն կազմակերպչական աշխատանքը: Իմ տպավորությամբ, ընդդիմությունը բնավ նպատակ չուներ Փաշինյանին պատգամավոր դարձնել, կստացվեր` ավելի լավ: Նրա նպատակն էր ցույց տալ, որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող «դրսին» ասել` ԼՂՀ հարցում ինձ մի ճնշեք, «ներսում» ուժեղ ընդդիմություն ու հասարակություն կա»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ թիվ 10 ԸԸՀ-ի Դաշնակցության անդամը չի ստորագրելու հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ ընտրությունների ամփոփիչ արձանագրությունների տակ: «Հունվարի 10-ի ընտրությունները մենք համարել ենք, որ այդտեղ եղել են լուրջ խախտումներ: Էդ մթնոլորտը, որում անցկացվել են ընտրությունները, բացարձակապես մեզ չի բավարարում: Մենք երկու տեղամասում չենք ստորագրել արձանագրությունները, և ընտրատարածքային մեր հանձնաժողովի անդամը ևս չի ստորագրելու արձանագրությունները»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
Դավաճանությունից ձեռքբերում մի քայլ է
ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարել է, թե «մենք կարող ենք Սահմանադրական դատարանի այս որոշումը մեր համահայկական պայքարի, այդ պայքարին միացած հասարակական ու քաղաքական կազմակերպությունների, մեր ամբողջ ժողովրդի որոշակի ձեռքբերումը համարել»: «ՉԻ» - Լավ է ասված: ՀՅԴ-ն հավաքվում է ՍԴ-ի շենքի առաջ ու պահանջում, որ հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեն Սահմանադրությանը հակասող: ՍԴ-ն ճիշտ հակառակ որոշումն է ընդունում, դահլիճում հնչում են «ամոթ», «դավաճաններ» և այլ վանկարկումներ, իսկ հաջորդ օրը պարզվում է, որ այդ որոշումը «ձեռքբերում էր»: Իրականությունն այն է, որ ՀՅԴ-ն փաստորեն շարունակում է «կողմ ըլլալով` դեմ ըլլալու» քաղաքականությունը, և հայ-թուրքական այս խայտառակ «քիրվայության» ամեն շրջափուլից հետո պարտադիր իր գոհունակությունն է հայտնում իշխանությունների քայլերի առթիվ: Իսկ «ձեռքբերում» ասելով նրանք երևի նկատի ունեն այն, որ իրենց կարծիքով` կարողացել են ձևացնել, թե պայքարում են իշխանությունների դեմ: Բայց հավատացնում ենք` նույնիսկ դա չի հաջողվել:
Իրարանցում է առաջացրել
Թերթի տեղեկություններով` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «2008-ից 2009 թթ. տնտեսական ճգնաժամը և Հայաստանը» վերտառությամբ հոդվածը, որն օրերս տպագրվել է մամուլում, մեծ իրարանցում է առաջացրել. կառավարությունն ու նախագահականը երեկ առավոտյան զբաղված են եղել Բագրատյանի տնտեսական վերլուծությունն ընթերցելով: Դրանում մանրամասն վերլուծության է ենթարկվել Հայաստանի տնտեսական կառուցվածքը, որն ըստ Բագրատյանի բնորոշման, ոչ թե օլիգոպոլիկ է, այլ` մոնոպոլիկ: Սա վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին և հատկապես նրանց, որոնք տնօրինվում են Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Հրանտ Վարդանյանի, Սամվել Ալեքսանյանի, Միխայիլ Բաղդասարովի և այլոց, ինչպես նաև «Սթար», «Սաս», «Սիթի» և «Ֆլեշ» սուպերմարկետների տերերի կողմից: Վերջիններս, ՀՀ նախկին վարչապետի գնահատմամբ, միտումնավոր սնանկացում են ընդհանուր թվով 50 000 աշխատող ունեցող սովորական խանութներին: Հ. Բագրատյանի քննադատությանն արժանացել են նաև միջազգային ֆինանսական կառույցները, և մասնավորապես` Համաշխարհային բանկը:
Համայն Ռուսիո պատրիարքարանն էլ Ղարաբաղը հայկական տարածք անվանեց
Ադրբեջանական «Վեստի.ազ» կայքէջը այս մասին տագնապով տեղեկացրել է հանրությանը: Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարքարանի եկեղեցական կապերի բաժնի պետը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մարտին նախատեսվում է պատրիարք Կիրիլի այցը Հայաստան, որտեղ «կան երեք ռուսական եկեղեցիներ, որոնցից մեկը գտնվում է Երևանում, մյուսը` Գյումրիում, երրորդը` Ղարաբաղում»,- նշվել է Պատրիարքարանի հայտարարության մեջ: Իհարկե, նման հայտարարությունն առաջացրել է Բաքվի դժգոհությունը, ադրբեջանցիները ևս մեկ անգամ հիշեցրել են «ադրբեջանական հողերի» շուտափույթ վերադարձման մասին: Հետաքրքրական է` էլ ո՞վ պետք է Ղարաբաղը հայակական տարածք անվանի, որպեսզի Բաքուն վերջապես ճանաչի բուն հայկական տարածքները:
Սպասվում է գազի գնի բարձրացում
Առաջիկա մի քանի օրերին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը պատրաստվում է հայտ ներկայացնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի ներքին գները վերանայելու վերաբերյալ: Թե ինչպիսի կոնկրետ սակագնային փոփոխություններ են նախատեսվում առաջարկվող փաթեթով, դեռ հայտնի չէ: Մի բան պարզ է, որ խոսքը ինչպես բնակիչ բաժանորդներին, այնպես էլ խոշոր սպառողներին մատակարարող գազի գնի փոփոխության մասին է: Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլից Հայաստանը սկսելու է Ռուսաստանից գազ ստանալ ավելի թանկ գնով, քան այժմ: Իհարկե, այն համեմատաբար էժան կլինի 2 տարի առաջ ստորագրված հայ-ռուսական եռամյա պայմանագրով նախատեսված արժեքից: Ըստ այդմ, այս տարվա ապրիլի մեկից Հայաստանը ռուսական գազը պետք է ստանար 1000 խմ 200 դոլարով: Սակայն անցած տարվա կեսերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այն կլինի ավելի ցածր: Ի սկզբանե նախատեսված 200-ի փոխարեն ապրիլի մեկից Հայաստանը ռուսական գազը կստանա 180 դոլարով, իսկ դա նշանակում է, որ գազի թանկացումը 1000 խմ-ի հաշվով կլինի 26 դոլար:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել