Աղետալի երկրաշարժ Հաիթիում
Հունվարի 12-ին Հաիթիում գրանցվել է 7,3 բալանոց երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 15 կմ հարավ-արևմուտք: CNN-ի տեղեկացմամբ` երկրի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է անցնել 100 հազարը: Հայտնի չէ, թե քանի մարդ կա շենքերի փլատակների տակ:
Երկրաշարժի հետևաքնով շինություններից պոկված հսկայական քարերը փակել են շենքերի մուտքերը, մարդիկ չեն կարողանում դուրս գալ: Փողոցներում բազմաթիվ զոհվածների մարմիններ կան: Հաիթիում խափանվել են ջրամատակարարումը, էլեկտրականությունը, հեռախոսակապը և կենսաապահովման այլ ծառայություններ: Մասնագետները նշում են, որ երկրաշարժի ուժգնությունը հավասար է եղել մի քանի ջերմամիջուկային ռումբի ուժգնության: Կարմիր խաչը հայտնում է, որ երկրաշարժից տուժել է մոտ 3 մլն մարդ` Հաիթիի բնակչության մեկ երրորդը: Պաշտոնյաները և լրագրողները հայտնում են, որ չկա փլատակները մաքրելու, զոհերի մարմինները հեռացնելու և վիրավորներին խնամելու հստակ համակարգ: Չկա տեխնիկա, որը կմաքրի և կփորի խճաքարերը. մարդիկ դա անում են սովորական գործիքներով կամ պարզապես ձեռքով: Մարդիկ անձամբ են փորել ավիրված շենքերը` փլատակների տակ զոհերի մարմիններ, ինչպես նաև ողջ մնացած մարդկանց գտնելու հույսով: Հազարավոր հաիթեցիներ, որոնք հավաքվել են մայրաքաղաքի բաց տարածություններում, արդեն երկրորդ գիշերն են անցկացնում բաց երկնքի տակ: Շատերը վախենում են վնասված շինություններում քնելուց: Շատերը քնել են դիակների կողքին: Հաիթիի նախագահ Ռենե Պրևալը հայտարարել է, որ իր կառավարությունը օգնության կարիք ունի, հատկապես անհրաժեշտ է, որ փրկարարները հասնեն երկրաշարժից առավել տուժած տարածքներ: «Մենք դեղորայքի կարիք ունենք: Մենք առհասարակ բժշկական օգնության կարիք ունենք: Որոշ հիվանդանոցներ քանդվել են»,- CNN-ին ասել է նախագահը: Հազարավոր վիրավորներ բուժօգնություն ստանալու համար սպասել են հիվանդանոցների վնասված շենքերից դուրս: Օրինակ` հիվադանոցներում զոհերի մարմինների և անընդհատ եկող նոր վիրավորների համար այլև տեղ չի մնացել: Երեկ արդեն Հաիթիում վայրէջք են կատարել մարդասիրական օգնություն բերող ինքնաթիռները, սակայն օգնությունը աղետյալներին հասցնել դժվար է ավերակների և քարուքանդ ճանապարհների պատճառով: Մայրաքաղաքը սպասարկող օդանավակայանում վայրէջք են կատարել ԱՄՆ առաջին ինքնաթիռները, իսկ մարդասիրական օգնություն բերող ԱՄՆ նավերը դեռ ճանապարհին են: Հաիթի մարդասիրական օգնություն և բժշկական թիմեր են ուղարկում նաև Եվրամիության երկրները, Ռուսաստանը, Չինաստանը: Հաիթիին օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև Լատինական Ամերիկայի երկրները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է, որ ՄԱԿ-ը ծրագրում է 10 մլն դոլարի անհապաղ օգնություն տրամադրել Հաիթին: Համաշխարհային բանկը խոստացել է 100 մլն դլարի օգնություն տրամադրել: BBC-ի թղթակից հայտնել է, որ բոլոր նրանք, ովքեր կարող են, լքում են Հաիթին: Այնուամենայնիվ, այս պահին միլիոնավոր մարդիկ կան երկրում, որի համակարգերը և ենթակառուցվածքները դժվարությամբ են գործում անգամ սովորական պայմաններում: Աշխարհի կողմից մոռացված այս երկրին աշխարհի օգնությունը այժմ անհրաժեշտ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել