HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող եւ անվավեր: Այս որոշումով դադարեցվելու է քրեական հետապնդումը փաստաբանների նկատմամբ, որոնք մեղադրվում էին 343 հոդվածի 1-ին մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը»:

Հիշեցնենք, որ փաստաբաններ Արթուր Գրիգորյանին, Արա Զաքարյանին եւ Դիանա Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասով եւ տեղի էր ունենում դատաքննություն: Մինչ դատավարության սկսելը փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին, վերջինս էլ դիմել էր Սահմանադրական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այսօր այդ օրենքը հակասահմանարդկան ճանաչվեց: ՍԴ-ի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Մեղադրվող փասատաբան Դիանա Գրիգորյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը «Հետքին» ասած, որ իրենց համար նման որոշումը իրավական առումով սպասելի էր. «Այստեղ իրավական խնդիր կար, որը մեկնաբանեց Սահմանադրական դատարանը եւ մեր կարծիքով` շատ ճիշտ մեկնաբանեց»,- նշեց փաստաբանը: Հիշեցնենք, որ մեղադրվող փաստաբանները պնդում են, որ իրենց նկատմամբ սկսված քրեական հետապնդումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք բացահայտել են դատավոր Եվա Դարբինյանի կատարած պաշտոնեական հանցագործությունները:

«Իմ գործընկերներին մեղադրանք առաջադրելով` փորձել են ճնշել նրանց, սակայն փաստաբանները չէին կարող ոչինչ չանել եւ սպասել, թե ինչ կլինի իրենց հետ: Բնականաբար, միջոցներ են կիրառվում, տվյալ դեպքում նրանք դիմել էին օմբուդսմենին, որպեսզի նա դիմի Սահմանադրական դատարան»,- ասաց Դիանա Գրիգորյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter