HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղի բանակին հաջողվել է Արաքսի ափին մոտ 1 կմ-ով առաջ տանել դիրքերը

«2009 թվականը զինված ուժերի համար եղել է բավականին բարդ տարի»,- այսպես է անցած տարին որակել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ի տարբերություն մյուս տարիների` 2009-ին  հակառակորդին որեւէ անգամ չի հաջողվել ոտնձգություն կատարել բանակի առաջնագծում, բացառությամբ կրակահերթերի, որոնք 2008թ.ի համեմատ մոտ 30 տոկոսով աճել են. տարվա ընթացքում հակառակորդը 3042 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը:

608 անգամ էլ կրակ են բացել մեր զինվորները, բայց ոչ թե ի պատասխան հակառակորդի կրակոցների, այլ գործել են առաջնային գծում ստեղծված իրավիճակից ելնելով: Հիմնական կրակոցների «հեղինակները» հետախուզական ստորաբաժանումներն էին, որոնք, նախարարի հավաստմամբ, ժամանակ առ ժամանակ բանակի հրամանատարի հրամանով դուրս են բերվում առաջին գիծ եւ պատժողական գործողություններ կատարում հակառակորդի նկատմամբ: Հենց այս ամենի շնորհիվ է, որ տարվա ընթացքում հակառակորդը առաջնագծում որեւէ հաջողություններ չի ունեցել:

Հակառակորդին չի հաջողվել որեւէ տեղ իր դիրքը բարելավել` ի տարբերություն 2005 եւ 2006 թթ.-ի, հետեւաբար նա կանգնած է իր նախկին դիրքերում: Իսկ մեր պաշտպանության բանակն այս տարի եւս հնարավորություն է ունեցել Արաքսի ափին մոտ 1 կմ-ով 5 դիրք առաջ տանել` բարելավելով մեր առաջին գիծը: Ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարը վստահեցրել է նաեւ, որ այսօր զինվորն առաջին գծում ավելի վստահ է, քան երբեւէ եղել է: Եւ դա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ «բոլոր կարգի հրամանատարները վստահում են մեր զինվորին, եւ որ պետական բոլոր այրերը, հասարակական գործիչները, մտավորականները գնահատում են առաջին գծում կանգնած զինվորի գործն ու պարբերաբար այցելում նրանց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter