HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մ. Հակոբյան. «Տարածաշրջանում խաղաղություն է տիրում միայն ու միայն զինված ուժերի հզորության հաշվին»

«Պատրաստ եմ տանկային գնդի հետ գործել ցանկացած տեղ` նաեւ հակառակորդի խորքում, եւ համոզված եմ, որ որեւէ խնդիր չենք ունենա»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` խոսելով Պաշտպանության բանակում 2009 թվականի ընթացքում կատարված տեսչական ստուգումների մասին, որոնցից մեկի արդյունքում, ինչպես նաեւ մարտավարական զորավարժության ժամանակ «փայլել է» հենց այդ զորամասը:

«Դա մեր լավագույն զորամասն է, որտեղ էլ գտնվում է զինված ուժերի պատվոդրոշը»,- հավելել է Մ. Հակոբյանը: Տարվա ընթացքում կատարված տեսչական ստուգումները 3-ն էին, որից 2-ը` պլանային, 1-ը` հանկարծակի: Հանկարծակի ստուգման ժամանակ էլ, նախարարի հավաստմամբ, բավականին բարձր ցուցանիշներ են արձանագրվել 18-րդ դիվիզիայում: Խոսելով տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին` պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ որոշակի թարմացում է կատարվել զինամթերքի, առանձնապես ինժեներական զինամթերքի եւ տեխնիկայի ուղղությամբ, որը բանակին հնարավորություն է տալիս պաշտպանողական եւ հարձակողական օպերացիաների ժամանակ ավելի վստահ լինել հակառակորդի առաջին գիծը մխրճվելու կամ մեր պաշտպանությունն ավելի ամուր դարձնելու համար: ՊԲ հիմնական խնդիրներից մեկն էլ բանակային բնագծի կառուցումն էր, որը համընկել է, ըստ նախարարի, որոշ լրատվամիջոցներում տարածվող այն լուրերի հետ, թե իբր ԼՂՀ զինված ուժերը Աղդամի մատույցներում են արդեն պաշտպանության անցնում, եւ այն խոսակցությունների, թե իբր ՀՀ նախագահն ուզում է «տարածքներ հանձնել»: Նախարարը հավաստիացրեց, որ բնագծի կառուցումն անհրաժեշտ է զինված ուժերի մարտունակության բարձրացման համար, եւ բնագիծը կառուցել են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է բանակի համար, այլ ոչ թե այն տարածքներում, որտեղ ազատ է: Այս տարի փորձելու են բանակային բնագծի կառուցումն Աղդամի ուղղությամբ ավարտել եւ անցնել Մարտակերտի եւ Մարտունու ուղղություններին: Տարվա ձեռքբերումը նախարարը համարում է մեր երկրի անվտանգության ապահովումը: «Համոզված եմ, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրում միայն ու միայն զինված ուժերի հզորության հաշվին: Սա ամենակարեւոր հաջողությունն է, եւ մենք անընդհատ պիտի պարտադրենք, որ հակառակորդը մեզ հետ խոսի սեղանի շուրջ, այլ ոչ թե պատերազմի դաշտում: Եւ դա հնարավոր է ոչ թե խոսքերով, այլ բանակի մարտունակության բարձրացմամբ»,- ավելացրել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter