HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման մանրամասները

ԼՂ խնդրի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացները փոխկապակցված չեն. այս խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը նույնիսկ շատ բարդ է, և ճիշտ չէ դրանք միմյանց հետ շաղկապելը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն այսօր  ևս մեկ անգամ ընդգծել է պաշտոնական Մոսկվայի այս դիրքորոշումը:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Հանրապետության նախագահն ասել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը»: Նշելով, որ Հայաստանը հետագայում ևս ջանքեր կգործադրի երկկողմ փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ` նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանն` ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած մեծ ջանքերի համար»: ՌԴ  արտգործնախարարը Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ամենաջերմ ողջույնները և ասել. «Նա հույս ունի, որ մեր երկրների միջեւ առկա ինտենսիվ, գործընկերային, փոխվստահելի երկխոսությունը, որ անցած տարի առաջընթաց է ունեցել, կշարունակվի նաեւ այս տարվա ընթացքում»: «Մենք նույնպես բարձր ենք գնահատում մեր երկրների ռազմավարական գործընկերության մակարդակը, դաշնակցային փոխգործակցությունը բոլոր ոլորտներում» -ասել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ հայ գործընկերոջ հետ հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նախագահ Սարգսյանը եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բովանդակալից զրույց են ունեցել հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունների, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցության խորացման վերաբերյալ: Նրանք կարեւորել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը եւ նշել, որ նոր համաձայնագրերը փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն, և էլ ավելի կամրապնդեն հարաբերությունները: Զրուցակիցները քննարկել են նաև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, եւ կարեւորվել ռուսական կողմի կառավարման ներքո գտնվող հայաստանյան ձեռնարկությունների արդյունավետ շահագործումը: Սերժ  Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի վարչապետի հետ երեկ կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ներկայացրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն` ընդգծելով, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն. այս խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը նույնիսկ շատ բարդ է, և ճիշտ չէ դրանք միմյանց հետ շաղկապելը: Սերգեյ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, եւ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter