HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ սպանություն Ալավերդիում

Այսօր ժամը 14-ի սահմաններում Ալավերդու Սայաթ-Նովայի հրապարակին հարող պուրակում հրազենային կրակոցներից ծանր վիրավոր եւ անգիտակից վիճակում Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի  Սայաթ-Նովա 18 շենքի 25- ամյա բնակիչ Վահե Մանուչարյանը: Ըստ ականատեսների` կրակողը մոտեցել է Վահեին, ձեռքով բարեւել եւ ատրճանակը ուղղել դեմքին:

Վահեին հաջողվել է ատրճանակից խուսափել եւ փախչել: Սակայն մեջքին ուղղված կրակահերթերից նա  վայր է ընկել եւ գիտակցությունը կորցրել: Կրակողը փախչել է դեպքի վայրից և անմիջապես ներկայացել ոստիկանություն:  Թումանյանի ՆԳ բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Տիտանյանը հայտնեց, որ  հանցագործը մեկուսացված է, իսկ զենքը՝ առգրավված: Թե ո՞վ է նա, Ա. Տիտանյանը հրաժարվեց պատասխանել: Օրը ցերեկով Ալավերդու մարդաշատ վայրում կատարված սպանության մասին տեղեկատվություն ստանալու համար մեր հեռախոսազանգին հրաժարվեց պատասխանել Թումանյանի ՆԳ բաժնի պետ Արթուր Հարությունյանը: Ըստ Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան  Մոսինյանի` հրազենային կրակահերթից վնասվել են Վահե Մանուչարյանի լյարդը սնուցող արյունատար անոթները, ողջ որովայնը եւ էլի ուրիշ արյունատար անոթներ: Վահե Մանուչարյանի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել: Ժամը 15-30-ի սահմաններում  նա մահացավ   հիվանդանոցում: Տեղեկացնենք, որ Վահե Մանուչարյանը  2009 թ.-ի հուլիսի 1-ի կեսգիշերին իր «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայում Կարեն Սոխակյանին ավտոմատի կրակահերթով սպանած Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբայրն է: Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն` Վահե Մանուչարյանի սպանության հեղինակը Կարեն Սոխակյանի  հարազատներից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter