HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի պետը

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունը` երկամսյա կալանքի սանկցիա կիրառելով Սարո Թովմասյանի, Ռոման Միրզոյանի և Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ: Նրանք կասկածվում են 4 օր առաջ «Ջիանի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք կազմակերպելու և անձին հրազենով մարմնական վնասվածք հասցնելու մեջ:

«Հետքի» տեղեկություններով` վերջիններս ԱԺ պատգամավոր (ՀՀԿ խմբակցություն), գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի շրջապատից են, մասնավորապես` 25-ամյա Սարո Թովմասյանը գեներալի անվտանգության ծառայության պետն է: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` հունվարի 11-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Ջիանի» ռեստորանային համալիրում մի խումբ անձինք վիճաբանել են 35-ամյա Գրիգոր Ս.-ի հետ, ծեծի ենթարկել նրան ու անկանոն կրակ արձակել հաստատության ներսում: 35-ամյա Գրիգոր Ս.-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և 1 գնդակ: Նույն օրը ոստիկանություն էին ներկայացել 27-ամյա Հայկ Մարտիրոսյանը և 25 տարեկան Ռոման Միրզոյանն ու Սարո Թովմասյանը` հայտնելով, որ «Ջիանի»-ում իրենք են ծեծի ենթարկել Գրիգոր Ս.-ին: Հայկը բաժնում ներկայացրել էր «ATMACA 2008 LIGHT 57383» տիպի գազային ատրճանակ, 9 մմ տ/չ 3 փամփուշտ ու 1 պահունակ` նշելով, որ վիճաբանության ժամանակ ինքն է գործածել ատրճանակը: Հաջորդ օրը մամուլը գրեց, որ «էջմիածինցի գեներալի տղաները» «Ջիանի»-ում կռվել են ԱԺ պատգամավոր (ՀՀԿ խմբակցություն) Լևոն Սարգսյանի (մականունը` Ալրաղացի Լյով) թիմակիցների հետ: Ավելին` վերջինս նույնիսկ դեպքի վայրում է եղել, պարզապես «հասցրել է փախչել»: Իսկ կրակոցների ժամանակ տուժած Գրիգոր Ս.-ն Գլորիայի Գրիշն է` Լևոն Սարգսյանի մտերիմներից, ում պատկանում է «Գլորիա» խաղատունը: Ըստ մամուլի հրապարակումնների` միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պատգամավոր Սարգսյանի թիմը վիրավորել է գեներալի բարեկամներից մեկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter