HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչ էր ասում եւ թաքցնում Սահմանադրական դատարանը

Երկու արձանագրությունները համարելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող՝ ՍԴ-ն, իր որոշման պատճառաբանական մասում բերում է բնույթով ոչ այնքան իրավական փաստարկներ: Դրանք տրամաբանական շղթայով չեն կապվում հիմնական եզրակացության հետ եւ քաղաքական նշանակություն ու նպատակներ ունեն: Ըստ ՍԴ-ի՝ արձանագրություններում ամրագրված պարտավորությունները բացառապես երկկողմանի բնույթ ունեն եւ չեն առնչվում երրորդ երկրի:

ՍԴ-ն, սակայն, չի պարզաբանում, թե նման մեկնաբանությունը ինչ իրավական հիմքեր ունի: Բացի դրանից, ՍԴ-ն փաստում է, որ արձանագրություններում առկա հանձնառությունները, պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բաց լինելու, եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում: Այսինքն՝ արձանագրություններով նախատեսվող պատմաբաններից կազմված հանձնաժողովի ձեւավորումը, Թուրքիայի հետ ներկայիս փաստացի սահմանների ճանաչումը կարող է տեղի ունենալ, եթե Թուրքիայի հետ սահմանները բաց կլինեն, եւ կողմերի միջեւ առկա կլինի դիվանագիտական կոնկրետ հարաբերություն: Սակայն ՍԴ-ի որոշումով չի երաշխավորում եւ իրավական առումով հիմնավորվում, որ եթե Թուրքիան հետագայում փակի սահմանը կամ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնի, Հայաստանը իրավական լծակներ կունենա հրաժարվելու այս արձանագրություններով արդեն ճանաչած սահմաններից: Եվ որպեսզի ածանցյալ պարտավորությունները գործեն, ըստ ՍԴ-ի, անհրաժեշտ է որ կողմերը գրավոր ձեւով կնքեն միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնություններ, որոնց սահմանադրականության հարցը պետք է ինքուրույն, առանձին քննության առարկա դառնա: Ըստ այդ որոշման՝ արձանագրությունների դրույթները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ հակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին Հռչակագրի 11-րդ կետի պահանջներին: Դա նշանակում է, որ արձանագրությունների վավերացմամբ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող կասեցվել: Սակայն արդյո՞ք դա նշանակում է Սահմանադրությանը եւ Անկախության հռչակագրին չի հակասում պատմական հարցերով զբաղվելիք միջկառավարական համապատասխան ենթահանձնաժողվի ստեղծումը կամ Հայաստանի ներկայացուցիչների՝ դրանում ներգրավվելը: Սակայն ՍԴ որոշման ամենակարևոր կետերից մեկը դ կետի 4-րդ պարբերությունն է.«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն դատարանի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին  եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին»: Դրանով ՍԴ-ն պարտադրում է, որպեսզի  աձրանագրությունների վավերացման հաջորդ բոլոր փուլերում եւ դրանց կիրառման ողջ ընթացքում Հայաստանն առաջնորդվի միայն ՍԴ այս որոշման մեջ ներկայացված «իրավական դիրքորոշումներով»: Այս կետն ուղղորդիչ նշանակություն ունի պետության համար:  Այն որոշակիորեն հստակեցնում է նաեւ արձանագրությունների վավերացման եւ Թուրքիայի հետ հարաբերման շրջանակներում ՀՀ իշխանությունների որդեգրած մարտավարությունը: Ակնհայտ է, որ ՍԴ-ն իր վրա պատասխանատվություն չի վերցնում արձանագրությունները լիովին կամ մասնակիորեն Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու: Առաջին հերթին դա նշանակելու էր գործընթացի փաստացի կասեցում, որի պատասխանատվությունն ընկնելու էր միայն Հայաստանի վրա, ինչն էլ Հայաստանին զրկելու էր բանակցություններում մանեւրելու հնարավորությունից: Այս տեսակետից Սահմանադրական դատարանի երկակի դիրքորոշումը բավականին ճկուն է: Փաստացի այն քաղաքական բնույթի նախապայմաններ ու վերապահումներ է առաջադրում արձանագրությունների վավերացման ճանապարհին, չնայած դրանք ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչելուն: Այդպիսով նաեւ ՍԴ-ն խորհրդարանին տալիս է իրավական-քաղաքական լծակ՝ ըստ հայեցողության մոտենալու արձանագրությունների վավերացմանը: Միջազգային պայմանագրերի վավերացման ժամանակ ԱԺ-ում պատգամավորների համար հիմք է ծառայում գլխավորապես ՍԴ եզրակացությունը կամ իրավական դիրքորոշումը: Տվյալ դեպքում արձանագրությունները հիմնական օրենքին համապատասխանելու մասին ՍԴ տված եզրակացության պատճառաբանական մասը խորհրդարանի ձեռքին լինելու են որպես քաղաքական պահեստային գործիքներ՝ անհրաժեշտության դեպքում արձանագրություններից հետ քայլ ապահովելու համար: ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը, ըստ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, կողմ է քվեարկելու երկու արրձանագրություններին: Այսինքն արձանագրությունները վավերացնելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Եվ ՍԴ այս որոշումը ապահովագրում է իշխանությանը՝ վավերացումը կատարել առանց վերապահումների, այն պարզ պատճառով, որ դրանք ի սկզբանե թաքնված են ՍԴ այս որոշման պատճառաբանական մասում: Այս իմաստով ՍԴ որոշումը շատ ավելի քաղաքական նշանակություն ունի: Տակտիկական առումով այսպիսի մոտեցումը գուցե նաեւ արդարացված է: Սակայն, ի՞նչ իրական նշանակություն կունենա այն դիվանագիտության մեջ, կողմերի միջեւ ընթացող բարդ ու բազմաշերտ հոգեբանական-քաղաքական-քարոզչական պայքարում, դժվար է ասել: Ավելին, այն նաեւ որոշակի ռիսկեր է պարունակում: Օրինակ՝ հայկական կողմը, հիմնվելով ՍԴ իրավական դիրքորոշումների վրա, պնդելու է, արձանագրությունների վավերացումը  Թուրքիայի դե ֆակտո սահմանների դե յուրե ճանաչում չի նշանակում, եւ որ դրա համար անհրաժեշտ է այդ հարցը կարգավորող առանձին միջպետական պայմանագիր կնքել: Թուրքական կողմն իր հերթին կարող է պնդել, որ Հայաստանի ՍԴ-ն արձանագրությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հետեւաբար դրանով մեխանիկորեն սահմանները ճանաչվում են, կամ հետագայում այդ կապակցությամբ մշակվելիք ցանկացած պայմանագիր պետք է բխի արձանագրություններում նշվող՝ սահմանները երկկողմանիորեն ճանաչելու մասին դրույթից: Կամ՝ Հայաստանի և Թուրքիայի միջեւ «դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրության մեջ նշվում է. «Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու  իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները…» Դատելով ՍԴ-ի որոշումից՝ Հայաստանն այս ձեւակերպումը  դիտարկում է բացառապես Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների համատեքստում: Մինչդեռ Թուրքիան կարող է պնդել, որ ձեւակերպման մեջ նշված է նաեւ այդ սկզբունքները հարգելու «բազմակողմ պարտավորությունների» մասին, իսկ դա դուրս է միայն երկու երկրների հարաբերությունների շրջանակներից: Նույն արձանագրության մեջ նաև առկա է «Հաստատելով իրենց հանձնառությունը՝ ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց…» ձևակերպումը: Հիմնվելով վերջինիս վրա՝ Թուրքիան ցանկացած պահի կարող է Հայաստանին մեղադրել ստանձնած վերոնշյալ «բազմակողմ» պարտավորություններից հրաժարվելու մեջ եւ դա ծառայեցնել ԼՂ կարգավորմանը անմիջականորեն միջամտելու իր նպատակադրումներին: Այսինքն՝ ՍԴ այս որոշումը, հետագայում կարող է իրավական վեճերի տեղիք տալ, եւ Հայաստանը ներքաշվի նաեւ մեկ այլ դիվանագիտական թնջուկի մեջ, որից ինքնուրույն դուրս գալ, առանց ՄԱԿ-ի Միջազգային դատարանի միջամտության, գուցե հնարավոր չլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter