«Ռադիո Հայ»-ն ընդդեմ Ստեփան Սաֆարյանի գործով նախնական դատաքննությունն ավարտվեց
Այսօր Ավան և Նոր-Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել եւ ավարտվել է «Ռադիո Հայ»-ն ընդդեմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց ապացույցները: Ստեփան Սաֆարյանը պետք է ապացուցեր, որ «Ռադիո Հայ»-ի «Հայկական անդրադարձ» ծրագիրը նախագահականից իջեցված պատվերով է եթեր հեռարձակվել:
Իսկ «Ռադիո Հայ»-ը պետք է ապացուցեր իր քաղաքականապես չեզոք լինելը: Հիշեցնենք, որ «Ռադիո Հայ»-ի եւ Ստեփան Սաֆարյանի բանավեճը, որը հետագայում վերածվեց դատական վեճի, սկսվել է հուլիսի 30-ին եւ 31-ին եթեր հեռարձակված «Հայկական անդրադարձ» ծրագրից, որին հաջորդել են «Ժառանգության» եւ Ստեփան Սաֆարյանի բաց նամակները, այնուհետեւ Ստեփան Սաֆարյանի հոդվածը «Հրապարակ» օրաթերթում: Այդ հոդվածում Ազգային Ժողովի պատգամավորը «Հայկական անդրադարձ» ծրագիրը որակել է որպես «նախագահականից իջեցված պատվերով երկսերիանոց ռադիոհամերգ», որից հետո «Ռադիո Հայը» դիմել է դատարան` պահանջելով Ստեփան Սաֆարյանից հերքել «գործարար համբավը արատավորող տեղեկությունը»: Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 25-ին, որից հետո, հավանաբար, դատարանը որոշում կկայացնի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել