HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հովիկ Աբրահամյանը փորձում է խոչընտոտել ԵԽԽՎ-ում իմ աշխատանքներին»

Ըստ մամուլի հրապարակումների` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել եւ որոշել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանը ներկայացնող պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ընդգրկել փոխարինողների կազմում։ Թեեւ այս տեղեկատվությունը պաշտոնապես ոչ հաստատվել, ոչ հերքվել է, «Հետքը» դրա վերաբերյալ մենկաբանություններ ստացավ Զարուհի Փոստանջյանից:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում շուտով պետք է քննարկվի Ազգային ժողովի «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, արդյո՞ք Ձեր աշխատանքները խոչընդոտելու միտում եք նկատում:

- Միանշանակ Հովիկ Աբրահամյանը փորձում է խոչընտոտել իմ աշխատանքներին, մամուլի հրապարակումներից կարդում ենք, որ ԵԽԽՎ-ում իր վերջին ելույթում նշում էր, որ պետք է փակենք «մարտի 1»-ի էջը, մինչդեռ «մարտի 1-ի էջ» հասկացություն գոյություն չունի, դա ողբերգություն էր, որին պետք է պատշաճ գնահատական տրվի: Ինձ հետ էլ է նա մասնավոր զրույց ունեցել, ես հայտնել եմ, որ այն գործելաոճը, որ մինչ օրս իրականացրել եմ, շարունակելու եմ եւ որ «մարտի 1»-ին տեղի ունեցածը պետք է մշտապես դատապարտվի: Հավանաբար սա է եւ Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված աճպարարությունների շնորհիվ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է խոչընտոտներ հարուցել, բայց միեւնույնն է, դրանք ապարդյուն են: Շատ վատ խորհրդականներ ունի Հովիկ Աբրահամյանը, որոնք նրան ճիշտ չեն իրազեկել, թե ինչպիսի լիազորություններ ունի մշտական եւ փոխարինող անդամը. շատ տարբերություն չկա: Տարբերությունն այն է, որ ես կարող է այդ պահին չքվեարկեմ եւ ելույթներ չունենամ որպես մշտական անդամ, բայց ես կարող եմ ելույթ ունենալ որպես ԵԽԽՎ-ի EPP խմբակցության անդամ: Այնպես որ այս միջոցառումները, որոնք նրանք նախատեսում են, իրենց ցանկությունների համար արդյունավետ չեն:

Փոխարինողների կազմում ընդգրկվելով ԵԽԽՎ-ում ձեր աշխատանքները չե՞ն սահմանափակվի:

- Միգուցե արհեստական խոչընդոտներ ստեղծվեն եւ պատճառաբանեն, թե բյուջեում միջոցներ չկան եւ մենք չենք կարող ֆինանսավորել փոխարինողներին, բայց այս դեպքում Եվրոպայի Խորհուրդն իր կանոնադրությամբ պահանջում է, որ ԵԽԽՎ-ում պատվիրակության մեջ արտացոլված լինի խորհրդարանի ողջ կազմը: Եւ եթե նման արգելքներ հարուցվեն, դա համապատասխան գնահատականի կարժանանա: Բայց այն գործընթացը, որը նա սկսել է, արդեն անօրինական է, որին համապատասխան պատասխան կտրվի:

Թերթերը գրում են, որ այս փոփոխությունը պատճառաբանվում է նրանով, որ պատվիրակության հիմնական կազմում ընդդիմություն-իշխանություն համամասնությունը խախտված էր: Այժմ հիմնական կազմում ընդդիմությունը ներկայացնում է միայն դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Ձեր կարծիքով` Դաշնակցությունը համագործակցո՞ւմ է իշխանության հետ:

- Երբ Դաշնակցություն կուսակցությունը պաշտոնապես հրապարակեց իշխանական կոալիցիայից դուրս գալու պատճառները, հայտնեց, որ արտաքին հարաբերությունների հարցերում տարածայնություններ ունի իշխանության հետ: Եթե տարածայնություններ ունեն հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի վերաբերյալ, ապա Արմեն Ռուստամյանն ինչո՞ւ չստորագրեց իմ նախաձեռնության տակ, որով փորձ է արվում խոչընդոտել թուրք պատվիրակի ընտրվելը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: Իշխանությունը ներկայացնող պատգամավորները չմիացան այս նախաձեռնությանը` պատճառաբանելով, որ չեն ուզում փչացնել հարաբերությունները թուրք պատվիրակի հետ, Արմեն Ռուստամյանը նույնպես չմիացավ, հետեւաբար նա էլ համամիտ է իշխանության հետ:

ԵԽԽՎ նախորդ նստաշրջաններին Արմեն Ռուստամյանը ընդդիմադի՞ր կեղվածք է ունեցել:

]Իմ կարծիքով` Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ-ում նույն կեցվածքն ունի, ինչ իշխանությունը ներկայացնող խմբակցությունների անդամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter