Մամուլի տեսություն
Ավտոկանգառ` շատրվանները ջարդելու գնով
Մաշտոցի պողոտայում` Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ գտնվող շատրվաններից այլեւս ոչինչ չի մնացել. դրանք միտումնավոր ջարդել են` տարածք ազատելու համար: Ջարդարարների խմբերը տեղում «աշխատել են» նախօրեի գիշերը` բոլորից թաքուն:
Շենքի բնակիչները առավոտյան արթնացել եւ հայտնաբերել են, որ շատրվանները ջարդած են: Ի դեպ, շատրվանների անմիջապես հետեւում տեղակայված է նորաբաց «Ֆրեշ» սուպերմարկետը: Ինչպես հայտնի է, «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը պատկանում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին, ով պետական պաշտոնյա լինելուց բացի, համարվում է ցիտրուսային մրգերի ներկրմամբ զբաղվող «Քեթրին» ընկերության սեփականատերը (ի դեպ, պատահական չէ, որ Ամանորի շրջանում «Ֆրեշ» սուպերմարկետներում, օրինակ, մանդարինի մեկ կիլոգրամն արժեր 250 դրամ, այն դեպքում, երբ շուկայում այն սկսվում էր 500 դրամից): Ամենայն հավանականությամբ, «Քեթրինի» Միհրանը որոշել է «թիթիզ» բաներից, տվյալ պարագայում` շատրվաններից ազատել տարածքը եւ իր սուպերմարկետի համար ավտոկանգառի համար տեղ բացել:
Մեծ Բրիտանիայում մեծ թափ է ստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանիսայից լրագրող Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ Բրիտանական պառլամենտի շոտլանդացի, ուելսցի եւ հյուսիսիռլանդացի անդամների մեծամասնությունը ընդունում է ցեղասպանության փաստը: Այս ամենի համար հող է նախապատրաստել նաեւ հայկական լոբբին, որը լուրջ ճնշում է գործադրում Բրիտանիայի վարչպետ Գորդոն Բրաունի վրա, որպեսզի վերջինս նույնպես ճանաչի 20-րդ դարի մեծ ոճիրը: Այսպիսով` պառլամենտի 59 շոտլանդացի անդամներից 37-ը ընդունում են ցեղասպանության փաստը, 13-ը արտահայտվել են դեմ: Իսկ Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող 18 ներկայացուցիչներից 11-ն են ճանաչում ցեղասպանությունը: Հավելենք նաեւ, որ 2006-ին եւ 2007-ին Ուելսի ներկայացուցիչների մեծամասնությունը նույնպես դատապարտել է 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը:
Փոփոխություններ` ԱԱԾ վերնախավում
Այս օրերին լուրջ կադրային փոփոխություններ են պատրաստվում Ազգային անվտանգության ծառայությունում: Մեկ տարուց ավելի է` համառորեն խոսակցություններ են պտտվում ծառայության պետի` Գորիկ Հակոբյանի մոտալուտ պաշտոնանկության մասին, այժմ այդ խոսակցությունները սաստկացել են, բայց փոփոխություններ կլինեն ԱԱԾ ողջ ղեկավար կազմում: Երեկ թերթը տեղեկացել է, որ պաշտոնին պատրաստվում է հրաժեշտ տալ նաեւ Սահմանադրական կարգի պաշտպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Զավեն Նանյանը: Վերջինս Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եղբայրն է:
Օրենքից ազատվածը
Այս տարվա հունվարի 1-ից Հանրապետության խանութներում չի կարող վաճառվել 700 դրամից ցածր գին ունեցող օղի, սա «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում անցած տարվա դեկտեմբերի 12-ին կատարված փոփոխությունների արդյունքն է: Ըստ այդ փոփոխության` կես լիտր տարողությամբ օղու միայն ակցիզային հարկը կազմում է ուղիղ 700 դրամ: Երեկ Երեւանի խանութներում թերթի կատարած շրջայցից պարզվեց, որ մեկ-երկու փոքր խանութներից եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետներից բացի, մյուս բոլոր խանութներում օղիները վաճառվում են 700 դրամից թանկ գնով: Իսկ «Երեւան Սիթի»-ում կա նույնիսկ 470 դրամանոց օղի, որի արտադրողը, բնականաբար, այդ սուպերմարկետների սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Սա նշանակում է, որ օրենքում կատարված փոփոխությունը վերաբերում է բոլորին, բայց Սամվել Ալեքսանյանից:
Ինչո՞ւ են փակ մանկապարտեզները
Թերթի տեղեկություններով` պատճառը ոչ թե «խոզագրիպն» է, այլ ֆինանսատնտեսական ճգնաժամը: Պետությունը այս կերպ փորձում է խնայել որոշ գումար: Սա է պատճառը, որ Նոր տարվա տոներից հետո մասնավոր մանկապարտեզները, որոնց ծախսերը հոգում են ծնողները` խիստ բարձր վարձավճարներով, աշխատում են, իսկ պետականները, որոնց էլեկտրաէներգիայի, սննդի եւ այլ ծախսերը հոգում է պետությունը` դեռ փակ են:
Հայերեն են սովորում
Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանում բացվելու է հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետ: Նման ֆակուլտետ ավելի վաղ բացվել էր թուրքական Նեվշեհիր քաղաքի համալսարանում: Էրջիյես համալսարանի փոխռեկտոր, պրոֆեսոր Մեթին Հյուլագուն հայտնել է, որ իրենք հավանաբար հաջորդ ուսումնական տարում կուսուցանեն հայոց լեզու եւ հայ գրականություն: Համալսարանի այդ նոր նախաձեռնությունը Հյուլագուն պայմանավորել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությամբ, որի առանցքը բոլոր հարեւանների հետ բարիդրացիության անցնելն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել