HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գրանդ Քենդի»-ն արդարանում է, իսկ հարկային մարմիններն անխնա տուգանում են

«Հետքի» նախորդ համարներում անդրադարձել էինք, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի փոքր ձեռնարկատերերը հայտնվել են հարկային մարմինների թիրախում: Խանութի տերերը «Հետք»-ին պատմել էին, որ Երևանից եւ Վանաձորից Ալավերդու խանութներին սննդամթերք մատակարարող ավտոմեքենաների վարորդները, որպես կանոն, խանութպաններին ապրանքագիր չեն տալիս:

Խանութպանները հատկապես առանձնացնում են «Գրանդ Քենդի»-ի սննդամթերք մատակարարող մեքենաների վարորդներին, որոնք խանութպաններին ո’չ գնացուցակ են տալիս, ո’չ էլ ապրանքագիր: Միջին բիզնեսով զբաղվող խանութպանների ասելով` իրենք այդ մասին բազմիցս տեղեկացրել են ինչպես հարկային տեսչության աշխատակիցներին, այնպես էլ Ալավերդու հարկային տեսչության պետ Նորիկ Այվազյանին (Տես հոդվածը` Նորիկ Այվազյանը անզիջում հարկահավաքություն է իրականացնում անպաշտպան և փոքր առևտրականների նկատմամբ): Այս առնչությամբ «Գրանդ Քենդի»-ի առաքման բաժնի պետ Արսեն Ասատրյանը «Հետքին» փոխանցեց, որ իրենք Ալավերդի քաղաքում մատակարարում են իրականացնում մեկ խանութի համար: «Այդ խանութատիրոջ հետ շատ դժվար է աշխատել: Նա անընդհատ ինչ-որ բանից դժգոհում է: Սուտ է ասում, որ մենք հաշիվ-ապրանքագիր չենք տալիս»,-ասաց Ա. Ասատրյանը: Նրա ասելով, իրենք մարզերում խանութպանների հետ աշխատում են նախնական պայմանավորվածությունների հիման վրա: Խանութի տերը ապրանք պատվիրելուց մի քանի օր առաջ պետք է տեղեկացնի «Գրանդ Քենդի»-ին, թե իրեն ինչ քանակի եւ ինչ ապրանք է պետք, որպեսզի կարողանան հաշիվ-ապրանքագրերը պատրաստեն: «Եթե նախօրոք մեզ հետ չեն պայմանավորվում, մենք ապրանքը մատակարարում ենք, բայց հաշիվ-ապրանքագիրը խանութպաններին փոխանցում ենք մի քանի օր հետո: Այնպես չի, որ չենք տալիս: Պարզապես Վանաձորից Ալավերդի մեր առաքիչը գնում է շաբաթական մեկ անգամ եւ այդ ընթացքում է տանում»,-ավելացրեց առաքման բաժնի պետը: Մեր այն հարցին, որ այդ դեպքում հարկային մարմինները հաշիվ ապրանքագրերի բացակայության պատճառաբանությամբ տուգանում են խանութատերերին, Ա. Ասատրյանը նշեց, որ խանութպանները խաբում են եւ նման բան չկա: Եթե «Գրանդ Քենդի»-ի առաքման բաժնի պետն այդքան վստահ է, որ հարկային մարմինները «սիրում եւ փայփայում» են միջին ձեռնարկատերերին, ապա հարց է առաջանում, թե ինչու է Լոռու մարզի Թումանյանի ՏՀՏ-ի պետ Նորիկ Այվազյանը դեկտեմբերի 29-ին Ալավերդի քաղաքի 7 փոքր ձեռնարկատերերի նկատմամբ վճարման կարգադրություն արձակելու հայցեր ներկայացրել Վարչական դատարան

(Տես հոդվածը՝ Փոքր ձեռնարկատերերը` հարկայինի թիրախ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter