Հուսահատ հաիթեցիները օգնության են սպասում
Հունվարի 12-ին Հաիթիում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով վիրավորված հազարավոր մարդիկ 3-րդ գիշերն անցկացրել են փողոցում` սպասելով, որ որևէ մեկը կօգնի իրենց: Հաիթիի կարմիր խաչը մտավախություն ունի, որ զոհերի թիվը կարող է լինել 45-50 հազար, ևս 3 մլն մարդ` Հաիթիի բնակչության մեկ երրորդը, վիրավորվել կամ անօթևան է մնացել 7 մագնիտուդ ունեցող երկրաշարժի հետևանքով:
Մայրաքաղաքում ամենուրեք դիակներ են: Բեռնատարները դիակներ են տարել Պորտ-օ-Պրինսի գլխավոր հիվանդանոց, որի տնօրենը հիվանդանոցի շենքի մոտ կուտակված 1500 դիակ է հաշվել: Հուսահատված հաիթեցիները Պորտ-օ-Պրինսի մի հատվածում ճանապարհները փակել են դիակներով` պահանջելով, որ ավերիչ երկրաշարժից հետո օգնությունը ավելի արագ հասնի: Time ամսագրի լուսանկարիչ Շոլ Շվարցը շինությունների փլատակներից և զոհերի դիակներից կազմված առնվազն 2 արգելապատնեշ է տեսել: «Նրանք սկսում են ճանապարհները փակել դիակներով: Մարդիկ արդեն կուշտ են նրանից, որ իրենց չեն օգնում»,- Reuters-ին ասել է նա:
«Մենք արդեն 3 օր և 3 գիշեր սպասում ենք փողոցում, բայց ոչ մի բան չի արվել մեզ համար, անգամ քաջալերման խոսք` նախագահի կողմից: Ի՞նչ պետք է մենք անենք»,- Reuters-ին ասել է մի հաիթեցի, ով խնամում է երկրաշարժից վիրավորված իր մորն ու քրոջը:
Երկրաշարժից ավելի քան 48 ժամ է անցել, և մարդկանց սնունդ ու ջուր է անհրաժեշտ, ինչպես նաև օգնություն` փլատակները փորելու և դրանց տակից դուրս հանելու համար անհայտ կորած հարազատներին: Մեծանում են աղետյալներին սնունդ և ջուր հասցնելու հարցում եղած մտավախությունները: «Մարդիկ համարյա կռվում են ջրի համար»,- Associated Press-ին ասել է փրկարար Ֆևիլ Դուբիենը: Նա բեռնատարով ջուր էր բաժանել մայրաքաղաք Պորտ-օ-Պրինսի հյուսիսում:
Հաիթիի բժիշկները համապատասխան սարքավորումներ չունեն` վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու համար: Փրկարարները զգուշացնում են, որ զոհերի թիվը կավելանա, եթե վիրավորները, որոնց մեծ մասը կոտրվածքներ ունի և արյուն է կորցրել, առաջին բուժօգնություն չստանա առաջիկա օրը: «Հաջորդ 24 ժամը վճռորոշ է լինելու»,- ասել է ԱՄՆ-ից Հաիթի եկած փրկարար Փոլ Քորմիըրը:
Անհրաժեշտ պաշարներով որոնողական ու փրկարարական սարքավորումներով բեռնված ինքնաթիռները սկսել են Պորտ-օ-Պրինսի օդանավակայանում վայրէջք կատարել դեռ հունվարի 14-ին, ընդ որում ավելի արագ, քան օդանավակայանի աշխատակիցները կկարողանային բեռնաթափել դրանք: Օդանավակայանում կուտակումներ են առաջացել: Ինքնաթիռները ստիպված են եղել անգամ մինչև 2 ժամ պտտվել օդում մինչ վայրէջք կատարելը:
Հաիթիի նախագահ Ռենե Պրևալն ասել է, որ արդեն 7000 զոհ է թաղվել եղբայրական գերեզմանոցում:
Լուսանկարը` Associated Press-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել