Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը համարում եմ ցեղասպանածին երկիր»
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում հրավիրվել էր կլոր սեղան-քննարկում` նվիրված մարդու իրավունքներին եւ Ադրբեջանում կատարված էթնիկ զտումներին: Միջոցառման նախաձեռնողն էր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «1990 թ. հունվարի 13-19 Բաքվում եւ Ադրբեջանում հայերի նկատմամբ կատարվեց դաժան արյունահեղություն, որը դադարեց միայն հունվարի 20-ին»,- իր խոսքում ասաց Ա. Հարությունյանը:
«Դեպքերը զարգացան ոչ թե զուտ 1990 թ., այլ դրանից շատ ավել շուտ` դեռեւս 20-րդ դարի սկզբին: «Ցեղասպանություն» բառից բացի, այլ կերպ չի կարելի բնորոշել այն, ինչ տեղի ունեցավ 1990 թ.: Դա պանթուրքիզիմի ամենախայտառակ դրսեւումներից է եղել: Ես Ադրբեջանը համարում եմ ցեղասպանածին երկիր: Նա որդեգրել է էթնիկ զտման քաղաքականությունը, այն է` զտել տվյալ տարածքը այլազգիներից»,-ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա ասելով` սա բնորոշ է բոլոր այն ազգերին, որոնք ցանկանում են ստեղծել ազգային պետություն. «Նման ազգերը գալիս են ոչ թե դարերի խորքերից, այլ ուրիշի տարածքի վրա բնակվելու եւ այդ տարածքի բնակչությանը ոչնչացնելու նպատակով: Այն կիրառվել է Բաքվի բազմազգ բնակչության նկատմամբ: Ադրբեջանցիների այլատյացությունը գալիս է հենց սրանից, եւ այդ ատելությունը տարածվում է ոչ միայն ողջերի դեմ, այլեւ մահացածների: Դրա վառ ապացույցն է Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը, որին միջազգային հանրությունը մինչ այժմ համապատասխան գնահատական չի տվել»: Նախկին պաշտպանի խոսքերով` չի կարելի նման դեպքերը մոռացության մատնել եւ թողնել անպատիժ: Պետք է այդ մասին անընդհատ բարձրաձայնել, որպեսզի չկրկնվի. «Այս իրադարձությունները չեն հանգեցրել Ադրբեջանում որեւէ զղջման: Քիչ է մնում` պահանջեն, որ հայերը ներում հայցեն, մինչդեռ սա հայության դեմ է ուղղված: Այդ պրոպագանդայի հաշվին նրանք կարողանում են ատելություն սերմանել հայերի դեմ»:
«20-րդ դարի սկիզբից սկսած` հայերի նկատմամբ տարվել է էթնիկ զտման քաղաքականություն: «Ձեռնարկեք բոլոր միջոցները հայերին թուլացնելու համար». սա 1905-ին գրված նամակներից մեկն է, որ գրել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը: Նույն թվականին հայաբնակ նահանգներում 2 փուլով տեղի ունեցան կոտորածներ»,-իր խոսքում պատմական որոշ դեպքերից ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հայաստանում Փախստականների միության նախագահ Գագիկ Եգանյանը, ներկայացնելով փախստականների իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ասաց. «Մինչ այժմ Հայաստանից մեկնած ադրբեջանցիներն ապում են վրաններում, սա այն դեպքում, երբ 92 հազար ընտանիք թողել է Ադրբեջանը ու չի ստացել փոխհատուցում, եւ այդ տարածքները, բնականաբար, կարող էին բնակեցվել: Սակայն նրանք դա չեն անում, քանի որ ուզում են միջազգային հանրությանը ներկայանալ իբրեւ տուժող կողմ: Ոչ մեկին մինչ այժմ փոխհատուցում չի տրվել, մինչդեռ հայկական կողմը 1400 հոգու փոխհատուցել է դեռ 90-ականներին: Բացի դա, Ադրբեջանից եկած հայերին հայկական կողմը տեղավորեց բնակելի շենքերում եւ հիմա էլ իրականացնում է աշխատանք, որ նրանց ապահովի բնակարաններով: Ու չնայած տարվող աշխատանքներին` փախստականների համար Հայաստանում գլախավոր խնդիրը մնում է մշտական բնակության վայրը»: Եգանյանի ներկայացմամբ` հայրենասիրական զգացումները զգալիորեն նվազում են, երբ մարդ չի ունենում այն տարրական պայմանները, որ անհրաժեշտ են կենցաղում, քանի որ նրանցից շատերն ապրում են հանրակացարաններում եւ զուրկ են դրանցից:
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել