HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանությանը շատ են թուլացրել»

Երեկ` հունվարի 14-ին, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակում ժամը 14-ի սահմաններում քաղաքի Զորավար Անդրանիկի թիվ 18 շենքի բնակիչ Վահե Մանուչարյանի սպանությունը բնակչության շրջանում խուճապ և մտահոգություններ է առաջացրել: Դա փաստեցին նաև բնակիչների շրջանում մեր կատարած հարցումները:

Հովիկ   Շեկոյան -Սա վատ նշան է, չի կարելի էդպես: Աստվածաշունչն ասում է`մի սպանիր: Չգիտեմ: Հազար ողորմի էդ մահացածին: Լավ բան չի եղել: Սա վատ նշան է:

Խ.Ս. -Վատ երևույթ է: Թե ինչու են այդ երիտասարդին սպանել` չգիտեմ եւ չեմ կարող ասել, բայց երեւույթը դատապարտում եմ: Սա ոստիկանության վատ աշխատանքի հետեւանք եմ համարում: Խնդրում եմ ազգանունս չգրեք:

Հակոբ Հալաջյան, ոստիկանության նախկին օպերատիվ աշխատող - Ոստիկանությանը շատ են թուլացրել: Մասնագիտական կադրերի պակասն էլ է, հետո` կարող  է մի քիչ ավելի ուժեղ ոստիկանությունը հասարակության որոշ մասին խանգարում էր:  Որոշ շերտերի, ինձ թվում է, խանգարում էր: Դրա համար էլ ոստիկանությանն արհեստական թուլացրին, որ ավելի հեշտ կարողանան իրենց հարցերը լուծել: Ոստիկանությունն ամբողջ հանրապետությունում է թույլ, ինչու միայն Ալավերդիում: Իմ կարծիքով, եթե դեմը չառնվի, էս սպանությունը պիտի շարունակվի: Չշարունակվելու համար  ավելի ռեալ քայլեր պետք է ձեռնարկել: Քաղաքի հանցավոր խմբավորումները պետք է վերացնել: Չեմ կարող ասել, թե քաղաքի հանցավոր աշխարհը որտեղից է ղեկավարվում, համենայնդեպս ղեկավարվում է, եւ այսօր լավ բանի չի բերում:  Երեխեք են, հենա, օրը ցերեկով դպրոցից եկող երեխեք են եղել, օրը ցերեկով կրակել են,  քանի փամփուշտ կրակել են, ռեկաշետից էլ հնարավոր է մի երեխայի վիրավորեին, խփեին անմեղ երեխեքի:

Տաքսու վարորդներ- Աստվածն է մարդուն կյանք տալիս, Աստվածն էլ պետք է վերցնի: Իմ կարծիքով` մեկը մեկին սպանելու իրավունք չունեն: Ըստ երեւույթին, էս սպանությունը իրա նախապատմությունն ունի: Բայց դե, օրենք էլ չկա: Ասենք, օրենքը կապ չունի: Օրենքը գործելու պայմաններում էլ կարող է սպանություն լինել: Ասում են խփողը գնացել է կամավոր ներկայացել: Բայց դե մենք ոչ մի դեպքում մարդուն սպանելը չենք արդարացնում: Պետության մեջ էլ կարգուկանոն պետք է հաստատել, չկա: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ոստիկանությունը զենք խլող չի աշխատում: Մեր ազգանունները չգրեք, մի կտոր հացից կզրկեն, էն մնացածն էլ չենք ասում: Բայց ճիշտը մեկն է՝ օրենք չկա: Կարող է էս սպանողին էլ տանեն բերդը, նրա ախպերն էլ սրան սպանի: Օրենքը որ ըլեր, էդ մարդու ձեռքին զենքը չէր լինի:  Բայց դե, երեխեք են անցնում, օրը ցերեկով մարդիկ են անցնում, բռնես փողոցում կրակես, մարդ սպանես, տենց ո՞նց կլինի:

Խ.Ս. -Ոստիկանությունը զենքով, բանով դուրս էր թափվել, երբ սպանությունը կատարվել, պրծել էր: Որ վերունենք ճիշտը, նախորդ սպանության քննությունը գնում էր, ավտոմատը պետք է պարզվեր որտեղից է հայտնվել նախկին սպանողի ձեռքին, հետո ոստիկանության կողմից պետք է ուժեղացվեին անօրինական զենքի հայտնաբերման աշխատանքները: Եթե ակտիվացնեին ու լավ աշխատեին, էդ զենքը կգտնեին, ու էսօր էդ սպանությունը չէր շարունակվի:

Կառլեն Երիցյան -Շատ վատ է, որ մեր ջահելները իրար հետ չեն հաշտվում: Թողտվությունը, իմ կարծիքով սրա պատճառը հիմնականում թողտվությունն է, այո, սրա պատճառը նաև  ոստիկանության աշխատանքների թուլությունը, օրենքների չգործելն է: Օրենքները թղթի վրա գրվում են,  ուրա՞: Ով ոնց ուզում է, էնպես էլ շարժվում է: Կարգ ու կանոն հաստատելու եւ երիտասարդության  այս կարգի արարքները կանխելու  համար վերեւներում նստած մարդիկ պետք է լինեն այնպիսի ղեկավարներ, ինչպիսիք եղել են Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը: Նրանք  օրենք էին պահում: Հայաստանին այնպիսի ղեկավար է պետք, ինչպիսին Աղասի Խանջյանն է եղել: Ասում են` որ գալիս էր Ալավերդի, չէր զգուշացնում:  Գալիս էր, գնացքից իջնում էր ու սապոգներով մտնում էր գործարան: Նոր իմանում էին, որ եկել է: Ղեկավարները պետք է այնպես անեն, որ ժողովուրդը իրենց նման ապրի: Թե չէ` էս ի՞նչ է կատարվում:

Վերան Մայիլյան, աշխատանքի վետերան - Խարդախությունը խեղդում է էս քաղաքում: Բա սա մարդկություն է: Նա սպանել Է, դու էլ ես անում: Էս ոնց երեւում է, պետք է շարունակվի: Էս է, հմի էլ նրա բարեկամը նրան կխփի, նա էլ նրան կխփի: Ոստիկանությունը կարգուկանոն պահպանող մարմին է, զգոն պիտի լինի: Կառավարությունն էլ պիտի ոստիկանությանը վերահսկի, թե չէ` մեր ձեռիցն ի՞նչ է գալի: Ոստիկանությունը պետք է զենքի հայտնաբերման գործով լուրջ զբաղվի: 100-ից ավելի ոստիկաններ քաղաքում պետբյուջեից աշխատավարձ են ստանում, նրանց գործի անունը պետք է կարգ ու կանոն հաստատելը լինի, մինչդեռ օրը ցերեկով քաղաքի կենտրոնում ջահել մարդ են սպանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter