HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթական հաղթանակ Սահմանադրական դատարանում

Հունվարի 14-ին կայացած նիստում Սահմանադրական դատարանը` բավարարելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչեց ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների պահանջներին հակասող և անվավեր: Հիշեցնենք, որ 2009թ. հունիսի 8-ին Արմեն Հարությունյանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով

որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին համապատասխանության հարցը: ՍԴ դիմելու խնդրանքով Պաշտպանին դիմել էր նաև ՀՀ Փաստաբանների պալատը: ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուuափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիuտի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով եւ վկայում է դատարանի կամ դատական նիuտի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին»: Ընդ որում` այս հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձինք պատժվում են նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկ ամիս առավելագույնը ժամկետով: Պաշտպանի համար ՍԴ դիմելու հիմք է հանդիսացել օրենսդրական ձևակերպման այն խնդիրները, համաձայն որոնց, վիճարկվող նորմը անհավասար դրության մեջ էր դնում մասնավորապես պաշտպանին դատավարության մյուս մասնակիցների, հատկապես` մեղադրողի համեմատ, քանի որ նույնպիսի արարքի համար պաշտպանը կարող է ենթարկվել քրեական հետապնդման, իսկ մեղադրողը` ոչ: Բացի այդ, վիճարկվող նորմի անորոշությունը պայմաններ էր ստեղծել դրա կամայական մեկնաբանման և կիրառման համար: Այսպես, օրինակ, մի դեպքում փաստաբանի նկատմամբ վիճարկվող նորմի դիսպոզիցիայի կիրառմամբ քրեական գործ էր հարուցվել նրա կողմից դատական նիստերի դահլիճը լքելու կապակցությամբ, իսկ մյուս դեպքում` փաստաբանի նույնպիսի գործողությունները մեկ այլ գործով չեն դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և իրավական հետևանքներ չեն առաջացրել: Արմեն Հարությունյանը դիմել էր ՍԴ նաև ելնելով այն համոզմունքից, որ քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն ձևակերպված չեն բավարար հստակությամբ: Եվ հետևաբար 343-րդ հոդվածի առաջին մասի դրույթները թույլ չէին տալիս շահագրգիռ անձին, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվությունից օգտվելով, դրանց հետ համեմատել իր վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ դրանց գործողությունից: Հունվարի 14-ին կայացած նիստում Սահմանադրական դատարանը` ելնելով գործի քննության արդյունքներից, որոշեց ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը` այնքանով, որքանով կիրառելի չէ նաև դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության  14.1-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter