HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Բաղդասարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես Նկարիչների միությունում 

 Նկարիչների միությունում այս տարվա ցուցահանդեսների շարքը մեկնարկեց Արա Բաղդասարյանի  գրաֆիկիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսով: 

Ներկաների խոսքերով` Ա. Բաղդասարյանի աշխատանքների ցուցահանդեսն առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ համեմատաբար քիչ են լինում, այլեւ նրանով, որ ցուցահանդեսը նաեւ հոբելյանական է. լրանում է նկարչի ստեղծագործական կյանքի 50-րդ տարին: Ցուցահանդեսի բացման խոսքում ՆՄ նախագահ Կարեն Աղամյանը կարեւորեց մեր երկրում գրաֆիկայի զագացումը` նշելով, որ Ա. Բաղդասարյանը գրքի ձեւավորման եւ գրաֆիկայի զարգացման գործում մեծ ներդրում ունի: Իսկ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն անդրադարձավ ոչ միայն նկարչի` արվեստում ունեցած ավանդին, այլեւ լրատվամիջոցներին. «Ես չեմ հասկանում, էդ  30 հեռուստաընկերությունները, «Մշակույթ»-ի մշակութային բաժինն ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ չեն եկել: Զարմանալի է, որ ՆՄ-ն սկսում է այս տարվա ցուցահանդեսների բացման շարքը, եւ ոչ մի հեռուստաընկերություն չի եկել լուսաբանելու»,- ասաց նա: Անդրադառնալով նկարչի ստեղծագործություններին` ասաց. «Ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուրի մեջ կա առանձին ոգի, յուրահատուկ մոտեցում, իսկ նրա ներդրումը ԵՊԳԱ-ի գրքի ձեւավորման եւ գրաֆիկայի բաժնում անգնահատելի է»: Արա Բաղդասարյանի խոսքերով` ինքը վաղուց եւ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել այս ցուցահանդեսին. «Ես ոչ մի բան չեմ սպասում, ես ուղղակի նկարում եմ, ինձ համար կարեւորն այն է, որ մարդիկ կան, ում դուրը գալիս է իմ արվեստը, դրա համար էլ երկար եմ պատրաստվել այս ցուցահանդեսին եւ էլի շարունակելու եմ անել իմ գործը»: Ներկայացված աշխատանքներում կարելի է տեսնել մեզ հայտնի բազմաթիվ գրքերի պատկերազարդումներ և կերպարներ: Նկարչի արվեստում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ տառարվեստը, որի նմուշներից այսօր ևս ցուցադրված էին: Ցուցահանդեսից տպավորված էին հատկապես 181 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները: Ներկայացված գործերից շատերը ծանոթ էին. «Մենք տեսել ենք այս աշխատանքները մեր դասագրքերում, դրանք մեզ հարազատ են ու շատ գեղեցիկ են արված»,- ասաց նույն դասարանի աշակերտ Էդմոնը: Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի  մինչեւ հունվարի 27-ը:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter