HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Կոճակ սեղմողների համալրման մեխանիկան

Թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրությունները նախորդներից առանձնանում էին նրանով, որ ընդդիմության անհամեմատ ուժեղ թեկնածուին իշխանությունը հակադրել էր անհամեմատ թույլ, հանրության լայն շրջանակներին գրեթե անծանոթ թեկնածու։

Թվում էր, թե իշխանությունը ՀԱԿ կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ պահելու հանգամանքը փորձում է փոխհատուցել նման թույլ թեկնածուի առաջադրմամբ՝ այսպիսով համեմատաբար հավասարեցնելով մրցակցային հնարավորությունները։ Սակայն արդեն ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ տպավորությունը խաբուսիկ է, եւ որ Արա Սիմոնյանի թեկնածության առաջադրումը ոչ թե ընդդիմությանը հաղթելու շանս տալու թաքնված նպատակ էր հետապնդում, այլ պարզապես ոմանց քմահաճույքի, քաղաքական պայմանավորվածությունների արդյունք էր, որը պետք է անպայման բավարարվեր։ Քվեարկության օրը դեկտեմբերի 26-ից հունվարի 10-ը տեղափոխելով՝ իշխանությունը հստակ ցույց տվեց, որ փորձելու է Փաշինյանի ժողովրդականության ու հեղինակության գործոնները չեզոքացնել ամանորյա տոներով եւ դրանով պայմանավորված՝ ընտրողների «խումհարային» տրամադրություններով։ Այս «օպերացիայի» հիմնական նպատակը մեկն էր` ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններին հնարավորինս քիչ քաղաքացի մասնակցեր։ Եվ դատելով ընտրությունների արդյունքներից՝ այդ խնդիրն իշխանությունը լուծեց լիովին։ Այն փաստը, որ ընտրատեղամասեր եկավ 55 861 ընտրողների ընդամենը 24.3 տոկոսը, մեծամասամբ դրա արդյունքն էր։ Մյուս կողմից, մամուլի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքը բավարար պայմաններ էր ստեղծում ոչ միայն լրագրողների հետ հնարավոր ընդհարումների հավանականությունը նվազեցնելու, այլեւ քվեարկության ընթացքի վերաբերյալ տեղեկատվական վակուում առաջացնելու համար։ Արդյունքում ունեցանք «հերթական ընտրություններ», որոնցում կիրառվեցին ընտրախախտումների ծանոթ ու անծանոթ գրեթե բոլոր մեթոդները՝ սկսած ահաբեկումներից ու բռնություններից մինչեւ լցոնումներ ու ընտրողների մատյանների անհետացում, որոնք, սակայն, հասարակական լայն հնչեղություն այդպես էլ չստացան։ Այս իմաստով կարելի է փաստել, որ Հայ ազգային կոնգրեսը տակտիկական պարտություն կրեց։ Այն չկարողացավ իրացնել իր թերեւս ամենակարեւոր երկու առավելությունները՝ ուժեղ թեկնածու ունենալու փաստը եւ նպատակամղված թիմային աշխատանքը։ Մտնելով ընտրապայքարի մեջ՝ ՀԱԿ-ը չէր կարող չիմանալ իշխանության հնարավոր ռեակցիան եւ գործադրվելիք մեթոդների ու միջոցների ազդեցության հետեւանքները։ Թեեւ ընտրական գործընթացի մեջ ներգրավված անհատների համար Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ընկալվում էր որպես հաղթանակ ընդհանուր իշխանափոխության ճանապարհին, սակայն այդ գիտակցությունը ՀԱԿ-ը չկարողացավ հասցնել շարքային ընտրողներին։ Դրա համար արհեստական լուրջ խոչընդոտներ դրվեցին՝ վարչական ու քրեա-օլիգարխիկ ռեսուրսների կենտրոնացումը, տոների պատճառով փաստացի քարոզարշավ անցկացնելու համար ժամանակամիջոցի բացակայությունը, մարդկանց ուշադրության ու տրամադրությունների անհամատեղելիությունը քաղաքական գործընթացների հետ, ընդդիմադիր թեկնածուին ազատազրկման մեջ պահելու միջոցով ընտրարշավի համար փաստացի անհավասար պայմանների ստեղծումը եւ այլն։ Սակայն դրան զուգահեռ կային նաեւ սուբյեկտիվ գործոններ, որոնք իրենց հերթին նպաստեցին նման արդյունքների արձանագրմանը։ ՀԱԿ-ը չկարողացավ գտնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող էին իրենց համար առաջադրված ամենամեծ խոչընդոտը՝ ամանորյա տոները, դարձնել քարոզարշավի կարեւոր գործիքներից մեկը։ Տնային այցելությունները, բակային հանդիպումները` տոնական տրամադրություններով զուգորդված, կարող էին բավականին մեծ էֆեկտ ունենալ, մինչդեռ նման միջոցառումներ գրեթե չկազմակերպվեցին։ ՀԱԿ-ը ապավինեց ավանդական մեթոդներին, մասնավորապես մեծամասշտաբ միջոցառումներին՝ հանրահավաքներին, որը, սակայն, վաղուց արդեն կորցրել է իր արդյունավետությունը ոչ համապետական ընտրությունների ժամանակ։ Այս ընտրությունները տեղի ունեցան ՀԱԿ-ի հետեւողական պասիվացման, ընտրազանգվածի հիասթափության ալիքի ֆոնի վրա։ Ընտրատարածքի ընտրողների համար դա պայքար էր ոչ թե իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ ընդամենը՝ իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի։ Եվ նրանք, ովքեր գնացին ընտրատեղամասեր ու քվեարկեցին վերջինիս օգտին, դա չարեցին հանուն իշխանափոխության, այլ հանուն Նիկոլ Փաշինյանի հաղթանակի։ Մի մասը դրա մեջ տեսնում էր շուտափույթ ազատության մեջ հայտնվելու շանս Նիկոլի համար, մյուս մասը ոգեշնչվածէր նրա հրապարակային գործունեությունից, մի մեծ մասն էլ՝ որովհետեւ հենց Նիկոլ Փաշինյանի անձի ու անհատականության մեջ էր տեսնում այլընտրանքը։ ՀԱԿ-ի գործոնն այս առումով ընդամենը երկրորդական նշանակություն ուներ, մինչդեռ պետք է լիներ հակառակը։ Հենց սկզբից ՀԱԿ-ը ճիշտ չընտրեց պահը։ Անկասկած, թիվ 10-ն ընտրություններին մասնակցելու տեսակետից ընդդիմության համար լավագույն ընտրությունը չէր։ Երեւանի կենտրոնի ազգաբնակչությունն իր կենսամակարդակով համեմատաբար ավելի ապահովված է։ Հնարավորությունների իրացման, բիզնես պլանների իրականացման տեսակետից այն ավելի լայն հնարավորություններ ունի, քան Երեւանի որեւէ այլ վարչական շրջան կամ հանրապետության մարզ։ Եվ այստեղ բնակչությունն ամենաքիչն է շահագրգռված քաղաքական, դրանով պայմանավորված` նաեւ տնտեսական փոփոխություններով։ Չնայած նաեւ հենց այս տարածքում են ավելի շատ գիտակցված պրագմատիկ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողները, սակայն նրանք հակված չեն դրանք կենսագործել ակտիվ քաղաքական գործունեությամբ կամ կամարտահայտմամբ։ Կարելի է ասել, որ սա քաղաքականապես ամենապասիվ ընտրատարածքն է ընդդիմության համար, մինչդեռ հենց դրա վրա կենտրոնացավ ընդդիմությունը։ Ինչեւէ, եղածն արդեն եղած է։ Արա Սիմոնյանի ընտրությունը քաղաքական առումով ոչինչ չի տալիս։ Ընդամենը խորհրդարանը համալրվում է եւս մեկ կոճակ սեղմողով։ Եթե անգամ ընտրվեր Նիկոլ Փաշինյանը, դա եւս որոշումների կայացման վրա էական ազդեցություն չէր ունենալու։ Ընդդիմության ձայները մեկով ավել, մեկով պակաս՝ Աժ-ում ոչինչ չէր նշանակելու։ Սակայն դա լուրջ հոգեբանական ազդեցություն կունենար ողջ պետության ու հասարակության վրա։ Իշխանությունն այդպիսով անուղղակի կապացուցեր զիջումների, երկխոսության գնալու իր պատրաստակամությունը եւ ինչ-որ չափով սրբագրելով մարտի 1-ի հետեւանքները` արմատական ընդդիմության ձայնը լսելի կդարձներ խորհրդարանում, ինչի պակասն ակնհայտորեն զգացվում է։ Հասարակությունն իր հերթին գուցե զգար, որ իր քվեն այս երկրում ինչ-որ արժեք ունի եւ կարող էր հավատալ իր ուժերին։ Սակայն հիմա, նաեւ այս ընտրություններից հետո բոլորն իրենց զգում են նույն կոտրած տաշտակի առաջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter