HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մինչ գյուղապետը մեղադրում է լրագրողին, բժիշկն էլ` մորը, 14 տարեկան տղան տառապում է էպիլեպսիկ հիվանդության ցնցումներից

 Հակոբյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Բագարան գյուղի կիսավեր տանը: Տունը վթարային է, պատերը՝ ճաքած: Դրսի կողմից երկաթե խողովակներ են հենել, որպեսզի դրանք փուլ չգան: Պատուհաններին ապակիներ չկան, եւ այդ պատճառով օգտագործվում է միայն տան սենյակներից մեկը:

«Ամառ-ձմեռ 6 հոգով մի փոքր սենյակի մեջ ենք ապրում: Հնարավորություն չունենք, աշխատանք չկա, որ բերենք գոնե տները սարքենք: Նույնիսկ եղել է, որ մեկ ամիս հաց չենք ունեցել: Մեզ կամ հարեւաններն են տվել յոլա ենք գնացել, կամ էլ գնացել իմ ծնողներից եմ օրվա ուտելիք բերել պետությունից ոչ մի օգնություն չենք ստացել»,-ասում է Նարինե Հակոբյանը:  6 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է աղքատության մեջ: Նրանք նույնիսկ վառելիք չունեին: Վառարանում վառում են ինչ ձեռքները ընկնում է: 14-ամյա Եղիշե Հակոբյանը մանկուց տառապում է «էպիլեպսիկ» հիվանդությամբ, սակայն գումար չունենալու պատճառով ոչ կարողանում է բժիշկի գնալ, ոչ էլ դեղորայք գնել: Ընտանիքի մոր` Նարինե Հակոբյանի պատմելով` ապրում են 38 000 դրամ նպաստով եւ այլ եկամուտ չունեն: Շուտով նրա աղջիկներից մեկը չափահաս կդառնա եւ մայրը մտավախություն ունի, որ նպաստի չափն էլ կկրճատվի: «Նպաստովենք սննդի հարցը լուծում ու մեկ ամիս յոլա գնում: 2000 մետր հողամաս ունենք, բայց ջուր չլինելու պատճառով չենք կարողանում մշակել: Ասում են՝ ջրի փողը կանխիկ տուր որ նասոսը միացնենք ջուր անես: Դրա համար էլ հիմա էս օրին ենք հասել: 100 հազարից ավել միայն լույսի գումար են պարտք»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Նարինե Հակոբյանը: Եղիշեն հիվանդության կարգ չունի: Նարինեի ներկայացմամբ` իր ուժերից վեր է, որ տղան հիվանդության թուղթ ստանալու համար հիվանդանոցում մնա: Իսկ հիվանդության կարգ ստանալու համար անպայման պետք է հիվանդը հիվանդանոցում լինի եւ համապատասխան բուժզննում անցնի: «Իմ երեխու մոտ անպայման պետք է ընտանիքի անդամներից մեկը մնա, քանի որ նա հաճախակի է ընկնում ցնցումների մեջ: Ես իրեն մենակ չեմ կարա թողեմ: Եթե ես իր հետ գնամ հիվանդանոց, ընդեղ ո՞նց եմ 10 օր ապրելու` սկի հացի գումար չունեմ»,-ասաց մայրը: Եղիշեի հիվանդության մասին զրուցեցինք նաեւ Բագարանի բժիշկ Արթուր Գարումովի հետ: «Տղային անձամբ ես եմ 2 անգամ տարել հոգեբույժի մոտ: Նա պետք է պարտադիր հիվանդանոց պառկի: Եղիշեն չափազանց վտանգավոր է հասարակության համար: Շատ ագրեսիվ է եւ հնարավոր է ձեռքի տակ ընկած իրը շպրտի մարդկանց վրա: Նրա հոգեկանն էլ է արդեն խանգարվել»,-ներկայացրեց Ա. Գարումովը: Բժիշկի փոխանցմամբ, մայրն անտարբեր է երեխայի հարցում եւ նրան ամենեւին էլ չի հետաքրքրում երեխայի բուժումն ու հիվանդության կարգը: «Դուք մոր խոսքերին մի հավատացեք: Իրենցից ոչ ոք գումար չի պահանջում: Ես ուղեգիրը կտամ` կգնան անվճար կսպասարկվեն»,-ավելացրեց պարոն Գարումովը: Նա տեղեկացրեց, որ Եղիշեի հիվանդության համար նույնիսկ դիմել է Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանին:  Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք նաեւ Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանին: «Ես չեմ հասկանում դու գիրք էս գրում, թե թերթ»,-միանգամից դժգոհեց համայնքապետը: Երբ նրան եւս մեկ անգամ հիշեցրեցի, որ թերթի լրագրող եմ ոչ թե գրքի հեղինակ, Գ. Մարգարյանն ասաց. «Բա իրանց չե՞ս հարցրել, թե ինչով եմ օգնել»: «Հարցրել եմ, ընտանիքի մայրն ասել է, որ ոչ մի հարցով չեք օգնել»,-ասացի: «Այդ դեպքում կգաս գյուղապետարան՝ կպատասխանեմ, հիմա քեզ ոչ մի բան էլ չեմ ասի»,-հնչեց գյուղապետի պատասխանը:

Հ. Գ. Նշենք, որ մինչ այդ գյուղապետը բավականին բարյացակամ էր տրամադրված մեր նկատմամբ եւ պատասխանում էր ցանկացած հարցի: Բանն այն է, որ «Հետք» շաբաթաթերթի հունվարի 14-20-ի համարում տպագրել ենք հոդված, որը վերաբերում է Բագարան գյուղի հողերին: Դրանք մեկ հեկտարը 23 հազար դրամով վաճառվել են պատգամավորներին:  Գյուղից քիչ հեռու հսկայական պալատ է կառուցում նաեւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը: Վերջինս նաեւ 1000  հա հող է գնել Բագարանում: Մեր տեղեկություններով հոդվածից հետո Բագարանի գյուղապետին «հասկացրել» են, որ նա պետք է քիչ խոսի եւ շատ բան չասի լրագրողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter