HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրամատակարարման համակարգում արձանագրվել են դրական տեղաշարժեր

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեում: Անցյալ տարվա արդյունքները կոմիտեի ղեկավար Ա. Անդրեասյանը ներկայացրել է 2000-ից ի վեր արձանագրված համեմատական վերլուծությամբ: Ըստ ՏԿՆ մամլո ծառայության` այդ ընթացքում խմելու եւ ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների գանձման ցուցանիշը 3,5 մլն-ից հասել է 16,8 մլրդ դրամի: Հատկապես վերջին երեք տարիներին կազմակերպություններին հաջողվել է որոշակիորեն մեծացնել խմելու ջրի մատակարարման տեւողության միջին ցուցանիշը: Մայրաքաղաքում այն ավելացել է 3 ժամով, եւ «Երեւան Ջուր» ընկերությունը միջինը 20,4 ժամ ջուր է ապահովում: Առավել բարձր ցուցանիշի է հասել «Նոր Ակունքը»` 20,7: Այս ուղղությամբ դեռեւս լուրջ անելիքներ ունեն Շիրակ-ջրմուղկոյուղին (9,2 ժամ) եւ Լոռի-ջրմուղկոյուղին (9,8 ժամ): Նշվել է նաեւ, որ 2009-ի ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 40 սանտիմետրով: Նկատվել է նաև խմելու եւ ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից էլեկտրաէներգիայի ծախսի նվազման միտում: Ջրային պետական կոմիտում հստակեցվել են 2010 թ. գերակա խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը: Առաջնահերթ խնդիրների շարքում ջրամատակարարման բարելավումն է` խմելու ջրի որակի ապահովում, ջրի կորուստների կրճատում, ջրամատակարարման տեւողության աստիճանական ավելացում, ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացում, ջրային տնտեսության ոլորտի կազմակերպությունների կառավարման հետագա բարեփոխում եւ այլն: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը գոհունակությամբ ընդունել է, որ համակարգի կազմակերպություններում թե´ ֆինանսատնտեսական, թե´ զուտ մասնագիտական դրական տեղաշարժեր են արձանագրվել: Անցած տարվա համեմատությամբ` հարկային պարտավորություններն աճել են 1 մլրդ-ով` պետական բյուջե փոխանցված գումարները կազմել են 5,5 մլրդ դրամ: Աճել են նաեւ ջրամատակարարման միջին տեւողությունները եւ խմելու ջրի աբոնենտների թիվն ու գանձումները: Ոռոգման համակարգում օգտագործված ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով` ապահովելով 87,4 %: Արմեն Գեւորգյանը միաժամանակ հորդորել է չբավարարվել ձեռքբերումներով: Մանավանդ, որ համակարգի համար այս տարին եւս հեշտ չի լինելու: Դժվարություններ ու լարվածություն կլինի հատկապես ոռոգման համակարգում, քանի որ ՀՀ կառավարության 2007 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հաստատված ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթներով 2010 թ.-ից 1 խմ ջրի դիմաց նախկին 9-ի փոխարեն գանձվելու է 11 դրամ: «2010 թվականի համար կապիտալ լուրջ ներդրումներով մի շարք ծրագրեր են նախատեսված, որոնք պետք է ամբողջությամբ եւ ամենակարեւորը` որակով եւ ճիշտ ծավալներով իրականացվեն»,- ոլորտի ղեկավարներից պահանջել է փոխվարչապետը: Որոշվել է մինչեւ հունվարի վերջը ՋՕԸ-ների եւ Ջրառ-ի ղեկավարների հետ նույնպես ամփոփել 2009-ի արդյունքները, ինչպես նաեւ նախանշել ընթացիկ տարվա անելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter