HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաիթիի երկրաշարժը աշխարհում երբևէ եղած ամենաաղետալի 10 երկրաշարժերից մեկն է

Միջազգային օգնության և սնունդի սպասող հուսահատ հաիթեցիների շրջանում լարվածությունն ու զայրույթը աճում են, քանի որ կյանքի համար անհրաժեշտ օգնությունը ուշանում է: Ըստ Հաիթիի պաշտոնյաների` հունվարի 12-ին երկիրը պատուհասած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհվել է 200.000 մարդ: Երկրաշարժը վերապրած հաիթեցիները իրենց ձեռքերն են պարզում քաղաքում շրջող լրագրողներին և սնունդ ու ջուր են խնդրում նրանցից:

Փողոցներում գրեթե ոստիկաններ չկան, և չնայած ՄԱԿ-ի բրազիլացի խաղաղապահները հերթապահում են փողոցներում, բայց լուրեր են հայտնվել աղբանոցները փորփրելու, կողոպուտի դեպքերի, ինչպես նաև կրակոցի մեկ դեպքի մասին: Առողջապահության նախարար Ալեքս Լարսենը Reuters-ին ասել է, թե մայրաքաղաք Պորտ-օ-Պրինսի ¾-ը պետք է վերակառուցել: Ըստ Համաամերիկյան առողջապահական կազմակերպության` Պորտ-օ-Պրինսում առնվազն 8 հիվանդանոց ու բժշկական կենտրոն է փլվել կամ այնպես վնասվել, որ ի վիճակի չէ գործել: «Մենք պաշարներ չունենք: Մեզ անհրաժեշտ են վիրաբուժական ձեռնոցներ, անտիբիոտիկներ,, հականեխիչ և դեզինֆեկցիոն միջոցներ: Մենք ոչինչ չունենք: Նույնիսկ ջուր: Այստեղ երեխաներ կան, որոնց բերանները չորացել են, բայց նրանց տալու ջուր չկա»,- ասել է բժիշկներից մեկը: Բեռնատարները զոհերի մարմինները տանում են քաղաքից դուրս հապճեպ փորված եղբայրական գերեզմաններ: Սակայն դեռևս հազարավոր մարմիններ են մնում փլատակների տակ: «Մենք արդեն մոտ 50.000 զոհի մարմին ենք հավաքել,- Reuters-ին ասել է Ներքին գործերի նախարար Փոլ Անտոնի Բիեն-Աիմեն:- Կանխատեսում ենք, որ զոհերի ընդհանուր թիվը կլինի 100-200.000, թեև զոհերի հստակ թիվը երբեք չենք իմանա»: Հանրային անվտանգության գծով պետքարտուղար Արամիկ Լուիսը նշել է, որ մոտ 40.000 դիակ է թաղվել եղբայրական գերեզմանոցում: Եթե պարզվի, որ զոհվածների թվերը հավաստի են, ապա կարելի է ասել, որ 7 մագնիտուդով երկրաշարժը, որը հարվածեց Հաիթիին հունվարի 12-ին և ավերակների վերածեց մայրաքաղաքի մեծ մասը, աշխարհում երբևէ եղած ամենաաղետալի 10 երկրաշարժերից մեկն է: Երկրարժից 3 օր է անցել, և կողոպտիչների ավազակախմբերը շրջում են ժամանակավոր վրաններում ապրող հաիթեցիների, փլատակների և զոհերի մարմինների մոտ: Սոված հաիթեցիները իրար հետ են կռվում Պորտ-օ-Պրինսում ՄԱԿ-ի բեռնատարից բաժանվող սնունդը ստանալու համար: Մարդիկ հուսահատված են: Երեք օր է, ինչ նրանք չեն ստացել սնունդ կամ որևէ այլ օգնություն: ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը զգուշացրել է, որ եթե օգնությունը պատշաճ ձևով չհասցվի Հաիթի և չբաժանվի ժողովրդին, ապա սովի վտանգ կառաջանա: Ինչ վերաբերում է կարգունկանոնին, ապա այն առայժմ պահպանվում է: Հաիթիի անվտանգության համար պատասխանատու ՄԱԿ-ի առաքելությունը կորցրեց իր 9000 աշխատակցից առնվազն 36-ին, երբ ՄԱԿ-ի շտաբը փլվեց: Թուլացած կառավարությունը ևս ի վիճակի չէ վերահսկել ճգնաժամը: Երկրաշարժի հետևանքով փլվել է նաև նախագահական պալատը, խափանվել են կապի և էլեկրաէներգիայի մատակարարման ծառայությունները: Հաիթիի նախագահ Ռենե Պրևալն ու վարչապետ Ժան-Մաքս Բելլովիղը ապրում և աշխատում են ոստիկանության շտաբում: «Ես տուն չունեմ, ես հեռախոս չունեմ: Սա՛ է հիմա իմ պալատը: Պետք է վստահ լինենք, որ գոնե բավարար գազ կա ...զոհերի մարմինները հավաքող բեռնատարների համար: Հիվանդանոցները լցված են և գերծանրաբեռնված»,- Reuters-ին ասել է Հաիթիի նախագահը: Մի շարք երկրներ շտապել են փրկարարական խմբեր, բժիշկներ, հեռահաղորդակցությունն ապահովող մասնագետներ, շներ, վրաններ, ջուրը զտող սարքեր, սննդամթերք, ջուր և դեղամիջոցների ուղարկել Հաիթի, սակայն օդանավակայանում կուտակումներ են առաջացել, նավահանգիստը վնասված է, իսկ փողոցները անանցանելի են փլատակների պատճառով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Մեքսիկայի, Կանադայի, Ֆրանսիայի, Կոլումբիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Անգլիայի և այլ երկրների ինքնաթիռները կարողացել են Հաիթի հասցնել փրկարարաների և այլ մասնագետների, նյութատեխնիկական ապահովման սարքեր: Հաիթիի կառավարությունը Միացյալ Նահանգներին է հանձնել երկրի գլխավոր օդանավակայանի վերահսկողություոնը, որպեսզի ամերիկացիները կարգավորեն ամբողջ աշխարհից օգնություն բերող ինքնաթիռների չվերթները և արագացնեն կաթվածահար եղած երկրին օգնության ջանքերը: Նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայցելի Հաիթի և օդանավակայանում կհանդիպի նախագահ Պրևալին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ևս հունվարի 17-ին Հաիթի կմեկնի: Այս երկրաշարժի պատճառով Հաիթին կարող է ավելի խրվել աղքատության ու անկայունության մեջ. երկրին արդեն իսկ հարվածել էին աղետները, քաղաքական քաոսն ու կոռուպցիան: Հաիթին, որը նախկինում Ֆրանսիայի գաղութն է եղել, աշխարհի ամենաաղքատ և ամենաանկայուն երկրներից մեկն է: 1990-ին ավարտվեց բռնապետության դարաշրջանը, բայց Հաիթիին պատուհասեցին խռովությունները, հեղաշրջումները, ջրհեղեղները և փոթորիկները: 1804 թ. անկախություն ձեռք բերած Հաիթին մեծապես գյուղական բնակչություն ունեցող երկիր է: Մայրաքաղաքը գերբնակեցված է: Առողջապահության և կրթական համակարգերը վատ վիճակում են: Բնակչության 80 տոկոսը աղքատ է: Հաիթիում բազմաթիվ ծառեր են հատվել` փայտածուխ ստանալու համար: Երկրի անտառածածկի 2 տոկոսից էլ պակաս մասն է մնացել: Սա հանգեցրել է Էրոզիայի, ջրհեղեղների և սողանքների: 2004-ին փոթորիկը ավերեց Հաիթիի առափնյա քաղաք Գոնաիվեսը (Gonaïves), ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Սա առիթ եղավ կոչ անելու, թե պետք է երկարաժամկետ վերակառուցում, քաղաքային ավելի լավ պլանավորում իրականացնել` բնակիչներին պաշտպանելու համար: Սակայն շատ բնակիչներ պարզապես վերադարձան այդ նույն վայրը և այնտեղ էին գտնվում, երբ 2008 թ. փոթորիկը նորից հարվածեց քաղաքին: Transparency International կազմակերպության կողմից հրապարակվող կոռուպցիայի վարկանիշային ցուցակում Հաիթին ամենավատ ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է: «Անգամ եթե օգնությունը գա, մեր պաշտոնյաները կոռումպացված ու ագահ են, և ոչ մի բան երբեք չի հասնում Հաիթիի աղքատներին: Մենք ոչ մի հույս չունենք»,- ասել է երկրաշարժը վերապրած Անդրես Ռոզարիոն: Հաիթին ոտքի կանգնեցնելու փորձերն ավարտվել են Հաիթիից հիասթափությամբ: Միջազգային հանրությունը ժամանակ առ ժամանակ է ուշադրության արժանացնում Հաիթիին: Անգամ եթե Հաիթին վերակառուցելու միջազգային կամք լինի, Հաիթին ինքը պետք է հաղթահարի ներքին քաղաքական կոնֆլիկտները և կոռուպցիան, որոնք ի չիք են դարձրել երկիրը վերակառուցելու նախորդ փորձերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter