HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագարանցիների արոտավայրերը գնել են ԱԺ պատգամավորները

Պատգամավորները մեկ հա հողը գնել են 23 հազար դրամով

Արմավիրի մարզի Բագարան գյուղի սկզբնամասում` բնակավայրից 2 կիլոմետր հեռավորության վրա, ձախ կողմի ժայռերից մեկի վրա վեր է խոյանում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (մականունը` Ալրաղացի Լյով) կիսակառույց առանձնատունը: Վայրի ընտրությունը պատահական չէ:

Առջեւում գեղեցիկ տեսարան է բացվում: Երեւում են թուրքական գյուղերը, Արաքս եւ Ախուրյան գետերի միահյուսման խառնարանը: Պատգամավորի դղյակից քիչ հեռու հանդիպեցինք նրա աշխատակցուհուն: Նա հաստատեց, որ տունն, իրոք, պատգամավոր Սարգսյանին է պատկանում, սակայն նրա անունը չգիտեր:

«Ում մոտ աշխատում եմ` ազգանունը Սարգսյան է: Ինքը Երեւանից է, բոյով մարդ է»,- ասաց աշխատակցուհին: Աշխատանքը կորցնելու մտավախությունից նա չցանկացավ անունը հրապարակել: Բագարանցիները նույնպես հաստատեցին, որ Լեւոն Սարգսյանի դղյակն է ժայռի վրա: Գյուղացիների պատմելով` ոչ միայն Լեւոն Սարգսյանը, այլեւ մի շարք պաշտոնյաներ առանձնահատուկ «սեր» ունեն իրենց արոտավայրերի նկատմամբ եւ հարյուրավոր հեկտար հողեր են գնել:

«Մեր արոտավայրերը հիմնականում գտնվում են սահմանի ներսում, ու ստեղ անհնար է անասուն պահելը, որովհետեւ հողերը վաճառված են: Ստիպված փշալարերից այն կողմ ենք անցնում, որ մեր անասուններին պահենք: Դրա համար էլ հատուկ թույլտվություն ու անցագիր է պետք»,- «Հետքին» ասաց բագարանցի Գրիգոր Ղազարյանը: Նրա խոսքով` մի շարք պաշտոնյաներ 2000 թվականից սկսած գյուղում մոտ 2000 հեկտար հող են գնել ու դրանք թողել ամայի:

«Ժողովուրդը պարապ ու սոված պատերի տակ կանգնած է, եթե դրանք մշակվեն, գյուղացիներն աշխատանք կունենան ու կկարողանան ապրել»,- ասաց Գ. Ղազարյանը: Համագյուղացի Վանյա Դավթյանի ասելով էլ` այդ տարածքում 100 հա դեղձի ու ծիրանի այգի է եղել, պաշտոնյաները դրանցով չեն հետաքրքրվել, ու այգիները չորացել են:

«Էդ կողմերը մեծ դժվարությամբ է ջուր գնում: Գնողները այդ հողերը որ մշակեն, հարյուրավոր աշխատատեղեր կլինեն»,- ավելացրեց Վանյա պապը: Բագարանի համայնքապետարանի դիմաց պարապությունից հավաքված տղամարդիկ ասում էին, որ գյուղում հարյուրավոր հա հողակտորներ ունեն ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանն ու Նահապետ Գեւորգյանը (մականունը` Նավո), երեւանցի ոմն Տիգրան Մկրտչյան եւ «ավստրալիացի» Կարոն:

Բագարանի համայնքապետ Գեւորգ Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ գյուղի հողերից մոտ 2000 հեկտար վաճառվել է: Ըստ համայնքապետի` ինքն այդ ժամանակ գյուղի ղեկավար չի եղել եւ չի կարող ասել, թե ինչու են այդ հողերը վաճառվել: Գ. Մարգարյանի ասելով` հողերը վաճառվել են 1 հեկտարը մոտ 23 000 դրամով: Նրանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք գնորդները գյուղացիների հիշատակած բարձրաստիճան պաշտոնյաներն են:

«Չէ, գնորդները սփյուռքահայեր են»,- ասաց համայնքապետը: «ՀՀ քաղաքացիություն չունեցող մարդն ինչպե՞ս է հող գնել»,- հարցրինք նրան: «Դե չգիտեմ, երեւի իրանց անունով չեն հողերը: Իմ ժամանակ չի եղել, ես չգիտեմ»,- հնչեց պատասխանը: Մինչդեռ բագարանցիները պնդում էին, որ գյուղի «Նասոսնի» կոչվող տարածքում մեծ հողեր ունի հենց պատգամավոր Լեւոն Սարգսյանը եւ այդ մասին հնարավոր չէ, որ համայնքապետը չիմանա: «Մեկ-մեկ գործ է եղել, էդ մարդկանց մոտ աշխատել ենք, ո՞նց կարող ենք իրանց չիմանալ»,- նշեց Վանյա Դավթյանը: Բագարանցիների ասելով` հողերի վաճառքի դեմ նույնիսկ բողոքի ակցիաներ են կազմակերպել, բայց ապարդյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter