HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

21-րդ դարում «ղանթարը» մնացել է բագարանցի կանանց անփոխարինելի օգնականը

Արմավիրի մարզի Բագարան գյուղի տղամարդիկ պատերի տակ կանգնած դժգոհում էին, որ իրենց կանայք այնքան են հոգնում «ղանթարներով» ջուր բերելուց, որ տանը չեն կարողանում գործ անել: Թուրքիայից 1կմ հեռավորության վրա գտնվող գյուղում խմելու ջրագիծ չկա: Գյուղացիների ասելով` Բագարանում մի տեղ է ջուր գալիս, որտեղից էլ օգտվում են գյուղի շուրջ 600 բնակիչները:

«Ղանթարով» ջուր բերելը տղամարդկանց համար ամոթ է, սակայն նրանք խղճում են իրենց կանանց, որոնց մեջքը ջուր բերելու ծանրությունից արդեն կորացել է: «21-րդ դարում ենք ապրում, բայց դեռ «ղանթարով» ջուր ենք բերում: Բա սա ապրե՞լ է, որ մենք ենք ապրում»,- դժգոհեց Գրիգոր Ղազարյանը: Խմելու ջուրը, որից օգտվում են բագարանցիները, գետնի տակից է գալիս եւ որեւէ մշակման չի ենթարկվում: Ջուրը լցվում է առվի մեջ, որտեղից էլ կանայք դույլերով վերցնում են: Բագարանի համայնքապետ Գեւորգ Մարգարյանը «Հետքին» փոխանցեց, որ ջուրն ընդհանրապես չի քլորացվում:

«Մեր գյուղի հիմնական խնդիրը հենց ջրի հարցն է: Բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, բայց մինչ օրս ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել»,- ասաց Գ. Մարգարյանը: Նա չգիտեր` 2010 թ.-ին իրենց գյուղի համար խմելու ջրի անցկացման ծրագիր Կառավարությունում կա՞, թե՞ ոչ: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզի տարածքային կենտրոնի պետ Կամսար Բաբինյանի տեղեկացմամբ` Բագարանի խմելու ջուրն իր որակական հատկանիշներով չի համապատասխանում խմելու ջրի չափանիշներին:

«Մենք պարբերաբար ջուրը ենթարկում ենք ինչպես քիմիական, այնպես էլ բակտերեոլոգիական փորձաքննության: Ասեմ, որ Բագարանի ջուրը չի համապատասխանում խմելու ջրի չափանիշներին: Այդ փորձաքննությունների արդյունքներն ուղարկել ենք պատկան մարմիններին»,- նշեց Կ. Բաբինյանը: Նրա փոխանցմամբ` եթե տեւական ժամանակ ջուրը չքլորացվի, հնարավոր է նաեւ հիվանդության բռնկումներ լինեն: Բագարանցի տիկին Ռիման օրը մի քանի անգամ «ղանթարով» ջուր է բերում, քանի որ ունի ծանրաբեռնված ընտանիք: Նրան ամենեւին էլ չէր հուզում, որ ջրի որակը վատն է եւ այն խմելով կարող են հիվանդանալ:

Տիկին Ռիման դժգոհեց նաեւ գյուղի ճանապարհներից, որոնք անձրեւոտ օրերին գրեթե անանցանելի են դառնում: «Մինչեւ վիզս ցեխի մեջ կորում եմ, մինչեւ ջուր եմ բերում: Սա ապրել չի, որ մենք ենք ապրում»,- ավելացրեց Ռիման: Բագարանցիների ասելով` իրենց գյուղի մասին բոլորը մոռացել են եւ իրենցով հետաքրքրվող ոչ մի պաշտոնյա չկա: Անցյալ տարի միայն Արմավիրի մարզպետն է այցելել գյուղ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղում ծանոթացել է բագարանցիների խնդիրներին ու գնացել: Գյուղացիների ասելով` դրանից հետո էլ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, ոչ մի հարց չի լուծվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter