
Ծիծեռնավանք` զարմանալի հնություն
Ծիծեռնավանքի թանգարանը էլեկտրականություն չունի
Ըստ ավանդության` Ծիծեռնավանքում պահվում է Պետրոս Առաքյալի ճկույթը: Ճկույթի հոդը ծիծեռն է կոչվում: Այստեղից էլ` Ծիծեռնավանք վանական համալիրի անունը: «Այդ մասին ակնարկում են պատմիչները: Լավագույն պատմիչները, որոնց կարելի է վստահել, երեքն են` Երվանդ Լալայանը, Արտակ Եպիսկոպոս Սմբատյանցը, Ղեւոնդ Ալիշանը:
Եկեղեցին զարմանալի մի հնություն է. հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին: Եռանավ բազիլիկ եկեղեցի է»,- ասաց եկեղեցու հոգեւոր հովվի օգնական, Ծիծեռնավանքի թանգարանի վարիչ Արման Սրապիոնյանը: Վանական համալիրը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի նույնանուն` Ծիծեռնավանք գյուղում: Մինչ շրջանի ազատագրումը ադրբեջանցիները եկեղեցին գոմի էին վերածել, հատակն ամբողջությամբ քանդված էր: 2001-2003 թթ. բարերարների շնորհիվ վանքն ամբողջությամբ վերանորոգվել է:
«Սրանք 8-13-րդ դարի խաչքարեր են: Բեմահարթակի ճակատային մասից միայն մնացել էր տուֆից այս քարը, որը դրվել է անմիջապես այս մեջտեղի մասում: Մնացածը բազալտից նույնությամբ սարքել են արդեն: Հենակոթողն էլ նոր է, ավազանն էլ նոր է, հատակն էլ: Մեծ նավի կես մասը ամբողջովին քանդված էր ոչ պատերազմի արդյունքում. չեն խփել, այստեղ ոչ մի վնաս չեն տվել պատերազմի ժամանակ, ուղղակի հենց այնպես քանդվել է, ինքն իրեն, լրիվ բացված էր. նույն տեսակի քարով նույնությամբ սարքվել է»,- ասաց Արման Սրապիոնյանը:
Տարածքի ազատագրումից հետո կատարված պեղումների արդյունքում վանքում հայտնաբերվել են կարասի մնացորդներ իրենց եզրաշրթերով: Կարասում, ըստ ավանդույթի, պահվել է խորհուրդների գինին: Եկեղեցու կանոնակարգության 7 խորհրդից 2-ի մեջ գինին օգտագործվում է` պսակադրության եւ հաղորդության ժամանակ: Վանքի բակում հայտնաբերվել են նաեւ թոնիրներ, որոնց մեջ հավանաբար լավաշ են թխել:
Ծիծեռնավանքը եղել է վանական համալիր, որտեղ վանականներ են ապրել մինչեւ 18-րդ դարի վերջը: 16-րդ դարում հիմնադրվել է համալիրի սեղանատունը` պարիսպների հետ մեկտեղ: 2003 թ.-ից սկսած` սեղանատունն իբրեւ թանգարան է գործածվում: Այստեղ պահվում եւ ցուցադրվում են եկեղեցածիսական առարկաներ, մասունքներ, խեցեղեն, խաչքարեր, թասեր: Ցուցանմուշները հիմնականում պարիսպներից ներս են հայտնաբերվել:
Արման Սրապիոնյանն արդեն 8 տարի թանգարանի վարիչն է եւ առաջին աշխատողը վանական համալիրի վերանորոգումից ի վեր: Թանգարանը այցելուներ շատ է ունենում, հատկապես ամռանը: Այցելում են եւ օտարազգի զբոսաշրջիկներ եւ հայեր: Ծիծեռնավանքի թանգարանի հիմնական խնդիրն այն է, որ էլեկտրականություն չունի: Մենք Ծիծեռնավանք այցելեցինք երեկոյան: Մութ էր, թանգարանի լուսամուտները` փոքր, ոչինչ չէր երեւում: Նախկինում թանգարանը էլեկտրականություն ունեցել է: Արման Սրապիոնյանն ասաց, որ թանգարանը էլեկտրաէներգիայով ապահովելը դժվար խնդիր չէ. «Մի թեթեւ փողի հարց է, որ չեն ուզում: Ահագին ժամանակ է, որ լույս չկա: Դե, բոլորն էլ գիտեն: Արցախի հնության նախարարն էլ էստեղ եկավ, ասացի` «հոսանքի հարցը»: «Բա` հեսա լուծենք»»: Ըստ թանգարանի վարիչի` Ծիծեռնավանք գյուղում 24-25 տնտեսություն կա: Ծիծեռնավանքում եւ հարեւան գյուղերում բնակվում են երեւանցիներ, գյումրեցիներ, այլ մարզերից վերաբնակներ: Արմանը ծնունդով երեւանցի է, Քաշաթաղ է տեղափոխվել 2003-ին: Նա 8 երեխա ունի: «Երեւանում ես 3 երեխա ունեի, էլ միտք չունեի ունենալու: 5 երեխա էլ էստեղ եմ ունեցել: Երեւանում ընտանիքից երեւի թե 1-2-ը գոնե պիտի աշխատեն, որ կարողանան իրենց ընտանիքը պահել»,- ասաց Արմանը:
Սրապիոնյանները Ծիծեռնավանքի բազմազավակ 2 ընտանիքներից մեկն են: Նրանց հարեւանը 7 երեխա ունի: Շաբաթը 2 անգամ ավտոբուս է անցնում գյուղով: «Մեծերի մի խոսք կա` «եղունգ ունես` գլուխդ քորիր»»,- ասաց Արմանը: Նրա խոսքերով` գյուղում ոռոգման ջուր կա, սակայն իրենց այգի չէր հասնում: «Էս վերջում ես իմ սեփական ուժերով խողովակներ առա, գետից մի քիչ բարձրացա, որ գա, հասնի մինչեւ այգին: Ու գալիս է»,- ասաց Արմանը: Երբ այցելեցինք Քաշաթաղ, հէկ-ի կառուցման աշխատանքներ էին ընթանում: Գետի երկայնքով հատված ծառեր կային: Արման Սրապիոնյանն ասաց, որ գետի հունին մոտ աճած ծառերը թույլատրվում է կտրել հէկ-ի համար ճանապարհ բացելու նպատակով:
Շատ ծառեր էլ, որոնք ուղղակի տապալված էին, բավականին հեռու էին գետից և ընթացող աշխատանքերի վայրից: Օրինակ` այս ծառը վանքի պարիսպների մոտ էր: Արման Սրապիոնյանն ասաց, թե օգտվելով առիթից, որ գետի մոտ գտնվող ծառերը թույլատրված է կտրել, մարդիկ նաեւ ավելի հեռու աճած ծառերն են կտրում` «իրենց անձնական կենցաղը հոգալու համար»: «Չեմ ուզում շատ խստացնել, քանի որ պարզ է արդեն` էստեղ մի քիչ կտրված է»,- ասաց Արմանը: Նա սպասում է, որ գարնանը պետությունը կսկսի իր տան կառուցման աշխատանքները գյուղի` իր նախընտրած վայրում: Հայտերն արդեն քաղաքապետարանում են: «Ընտրում ես որտեղ ուզում ես: Քանի որ երեխաները փոքր են, եւ մեծերը աղջիկ են, հնարավոր չի, որ առանձին ապրեն, ես ստիպված էս կողքի տունը առա. սեփականություն էր, նոր եմ գնել` մի ամիս ու կես առաջ, որպեսզի էդ բակի մեջ էդ տունը սարքեն: Իրենք համաձայն են: Ասացին. «Եթե լինի քո սեփականությունը, հողը կարելի է մի ուրիշ տեղ վերցնել այգի օգտագործելու համար, բայց տունը սարքվի էստեղ»: Որ օգտագործվի. թե չէ` անիմաստ պիտի մնար մի 15 տարի, որ երեխեքը մեծանային, տիրություն անեին»,- ասաց Արման Սրապիոնյանը:
Մեկնաբանել