Պատասխան «Հետք» շաբաթաթերթին
«Հետք» շաբաթաթերթի N 14-ում հրապարակված «Գերակա շահ. կենտրոնի բնակիչներին վտարում են՝ առանց իմանալու, թե ինչ են կառուցելու նրանց տան տարածքում» վերնագրով նյութում Հայկ Բեգլարյանի՝ ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առաջատար մասնագետի պաշտոն զբաղեցնելու եւ որպես քաղաքացիական ծառայող՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին արտահայտված մտքերի եւ մեկնաբանությունների կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ։
Չնայած «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ ՎՊ աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ, սակայն այդ պաշտոնները դեռեւս ներառված չեն քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, հետեւաբար իրավական առումով նրանք դեռեւս քաղաքացիական ծառայողներ չեն հանդիսանում։ Քանի որ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան գործընթացներն ամբողջությամբ չեն իրականացվել, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն իրավասու չէ դիմելու «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքից եւ ենթաօրենսդրական ակտերից բխող գործողությունների։ Սակայն դրանով հանդերձ, հարկ ենք համարում նշել, որ իսկապես «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի բ կետի համաձայն` քաղաքացիական ծառայողին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Դա շահերի բախման ակնհայտ դրսեւորում է, որի հայտնաբերման, կանխարգելման ուղղությամբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը եղել եւ լինելու է հետեւողական։ ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի պաշտոնները քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկվելու դեպքում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, իր իրավասության շրջանակներում, կուսումնասիրի թերթում ներկայացված իրողությունները եւ անհրաժեշտության դեպքում համարժեք քայլեր կձեռնարկի։ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյան 26.12.2009 Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Կարմեն Դավթյանից փորձեցինք պարզել, թե ինչու ՎՊ աշխատակիցների ցանկը չեն ուղարկել քաղաքացիական ծառայության խորհրդին: Վերջինս ասաց, թե իրենք ուղարկել են դեկտեմբերի վերջին տասնօրյակում, իսկ ՀՀ քաղաքացիական ծառայության մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց, թե իրենք մինչ այսօր աշխատակիցների անվանացուցակների հետ կապված որեւէ պաշտոնական գրություն չեն ստացել Վերահսկիչ պալատից: Խմբ. կողմից- Պարզվում է` Վերահսկիչ պալատը, որը պարբերաբար հանրությանն է ներկայացնում «աղմկահարույց» փաստեր, չի շտապում իր աշխատակիցներին ներառել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում: Իսկ դա նշանակում է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չի ցանկանում, որ որեւէ կառույց ստուգումներ իրականացնի իր ղեկավարած կառույցում: Հակառակ դեպքում Վերահսկիչ պալատի` օրենքով վաղուց քաղաքացիական ծառայողներ համարվող աշխատակիցները կլինեին իսկական քաղաքացիական ծառայողներ եւ բիզնեսով չէին զբաղվի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել