«Շիրակ» կենտրոնի բաց նամակը նախագահին և վարչապետին
Բաց նամակ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Գյումրիում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բնակարանաշինության սեյսմակայունության շուրջ առկա մտահոգությունների և որակի հրապարակային փորձաքննություն անցկացնելու խնդրի մասին
Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ,
2009 թվականին, երբ աղետի գոտում և հատկապես` Գյումրիում երկարատև դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք ևս կունենան ամուր, հարմարավետ և լուսավոր բնակարաններ: Սակայն դեռևս շինարարության ընթացքում գյումրեցի անօթևան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին: Եվ խոսքը ամենևին հարդարման աշխատանքների որակի մասին չէ...
Անշուշտ, կառուցվող բնակարանների ամրության վերաբերյալ անօթևանների մտահոգությունը բացատրելի է, քանզի 1988-ի երկրաշարժի հիշողությունները դեռևս թարմ են:
Մեր կազմակերպությունը 2009 թ. դեկտեմբերի 1-ից Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում մեր հանդիպումներն ու դիտարկումները ցույց տվեցին, որ նման տեղեկությունները իրոք արժանի են ուշադրության, քանզի դրանք հիմնականում տարածվում են հենց նույն «Գլենդել Հիլզի» շինարարական աշխատանքներում ընդգրկված շինարարների կողմից:
Ցավալի է նաև այն փաստը, որ մինչև օրս որևէ իրազեկ պաշտոնյայի կողմից այդ խոսակցությունները պատշաճ կերպով չեն հերքվել և հասարակությանը պարզաբանում չի տրվել առկա մտավախությունները փարատելու համար:
Ուստի դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր միջամտությունը` ստեղծելու մի փորձագիտական հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային փորձաքննություն եւ արդյունքները կհանրայնացնի: Մենք ակնկալում ենք, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում համապատասխան մասնագետներից բացի կընդգրկվեն նաև աղետի գոտում գործող ԶԼՄ, ՀԿ և անօթևան ընտանիքների ներկայացուցիչներ: Այլապես անհնար կլինի առանց այդ էլ մեծ վիշտ և զրկանքներ կրած անօթևանների մեջ փարատել վախն ու անհանգստությունը: Նման հանձնաժողովի ստեղծումը և եզրակացությունների հանրայնացումը նաև վերջ կդնեն այն տեսակետներին, թե իբր կառուցվող շենքերի կասկածելի ամրության մասին խոսակցությունները տարածվում են միտումնավոր, որպեսզի նման հասարակական կարծիքը օգտագործվի որպես հարմար առիթ` բնակարանային շինարարությունը Գյումրիում դադարեցնելու համար:
Հարգանքով`
«Շիրակ կենտրոն»
ՀԿ նախագահ Վահան Թումասյան
Գյումրի
18.01.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել