HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցի տրանսսեքսուալները` սոցիալական խտրականության զոհ

Հասարակության շրջանում, որը հրաժարվում է ընդունել տրանսսեքսուալությունը, սեռի փոփոխման վիրահատությունը դեռեւս փշոտ ճանապարհի սկիզբն է

Բլուզ եւ ջինսե տաբատ հագած, թեթեւ դիմահարդարմամբ Ինգա Իվանովային Բաքվում հանդիպելիս կթվա, թե նա սովորական 23-ամյա աղջիկ է, սակայն նրա պատմությունն այնպիսին է, որպիսին հաճախ չես լսի Ադրբեջանում: Նա տղա է եղել:

«Զգում էի ինձ ինչպես կինը տղամարդու մարմնում… Շրջապատողները խորշում էին ինձանից: Ես երբեք շատ չէի կոտրատվում, մարդկանց շոկի չէի ենթարկում, փորձում էի թաքցնել, թե ինչպիսին եմ ես, թաքցնել այն, ինչ սովորական վարքի շրջանակներից դուրս էր, սակայն միեւնույն է`ես նման չէի մյուսներին», - ասում է նա:

Դպրոցն ավարտելուց հետո, ինչպես զորակոչային տարիքի ցանկացած երիտասարդ, նա զինկոմիսարիատից տեղեկանք է ստանում եւ ներկայանում բժշկական հետազոտության: Արդյունքում` նրան ճանաչում են ոչ պիտանի ծառայության համար: Սա ավելի է մոտեցնում նրան իր նպատակին`իրենից առաջ եղած 100 ադրբեջանցիների նման, գնալ սեռի փոփոխման վիրահատության: Ադրբեջանի առողջապահական համակարգից օգնություն ստանալ նա չէր կարող, այդ պատճառով էլ սկսեց փնտրել անհրաժեշտ տեղեկատվությունը համացանցում: Այնուհետեւ առանց բժշկի վերահսկողության նա վիրահատությունից առաջ անհրաժեշտ հորմոնալ բուժում անցավ: Եւ արդեն մեկ տարի հետո “Funda” բժշկական կենտրոնում նրան վիրահատեցին` հեռացնելով արական սեռական օրգանները: Սակայն այսքանով նրա դժբախտությունները չավարտվեցին:

Ադրբեջանը ժառանգել է Խորհրդային ռեժիմի բյուրոկրատական ծանր համակարգը, եւ առանց նոր անձնագրի, որտեղ գրված կլիներ նրա նոր անունը, Ինգան չէր կարող դառնալ երկրի լիիրավ քաղաքացի: Իրադրությունը բարդանում է նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանում սեռի փոփոխման վիրահատությունների կամ տրանսսեքսուալների վերաբերյալ օրենսդրական հիմքեր չկան: Բացի այդ, բժիշկները հրաժարվում են Ինգային հոգեբանական հետազոտման ենթարկել:

«Այժմ փորձում եմ հասնել նրան, որպեսզի հոգեբանը ճիշտ ախտորոշում անի` տրանսսեքսուալիզմ, սակայն նույնիսկ սա է բարդ: Դա հազվագյուտ դեպք է, եւ չկան օրենքներ սեռի փոփոխման վիրահատությունների եւ դրանց կատարման հիմքերի վերաբերյալ, ինչպես նաեւ`այդպիսի վիրահատություն տարածների իրավունքների մասին: Անձնագրի համար, տեղեկանք ստանալուց հետո, պետք է դիմեմ դատարան», - նշում է նա: Տրանսսեքսուալիզմը որակվել է որպես հոգեկան խանգարում 20-րդ տարի սկզբին, եւ այն ժամանակվանից ի վեր Ադրբեջանում այս երեւույթի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել:

«Տրանսսեքսուալներին «նորմալ» դարձնելու բոլոր փորձերը միշտ դատապարտված են եղել անհաջողության: Նրանց «բուժման» միակ հաջող մեթոդն է` ապրել հակառակ սեռի ներկայացուցչի կյանքով, ինչպիսին եւ նրանք հոգեբանական տեսանկյունից կան», - նշում է «Funda» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ Ջամալ Ազիմզադեն: Նրա խոսքերով` Ադրբեջանում առաջին անգամ սեռի փոփոխման վիրահատություն կատարվել է 2002-ին:

«Ինձ դիմեց 26-ամյա մի երիտասարդ, ով իրեն լիովին կին էր զգում: Նրան իր սեռական օրգանները զզվանք էին ներշնչում: Վիրահատությունը կատարվել է երեք փուլով եւ բարեհաջող ավարտ է ունեցել: Այնուամենայնիվ, «նոր» երիտասարդ կինը ստիպված եղավ հեռանալ երկրից սոցիալական պատճառներով: Մեր երկրում նման վիրահատություն տարած անձինք ստիպված են ապրել իրենց հին փաստաթղթերով, ծառայել բանակում եւ բազում այլ տհաճ իրավիճակների մեջ հայտնվել փաստաթղթերի բացակայության պատճառով»:

Բացի այդ, մասնագետի խոսքերով, Ադրբեջանում տրանսսեքսուալները հաճախ ագրեսիայի եւ ատելության թիրախ են դառնում, օրինակ, երբ փորձում են աշխատանքի ընդունվել կամ երբ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերը:

«Նախքան սեռի փոփոխման վիրահատության գնալը, հիվանդը պետք է մի քանի փուլ անցնի, ներառյալ`հոգեբանի հետ զրույցը. չէ՞ որ սա շատ լուրջ քայլ է, եւ հետդարձի ճանապարհ այլեւս չի լինի», - ասում է Ազիմզադեն` հավելելով, որ որպես կանոն, հրաժարվում է լրագրողների հետ խոսել իր աշխատանքի մասին:

«Լրատվամիջոցների ներկայացուցիչները սովորաբար ցնցող նորություն են փնտրում, եւ այս խնդիրը ոչ օբյեկտիվ կերպով լուսաբանում` ապատեղեկացնելով ընթերցողներին եւ հեռուստադիտողներին եւ նպաստելով խնդրի թյուրըմբռնման խորացմանը»: Ադրբեջանում շատ քիչ կազմակերպություններ կան, որոնց կարող են դիմել տրանսսեքսուալները: Քամրան Ռզայեւը դրանցից մեկի` «Գենդերային զարգացման եւ լուսավորության միության» ղեկավարն է, ով նշում է, որ շուրջ 60 մարդ է դիմել իր կազմակերպությանն օգնության ակնկալիքով:

«Իհարկե, նրանց թիվը զգալիորեն շատ է, սակայն շատերը չգիտեն, որ իրենց ինչ-որ տեղ կարող են օգնել: Ադրբեջանում «սեռի ժխտման սինդրոմով» մարդիկ ընդհանրապես իրավունքներից զուրկ են: Այս մարդկանց նկատմամբ գործող խտրականության մակարդակը շատ բարձր է, քանի որ տրանսսեքսուալները զուրկ են աշխատելու, նորմալ հանգստի եւ նույնիսկ անվտանգության իրավունքներից: Փողոց դուրս գալիս վտանգ կա, որ նրանց ոչ միայն կծաղրեն, այլեւ ծեծի կենթարկեն», - նշում է նա:

«Բավական չէ, որ այս մարդիկ մանկությունից տառապում են` իրենց մերժված զգալով, այլեւ լիարժեք կյանքով ապրելու իրավունք չունեն: Իրենց արտաքին տեսքի եւ փաստաթղթերում գրվածի «անհամապատասխանության» պատճառով նրանք չեն կարող պատշաճ աշխատանք գտնել: Ուստի, նրանք հաճախ ստիպված են լինում մարմնավաճառությամբ փող վաստակել, ինչի հետեւանքով հասարակությունն ավելի վատ է տրամադրվում նրանց նկատմամբ: Շատերն են դիմում այս մեթոդին`վիրահատության եւ հորմոնային բուժման համար փող հավաքելու նպատակով, իսկ դա թանկ հաճույք է»: Նրա խոսքերով` կառավարությունը պետք է մի շարք օրենսդրական միջոցների դիմի, որոնք թույլ կտան տրանսսեքսուալներին նոր փաստաթղթեր ստանալ առանց նվաստանալու, ինչպես այժմ:

«Անհրաժեշտ է գենդերային ինքնության վերաբերյալ նոր օրենք ընդունել, որով կկարգավորվեր (տրանսսեքսուալների) նոր փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Այդ դեպքում տրանսսեքսուալը կկարողանա նոր անձնագիր ստանալ առանց դատական որոշման, այլ պարզապես հոգեբանական հետազոտության հիման վրա», - համոզված է նա: «Նույնիսկ իսլամական Իրանում, որտեղ միասեռականությունը դատական կարգով հետապնդվում է, գենդերային դիսֆորիայի (ներքին անհարմարության կամ անբավարարության զգացում) խնդիրներին նորմալ են վերաբերվում: Իսլամական օրենսդրության համաձայն` տրանսսեքսուալներն ընդունելի են համարվում կրոնական ուսմունքների հիման վրա», - նշում է նա:

Լեյլա Լեյսան, Բաքու

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter