Սերժ Սարգսյանը ընդունել է «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» համաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սեպտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվող «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» միջազգային համաժողովի մասնակիցների պատվիրակությանը: Համաժողովն անցկացվում է Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար համաժողովի նպատակները շատ կարևոր են ու արդիական: «Մենք այդ գործընթացը համարում ենք եվրամերձեցման հարթակներից մեկը»,-ասել է ՀՀ նախագահը և հավելել, որ Հայաստանում 2005թ.-ից սկսած բարեփոխումներ են իրականացվում բարձրագույն կրթության ոլորտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այժմ ձեռնամուխ է եղել մի գործընթացի, որի նպատակն է բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների բարելավումը, կրթության որակի, հավասարության, մատչելիության և արդյունավետության բարձրացումը: Այս գործընթացում նախագահը կարևորել է եվրոպական փորձի կիրառումը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է երկօրյա համաժողովի ընթացքն ու արդյունքները: Համաժողովին մասնակցող պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել համաժողովի կազմակերպական բարձր մակարդակի և արդյունավետ քննարկումների մասին: Նրանք կարևորել են Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում սկսված բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել ինչպես Բոլոնիայի գործընթացի շրջանակում, այնպես էլ երկկողմ ձևաչափով շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համաժողովը օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաև գործընթացի մասնակից այլ երկրների համար: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել